Լոռու մարզի կենցաղային թափոնները չեն վերամշակվի

Լոռու մարզի կենցաղային թափոնները չեն վերամշակվի

ԷկոԼուր

Գործադիրը նոյեմբերի 23-ի նիստին հավանություն տվեց ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին, որով նախատեսվում է Լոռու մարզում կառուցել 1 տարածաշրջանային սանիտարական աղբավայր` ԵՄ չափորոշիչներին համապատասխանող: Նոր աղբավայրում կհավաքվի մարզում գոյացող աղբի 95 տոկոսը, իսկ դրա կառուցմանը զուգահեռ կփակվեն մարզում գործող բոլոր աղբավայրերը:

Ըստ հայեցակարգի` մարզի 107 համայնքներից աղբահանության ծառայություններ մատուցվում են միայն 59-ում, մնացած 48-ում գումար անգամ չի ծախսվում աղբահանության ծառայությունների վրա:

Սանիտարական աղբավայրը նախատեսվում է կառուցել Ղուրսալի և Նոր Խաչակապ համայնքների վարչական սահմաններում` 20 հեկտար տարածքի վրա: Այն ծառայելու է Վանաձոր, Սպիտակ և Դիլիջան քաղաքների, ինչպես նաև ծրագրին միանալու ցանկություն հայտնած հարակից գյուղական համայնքների կենցաղային աղբի տեղադրման համար: Աղբավայրը կառուցվելու է 25 տարվա հեռանկարով և կկարողանա ընդունել մոտ 1 միլիոն 50 հազար տոննա կենցաղային աղբ:
Հայեցակարգում ոչինչ նախատեսված չէ աղբի տեսակավորման և վերամշակման համար: «Ներկայումս նպատակահարմար չէ ԿԿԹԿ ընկերությանը ծանրաբեռնել նաև աղբի տեսակավորման կամ վերամշակման գործառույթներով: Աղբի տեսակավորմանը կամ վերամշակմանն անհրաժեշտ է անդրադառնալ այնպիսի բիզնես հավակնության պարագայում, երբ տնտեսվարող սուբյեկտը համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ կարող է մտել ԿԿԹԿ ընկերության հետ և իրականացնել աղբի տեսակավորում` պարտավորվելով սպառողներին մատուցել պատշաճ ծառայություններ», - նշված է հայեցակարգում:

Նոյեմբեր 27, 2017 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր