Տեղի բնակչությունը փոքր ՀԷԿ-երի մասին` համայնքներ Արագած եւ Վարդենուտ

Տեղի բնակչությունը փոքր ՀԷԿ-երի մասին` համայնքներ Արագած եւ Վարդենուտ

ԷկոԼուր

ԷկոԼուրը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության  նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացնում է ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների կարծիքները ՓՀԷԿ-երի գործունեության վերաբեյալ:

Ներկայացնում ենք ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող Արագածոտնի մարզի Արագած եւ Վարդենուտ համայնքների բնակիչների կարծիքը.

Արագած համայնքի բնակիչ.

-Ոռոգման ջուրը գալիս է Արագածի հենց 4 գագաթի կենտրոնից: Այն ժամանակ, որ ՀԷԿ-երը չկային, մոտ 10-15 կմ ջուրը գալիս էր: ՀԷԿ-երը որ արդեն խողովակների մեջ մտցրեցին, ինքը ֆիլտրացում չունի: Ջուրը առաջ ինքնամաքրվում էր մինչև հասնում էր դեպի մեզ, դեպի բնակավայրեր, մաքրվում էր: Ոռոգման տեղերը արդեն մաքուր ջուր էր հասնում, մենք մինչև անգամ խմում էինք այդ ջրից: Իսկ հիմա արդեն, որ խողովակները բերել, հասցրել են համարյա թե գյուղի գլուխը…էս մի քանի օր առաջ  ՀԷԿ-երի խողովակները ծակվել էին, տարին 2 անգամ ծակվումա, թաթիկները չեն դիմանում, մանավանդ ամենավերևի ՀԷԿ-ի թաթիկները չեն դիմանում: Մի ամիս առաջ պետք է գայիք, որ ջրերը դեռ էսքան հեղեղված չէին, այն ժամանակ կտեսնեիք՝ ժանգաջուրը մինչև որտեղ է գնացել: Իջել է ժանգաջուրը համարյա թե մինչև հարևան գյուղը: Մինչև դա չկար: Մեր գյուղում մինչև ամենավերևի ՀԷԿ-ի տակը կարմրախայտ կար, գորտերը չկան հիմա, որ գորտերն էին մաքրում այդ ջրերը շատը: Էս նույն ոռոգման ջրերից կապում են խմելու ջրի մեջ, ֆիլտրացվումա, նորա բարձրացվում, մենք խմում ենք: Մեր պապերը էս ջրի համար են էստեղ նստել, ձմեռը էստեղ ահավոր է: …Ամռանը ջուրը կտրում են, իրանք կարող է մի 4-5 ժամ պահեստավորեն 35.000 կիլովատ հոսանք ստանալու համար, էտ 4-5 ժամը մեր համար մեծ նշանակություն ունի…:

Վարդենուտ համայնքի բնակիչ.

-Ջուրը չի բավարարում գյուղին, մենք գետից ենք օգտվում` Արագած գետից, որի վրա ՀԷԿ-ը դրած է: Միացնում են աղբյուրի ջրին, որ հերիք անի: Ջուրը էնքան քիչ է, որ գյուղը կես մասի է բաժանում՝ ժամը 9-ից 10-ը մի թաղ է իջնում ջուրը, 10-ից 5-ը` ուրիշ: Էդ հաստ խողովակներով որ բերել են մի քանի կիլոմետր վերևից, փակում են դրա դեմը, որ թողեն տուրբինը աշխատի, դրա մեջն էլ ժանգոտումա: Որ բաց են թողնում, լրիվ ժանգաջուրը գալիս է, ոնց որ ֆանտայի նման ջուր: Խմելու ջուր է, բայց մենք չենք խմում: Սաղ ձմեռ մարդիկ գնում, ավտոներով ուրիշ գյուղերից են բերում ջուր, մարդ կա մեքենա չունի, ստիպված խմում է…ի՞նչ անի: 

ԷկոԼուր.

-  Բայց այս դեպքում Դուք պետք է հիվանդության աճ ունենաք:

Վարդենուտի բնակիչ.

-Գնացեք, տեսեք` ովա առողջ:



16:12 Հուլիս 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news