«Let's Do It!» եւ «Հայաստանն առանց աղբի»` սրանք կարգախոսներ են, որոնց պետք է հետեւել

«Let's Do It!» եւ «Հայաստանն առանց աղբի»` սրանք կարգախոսներ են, որոնց պետք է հետեւել

ԷկոԼուր

«Հայաստանն առանց աղբի» կարգախոսով  «Let's Do It!» համաշխարհային շարժումը («Մենք կարող ենք») պատրաստվում է խոշոր ակցիայի: Հայաստանում շարժման շրջանակներում աշխատում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: Սեպտեմբերի 15-ին Հայաստանում կիրականացվի «Հայաստանն առանց աղբի» համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:

«Այս աղբահավաքը տարբերվելու է մնացած աղբահավաքներից նրանով, որ մենք փորձելու ենք աղբը տեսակավորելով հավաքել: Սեմինարներ, տարբեր միջոցառումներ ենք անում, որպեսզի ներկայացնենք այդ աղբի տեսակավորման գաղափարը, եւ տեսակավորված աղբը փորձելու ենք հանձնել վերամշակող կազմակերպություններին: Առաջնահերթություն տրվելու է անտառային գոտիներին,  գետերի շրջակայքերին, պատմամշակութային  վայրերին և կոթողներին»,- ասաց Արսեն Գասպարյանը` նշելով, որ բացի աղբահանությունից պետական մարմինների ուշադրությունն են հրավիրելու այս խնդրի վրա, որպեսզի վերացվեն ապօրինի աղբավայրերը, համայնքներում պատշաճ աղբահանություն իրականացվի եւ տեղադրվեն աղբամաններ:

«Let's Do It!» համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը: Էստոնացի մի խումբ երիտասարդներ ընդամենը 6 ամսվա ընթացքում համախմբել են ավելի քան

50 000 կամավորների, ովքեր 1 օրվա ընթացքում Էստոնիայի ողջ տարածքում մաքրել են ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբ: «Այդ միջոցառմանը մասնակցում էր թե երկրի նախագահը, թե բանակը, թե պետական, թե հասարակական սեկտորը: Միջոցառումը օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար: 2011թ. մենք նկատեցինք, որ նրանք ցանկանում են ամբողջ աշխարհով նման միջոցառում կազմակերպել: Դիմեցինք եւ առաջարկեցինք Հայաստանում փորձել համախմբել բոլորին, որպեսզի մեր երկրում էլ դա իրականացնենք»,- նշեց Արսեն Գասպարյանը:

Միջոցառման կազմակերպման եւ իրազեկման համար բացվել է www.letsdoit.am կայքը եւ համանուն ֆեյսբուքյան խումբը` https://www.facebook.com/groups/letsdoitarmenia/: www.letsdoit.am կայքում քարտեզագրվում են Հայաստանի աղտոտված վայրերը, եւ ցանկացած ոք կարող է քարտեզի վրա տեղադրել իր լուսանկարած աղտոտ վայրը, նշելով տեղը, ինչպես նաեւ կարող է գրանցվել որպես կամավոր` մասնակցելու համահայկական աղբահանությանը: Ներկայումս  այս շարժմանը Հայաստանում միացել են ավելի քան 30 հասարակական, միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

17:32 Մայիս 23, 2012


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news