ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 1-ին Աստղաձոր համայնքում բնակչության հետ անցկացրեց հանրային քննարկում՝ համայնքում մի շարք հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման առաջնահերթությունները որոշելու նպատակով:
«Հրատապ ծրագրերի իրականացման առաջնահերթությունները որոշելու համար ես կարևորում եմ գյուղի հանրության կարծիքը, որը ցանկալի է լսել ոչ թե աշխատասենյակում, այլ տվյալ համայնքում: Հիմա մեր պետությունն այն վիճակում չէ, որ կարողանա միանգամից լուծում տալ տարիների ընթացքում կուտակված բոլոր հիմնախնդիրներին, սակայն դրանց մի մասի կարգավորման համար ունի որոշակի հնարավորություններ», - Գնել Սանոսյանի խոսքերն է մեջբերում մարզպետարանի պաշտոնական կայքը:
Համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ Աստղաձորի բնակչության համար կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: Սակայն ելնելով տեղական բյուջեի միջոցների ու կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հնարավորություններից հրատապ է համարվում երեք խնդիր՝ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի կիսատ մնացած հատվածի ասֆալտապատումը՝ ջրահեռացման համակարգի եւ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցմամբ, գյուղի Ներքին թաղամասում խմելու ջրի խորքային հորի և ջրատարի ներքին ցանցի կառուցումը և կոմբայնի ձեռքբերումը: Բնակիչները ևս առաջնահերթ համարեցին բարձրացված երեք խնդիրները:
«Միանշանակ է, որ առաջին ընդունվող ծրագիրը կլինի Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը, որտեղ միանգամից կիրականացվի նաեւ խմելու ջրատարի ներքին ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցումը», - նշել է Գնել Սանոսյանը:
Բնակիչները բարձրացրել են ոռոգման ջրի մատակարարման համակարգի հզորացման խնդիրը:
«Աստղաձորի ոռոգման համակարգի հզորացման ծրագիրը պահանջում է լուրջ միջոցներ, որոնք այս պահին չունենք: Հարցը կարող է արմատապես կարգավորվել Աստղաձորի ջրամբարի կառուցմամբ, որի իրականացման ծրագիրը տեղ է գտել կառավարության կողմից կառուցման ենթակա 22 փոքր ու մեծ ջրամբարների ցանկում: Ընդ որում, ջրամբարի կառուցման մեջ կարող են ներգրավվել նաեւ մասնավոր ներդրումներ: Այս տարի «Գեղարքունիք» ՋՕԸ-ի հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ոռոգման շրջանն Աստղաձորում ընթանա առանց խնդիրների ու դժգոհությունների, մինչեւ որ կգտնենք հարցի լուծման բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել է Գնել Սանոսյանը:
Նշենք, որ Աստղաձորի ոռոգման ջրի խնդիրը սրացել է 2016 թ-ին, երբ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսավորմամբ իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» շրջանակներում Աստղաձոր գետավազանի ջրերը հատկացվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղին:
2018 թ-ի սեպտեմբերին ԷկոԼուրը համայնքի 40 բնակչի բողոքը ուղարկեց ՀՀ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ընդունեց համայնքի բողոքը: Իսկ 2018 թ-ի նոյեմբերին համայնքի բնակիչները 32 ստորագրությամբ դիմում-նամակ ուղարկեցին Հ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու խնդրանքով:
Համայնքի բնակիչները նշում են, որ խմելու և ոռոգման համար օգտագործում են ուրանային հանքերևակումների հետազոտությունների համար նախկինում խփած հորերի ջրերը, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար:
Մարտ 04, 2019 at 18:48