ԷկոԼուր
Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը և անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով ընդերքօգտագործողները յուրաքանչյուր ամիս կիրականացնեն գետի հունի վիճակի և կայունության մշտադիտարկումներ: ՀՀ կառավարությունը ընդունեց այս որոշումն սույն թվականի դեկտեմբերի 4-ին` փոփոխություններ կատարելով 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման մեջ: Որոշման համաձայն` մշտադիտարկումների արդյունքներն ընդերքօգտագործողները կներկայացնեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարություններ և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 5-ը:
Հիշեցնենք, որ մասնագետները բազմիցս ահազանգել են, որ Արաքսի ափերից այնքան ավազ է հանվում, որ գետի հունը փոխվում է՝ նեղացնելով առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը:
ՀՀ էներգետիկայի եւ բնականապաշարների նախարարության «01. 10.2014 թ. դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին տեղեկատվության» համաձայն`Ընդերքօգտագործման իրավունք ունեն` «Լցոն» ՍՊԸ-ն Արաքսի Ավազ հանքավայրում, «ԴԼՍ Գրուպ» ՍՊԸ-ն /նախկին «Գետն Գրուպ» ՓԲԸ-ն Արաքսի ավազանի Գետափի ԱԿԽ հանքավայրում, «Արաքսի ավազան» ՍՊԸ-ն` Գոռի ավազ հանքավայրում, «Մեծն Հովնան» ՍՊԸ-ն Արաքսավանի ԱԿԽ /Մեծն Հովնան տեղ./ հանքավայրում:
Լուսանկարը վերցված է www.hetq.am կայքից:
Դեկտեմբեր 05, 2014 at 17:10