ԷկոԼուր
Մշակվել է ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարությունը» փաստաթղթի նախագիծը: Այն ներկայացվեց սույն թվականի սեպտեմբերի 24-ին` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` փաստաթղթում առաջարկություններ են տրված ՀՀ նորմատիվ իրավական դաշտը բարելավելու վերաբերյալ: Առաջարկվել է նաեւ հիմնադրել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման «ազգային օպերատոր», որը կապահովի ռադիոակտիվ թափոնների միասնական և կենտրոնացված կառավարում: Համաձայն միջազգային պահանջների` մշակվել է նաեւ ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման էլեկտրոնային միասնական համակարգ:
«ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարությունը» փաստաթղթի մշակման աշխատանքները մեկնարկել են 2013թ. սեպտեմբերից ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում: Ծրագրի տևողությունը 2 տարի է:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով, 2013 թ. սեպտեմբերին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ITER-Consult կոնսորցիումի հետ համատեղ մշակել են «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարություն» փաստաթղթի նախագիծը:
Հայաստանում ռադիոակտիվ թափոնները պահվում են Արմավիրի մարզում` Մեծամորում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում: Նախկինում ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները տեղափոխվում էին Ռուսաստան, սակայն շրջափակման պատճառով երկաթուղին փակվեց, եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում:
Հիշեցնենք, որ 2010թ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատվերով Երեւանի պետական համալսարանի «Երկրաբանական հետազոտությունների կենտրոն»-ը հետազոտական աշխատանքներ սկսեց Արարատի մարզի Զանգակատուն եւ Ուրցալանջ համայնքների վարչական տարածքում, որտեղ նախատեսվում էր ռադիոակտիվ, քիմիական վտանգավոր նյութերի եւ թափոնների նոր գերեզմանոցի կառուցում: Գերեզմանոցի կառուցման համար 150 մետր խորության վրա պետք է պատրաստվեին բունկերներ՝ բոլոր թափոնների մշտական տեղադրման համար, և փորվեր 1 կիլոմետրանոց թունել: Սակայն տեղի բնակիչների եւ բնապահպանների ընդվզումից հետո հարցը փակվեց:
Լուսանկարը վերցված է www.minenergy.am կայքից:
Սեպտեմբեր 25, 2015 at 17:27