Պատգամավորը փոփոխություն է կատարել Սևանից լրացուցիչ ջրառը բացառող օրինագծում

Պատգամավորը փոփոխություն է կատարել Սևանից լրացուցիչ ջրառը բացառող օրինագծում

armenpress.am

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փոփոխություն է կատարել առաջին ընթերցմամբ ընդունված և իր հեղինակած օրենքի նախագծում, որով առաջարկում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավելի ջրառի հնարավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնեց, որ փոփոխությունը նպատակ ունի սահմանել միայն մեկ դեպք, երբ կառավարությունը կկարողանա սահմանված չափից ավելի ջրառ իրականացնել:

«Ես երկար քննարկումներից հետո փոփոխություն եմ մտցրել նախագծում՝ նշելով, որ, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, իսկ երաշտի հայտարարման համար կան նախապայմաններ, որոնք պետք է բավարարվեն, այդ դեպքում կառավարությունն իրավունք կունենա դիմել Ազգային ժողովին՝ լրացուցիչ ջրառ իրականացնելու համար: Մնացած բոլոր դեպքերում այդ իրավունքը չի ունենա»,- ասաց Կարապետյանը:

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է բացառել Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացավ 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ:

18:02 Նոյեմբեր 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news