

ԷկոԼուր
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության մասին հաղորդւմ է ներկայացրել:
«2012 թվականի նոյեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում տեղի ունեցան հանրային լսումներ «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի թափոնները տեղադրելու համար երրորդ պոչամբարի կառուցման վերաբերյալ:
Այս ընկերությունը 2006 թվականից շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքը և Բնապահպանության նախարարությանը ներկայացրել է երրորդ պոչամբար կառուցելու նախագիծ: Հանքավայրի շահագործման՝ հաստատված նախագծում պոչանքի պարունակության մասին նշված է, որ պոչերի կազմում մտնում են հետեւյալ միացությունները` SiO2 – 46,23%; AL2O3 – 10,81%; MgO – 5,17% ; TiO2 – 0,82 %; CaO – 6,41%; MnO – 0,15%; Fe2O3 – 6,4%; FeO -3,62%; ՇԿ-12,71%: Մինչդեռ նոր պոչամբարի կառուցման նախագծում ոչ մի խոսք չկա վերը նշված ծանր մետաղների մասին: Ավելին, արդեն իսկ առկա երկու պոչամբարներում ծանր մետաղների պարունակությունը հրապարակավ հերքում են «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը և Լեռնամետալուրգիայի ինտսիտուտի բնապահպանական բաժնի վարիչ Հովհաննես Նիկողոսյանը նոյեմների 7-ին, «Սիվիլնեթ» ինտերնետային ալիքի տեսանյութում
(http://goo.gl/Dh5uU ):
Պոչամբարի նախագծի նոյեմբերի 27-ի հանրային լսումներին «Մեգո Գոլդ» ընկերության տնօրենն այդպես էլ չի ներկայացնում պոչանքի կազմում գտնվող տարրերը: Որպեսզի խուսափենք տվյալ նախագծի նկատմամբ կասկածներից, անհրաժեշտ է, որպեսզի նախագծող կազմակերպությունը ներկայացնի, թե ի՞նչ մեթոդիկայով է իրականացրել նախագծային աշխատանքները, ներկայացնի փորձարարական տվյալները, արդյունքները: Եթե կազմակերպության մասնագետներն օգտվել են առկա գիտական հրապարակումներից, ապա պետք է ներկայացնեն ստույգ աղբյուր, թե որտեղ են այդ տվյալները հրապարակվել:
Հենվելով գիտական աշխատություններում նշյալ հանքավայրի վերաբերյալ տեղեկությունների վրա (Շ. Խաչատրյանի «Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները», Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 3, 2010) և ցանկություն ունենալով պարզել ճշմարտությունը՝ ինքս նախաձեռնել եմ վերցրել առկա պոչամբարից և պատահական ընտրանքով Մելիք գյուղի բնակիչների տնամերձ հողամասերից հողի և պոչանքի նմուշներ և հանձնել լաբորատոր քննության:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատոր քննության արդյունքները հավաստում են, որ պոչանքը պարունակում է «Մեգո Գոլդ» ընկերության կողմից չնշված բազմաթիվ ծանր մետաղներ, այդ թվում` արսենիում (մկնդեղ), կադմիում և կապար: Գյուղացիների տնամերձ հողամասերի նմուշներից մի քանիսում հայտնաբերվել են օրենքով թույլատրելի խտությունները գերազանցող մի շարք տարրեր` մասնավորապես քրոմ և ցինկ: Սա հուշում է տարածքում ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մատնացույց անում հանքարդյունաբերող ընկերության հանցավոր անպատասխանատվությունն առ այն, որ իր գործունեության մասին տեղեկությունները ոչ ամբողջական են:
Ներկայացված տվյալները կասկած են հարուցում, որ ընկերության ներկայացուցիչները և Լեռնամետալուրգիայի ինստիտուտի մասնագետները հանրությանը դիտավորյալ մոլորության մեջ են գցում՝ թաքցնելով պոչամբարում տեղադրվելիք թափոնների պարունակությունը և դրանց ազդեցությունը համայնքի և ամբողջ մարզի բնակչության առողջության վրա: Վերը նշված տվյալները վկայում են նաև հանքավայրի շահագործման ընթացքում հաստատված նախագծից էական շեղումների մասին, որոնք կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ և 284-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Այս ծավալի խախտումների պայմաններում անհասկանալի է, թե ինչու 2006 թվականից ի վեր բնապահպանական տեսչությունը որևէ ստուգում չի իրականացրել խախտումները վեր հանելու և համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:
Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ՝
- քրեական վարույթի շրջանակներում իրականացնել հետաքննություն, պարզելու համար նոր պոչամբարի կառուցման նախագծում ներկայացվող տեղեկատվության իսկությունը և, դիտավորությամբ հանրությանը մոլորեցնելու պարագայում պարզել ընկերության ներկայացուցիչների և Լեռնամետալուրգիայի ինստիտուտի մասնագետների արարքում քրեական հանցագործության հատկանիշների առկայությունը;
- քրեական վարույթի շրջանակներում ուսումնասիրել առկա 2 պոչամբարներում և Մելիքգյուղ համայնքի բնակիչներին պատկանող հողատարածքներում հաստատված նախագծում չներկայացված ծանր մետաղների և այլ թունավոր նյութերի առկայությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզել, թե Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում հաստատված նախագծից ի՞նչ ծավալի շեղումներ են եղել և արդյո՞ք դրանք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ և 284-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ;
- գնահատել հաստատված նախագծի խախտման հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը և պետական շահերի պաշտպանության քաղաքացիական հայց ներկայացնել դատարան»,- գրված է նամակում:
Մարտ 12, 2013 at 14:21
