

ԷկոԼուր
Արմանիսի ոսկու հանքը շահագործող «Սագամար» ձեռնարկության նախկին տնօրինությունը կավի անվան տակ Արմանիսի դպրոցի բակում թափոններ է բեռնաթափել: Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանին Արմանիսի դպրոցի տնօրեն Արամ Մխոյանը ասել է, որ ինքը հանքի նախկին տնօրինությունից խնդրել է բակում կավ բեռնաթափել՝ երեխաների համար հարթակ կառուցելու նպատակով, սակայն չի իմացել, որ կավի փոխարեն բերել են թունավոր հանքաթափոններ: Այժմ ստիպված է սպասել նոր տնօրենին՝ դպրոցի բակը թունավոր թափոններից մաքրելու խնդրանքով դիմելու համար: Այս մասին www.aarhus.am կայքում գրում է Մանյա Մելիքջանյանը: Նա տնօրենին է ներկայացրել Հայաստանում ամերիկյան համալսարանի փորձագետների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն, թափոնները պարունակում են մկնդեղ եւ ծանր մետաղներ: Ըստ Մանյա Մելիքջանյանի` թափոնները ոչ միայն դպրոցի բակում են, այլ ճանփեզրերին, դաշտերում, փողոցներում: Երեխաները խաղում են այդ թափոնների վրա եւ բողոքում հաճախակի գլխացավերից, թուլությունից, հոգնածությունից:
Լուսանկարը` Մանյա Մելիքջանյանի
Մայիս 20, 2013 at 18:20
