ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ › Պաշտոնական աղբյուրներ ›
Այսուհետ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը կտրամադրի տեղեկատվություն եւ խորհրդատվություն

ԷկոԼուր
Այսուհետ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը կտրամադրի տեղեկատվություն եւ խորհրդատվություն: Հունվարի 26-ին ՀՀ կառավարության հաստատմանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 670-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի համաձայն` 2005թ. կառավարության կողմից ստեղծված «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրի թափոնների անձնագրերի կազմման, թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ, իրականացնի լաբորատոր հետազոտություններ և անալիզներ: Նշենք, որ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ: «Հանրապետությունում թունաքիմիկատներով աղտոտվածության ներկայիս առավել մեծ ծավալների անալիտիկ հետազոտությունների իրականացումը անհնար է ֆինանսների բացակայության պատճառով, ուստի անալիտիկ լաբորատորիայի ստեղծումը ՊՈԱԿ-ի կազմում և ՊՈԱԿ-ին լաբորատոր հետազոտությունները ձեռնարկատիրական հիմունքներով իրականացնելու իրավասություն վերապահելը կապահովի վտանգավոր թափոնների վերաբերյալ ճշգրտված տվյալների ստացման և լաբորատորիայի կարողությունների պահպանման ու անալիտիկ հետազոտությունների իրականացման համար պահանջվող ծախսերը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը