Մարտի 19-ի դեպքերից հետո «Գահա Էներջի»-ն որոշեց դադարեցնել Արագածոտնի մարզում տարվող շինաշխատանքները

Մարտի 19-ի դեպքերից հետո «Գահա Էներջի»-ն որոշեց դադարեցնել Արագածոտնի մարզում տարվող շինաշխատանքները

 ԷկոԼուր

«Գահա Էներջի»  ՍՊԸ-ն դադարեցնում է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում բոլոր տեսակի շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ընկերությունը:

Ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու:

Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ: «ԳԱՀԱ Էներջի» պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ»:

Նշենք, որ «Գահա էներջի» ընկերությունը նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա եւ շինտեխնիկա է բերել նախատեսված տարածք՝ ասելով, թե վերակառուցում են ջրանցքը։ Սակայն Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում: Բնակիչները համոզված են, որ ՓՀԷԿ-ի կառուցումից հետո իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար։

Ընկերության հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ՝ մարտի 19-ին, Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչները փակել էին Ապարան-Երեւան ավտոճանապարհը՝ բողոքելով ՓՀԷԿ-ի կառուցման դեմ, պահանջելով վերջնականապես դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարությունը իրենց ոռոգման համակարգի՝ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա:

Հիշենք, թե ինչպես զարգացան իրադարձությունները մարտի 19-ին։

Գյուղացիները եւ ակտիվիստները առավոտից փակել էին Ապարան-Երեւան ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը փորձում էր համոզել բնակիչներին, որ, նախ ՓՀԷԿ չի կառուցվում, երկրորդն էլ, եթե կառուցվի, իրենց ոչ մի վնաս չի հասցվելու. «Անհնար է, որ գյուղացուց մի լիտր ջուր պակասի»,- կրկնում էր Սարգիս Սահակյանը` ի պատասխան գյուղացիների բոլոր հարցերի: Մարզպետի այս պատասխանն ավելի էր մեծացնում գյուղացիների դժգոհությունը. «Էլ էդ բանը չասես, հերիք եղավ, ու՞մ էս խաբում»,- ասում էին վրդովված բնակիչները:

Երբ մարզպետին չհաջողվեց համոզել և հեռացնել բնակիչներին մայրուղուց, դեպքի վայրում հայտնվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ և կարմիր բերետավորներ: «Ի՞նչ ենք արել, որ էսքան միլիցա են բերել, լցրել էստեղ, հանցագո՞րծ ենք, ի՞նչ ենք»,- բողոքում էին գյուղացիները,- տենց լավ չի, Ադրբեջանից զորք բերեք, սրանք կարողա խնայեն մեզ»:

Որքան էլ ոստիկանները հրահանգում էին բացել ճանապարհը, բնակիչները մեկ մարդու նման կրկնում էին. «Մենք պահանջում ենք փոխվարչապետին, մենք լսել ենք, որ դա իրենն է, մինչև Արմեն Գևորգյանը չգա, չենք բացելու»:

Կարճ ժամանակ անց  Կարբիի համայնքապետը հայտարարեց, որ Արմեն Գևորգյանը գալիս է, և ոստիկանների միջամտությամբ բնակիչները համաձայնեցին բացել ճանապարհը: Սակայն երբ տղամարդիկ դուրս եկան մայրուղուց, ճանապարհը փակեցին կանայք. «Մենք էլ ենք պայքարելու, Էս այգիներով ենք ապրում, սա է մեր միակ եկամուտը, հանեք էդ խողովակները մեր այգիներից»,- ասում էին Օհանավանի կանայք: Լսելով, որ փոխվարչապետը գալիս է, նրանք զիջեցին՝ զգուշացնելով, որ եթե իրենց պահանջը չկատարվի, բոլոր գյուղերի կանայք են միանալու իրենց:

Երբ կանայք բացեցին մայրուղին, մեքենաների դիմաց կանգնեցին ակտիվիստները: Սկսվեց բախում ոստիկանների, ակտիվիստների և քաղաքացիական հագուստով անհայտ մարդկանց միջև: Վերջիններս փորձեցին գյուղացիներին տրամադրել ակտիվիստների դեմ. «Չհավատաք, ձեր համար չեն անում»: «Մեր և ձեր չկա, բոլորս նույն ենք»,- պատասխանեցին ակտիվիստները:

Ժամանեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Բնակիչները պահանջեցին փոխվարչապետից բոլորի առջև հայտարարել, որ ՓՀԷԿ չի կառուցվելու: «Մեր պահանջը մեկն է՝ բոլորի առջև հայտարարեք, որ ՓՀԷԿ չի կառուցվելու, և այս ամենը կվերջանա, մենք էլ ձեզ կմեծարենք, հակառակ դեպքում կլինի հակառակը»,- ասացին գյուղացիները:

«Դուք գիտեք, որ ամսի 4-ին ձեր համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո, ձեր միջնորդություններից հետո ստեղծվել է հանձնաժողով, որն արդեն մի շաբաթից ավելի աշխատում է։ Հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքները ներկայացնելու է առաջիկա 2-3 օրերի ընթացքում։ Երբ որ կքննարկվի, ես անձամբ կգամ համայնք եւ ձեզ կհայտարարեմ՝ լինելու է, թե չի լինելու։ Այս պահի դրությամբ միակ բանը, որ կարող եմ ձեզ 100 տոկոս վստահեցնել, որ մինչեւ վերջնական որոշում կայացնելը որեւէ շինարարական աշխատանք չի լինելու»,- ասաց Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետը գյուղացիներին խոստացավ ուրբաթ օրը` մարտի 21-ին, ժամը 17։00-ին, վերջնական պատասխան տալ՝ կառուցվելու է ՓՀԷԿ-ը, թե` ոչ:

Օհանավանի մարտի 19 -ի դեպքերը դիտեք ԷկոԼուրի տեսանյութում:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։  



Մարտ 20, 2014 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր