Գնդեվազում բնակիչները ստիպված են քայլել հոսող կոյուղաջրերի միջով և միաժամանակ «վայելել» թռչնաֆաբրիկայի թռչնաղբի գարշահոտությունը

Գնդեվազում բնակիչները ստիպված են քայլել հոսող կոյուղաջրերի միջով և միաժամանակ «վայելել» թռչնաֆաբրիկայի թռչնաղբի գարշահոտությունը

ԷկոԼուր     

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչն ահազանգ հնչեցրեց ԷկոԼուրին՝ կապված համայնքի կոյուղագծի խափանման և Գնդեվազի թռչնաֆաբրիկայի թռչնաղբի գարշահոտության հետ:

«Գյուղում կոյուղագիծը խափանվածա, տեղ-տեղ դուրսա գալիս, գնում, մարդկանց ոտքի տակով հոսում…Ֆաբրիկան էլ ամբողջ թռչնաղբը հանում, լցնումա աշխարհով մեկ», - բողոքեց Գնդեվազ համայնքի բնակիչը: Նա նշեց, որ դիմել են համայնքապետարանին նշված խնդիրների վերաբերյալ, սակայն դեռևս ոչ մի լուծում չի տրվել. «Համայնքապետն էլ է միջով գնում-գալիս, էս քանի տարի ասում են, որ մի բան կանեն, բայց խնդիրը կա ու կա»:

ԷկոԼուրի հետ զրույցում Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը հաստատեց, որ համայնքում կոյուղագծի հետ կապված խնդիր կա, բայց այն վերաբերում է մեկ թաղամասի: «Մեկ թաղամասում մի հատված կա, բաց գալիս է ու նորից լցվում խողովակների մեջ: Չենք վերանորոգել, որովհետև այս տարի միջոցներ չունենք դրա համար հատկացված, հաջորդ տարի գարնանը կանենք», - ասաց Հայրապետ Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է Գնդեվազի թռչնաֆաբրիկայից առաջացող թռչնաղբի գարշահոտությանը, Գնդեվազի համայնքապետը նշեց, որ համայնքում հատկացված տարածք կա, որտեղ էլ հորում են թռչնաղբը: Գարշահոտությունն առաջանում է այն ժամանակ, երբ թռչնաղբը դատարկում են այդ տարածքում:  «Տարածք ունենք իրենց հատկացված, էնտեղ հորում են: Երբ տանում, դատարկում են, հոտը քամիների հետ փչում, գալիս է դեպի համայնք: Ոնց մտածել ենք, այդ հարցը չենք կարող լուծել, դա բնական բան է», - ասաց Հայրապետ Մկրտչյանը:

Բաց է մնում հարցը, թե արդյոք նորմալ է, որ Գնդեվազում տիրող հակասանիտարական եւ հակաէկոլոգիական վիճակը լուծում չստանա, եւ որ չկա որեւէ մեկը, ով պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար: Թե ինչ են այս դեպքում անում տեսչական մարմինները, նույնպես հասկանալի չէ: Ամեն դեպքում մենք այս ահազանգը համարում ենք ոչ միայն Գնդեվազինը, այլ ԷկոԼուրինը:

Հոկտեմբեր 08, 2015 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր