

ԷկոԼուր
«Այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանում առկա են բավականին ջրային պաշարներ, եւ թեեւ առայժմ դրանք ամբողջովին չեն օգտագործվում, այդուհանդերձ, ակնհայտ առաջընթաց կա կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ:…»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդարանականներին հանդիպել է նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Խոսելով կատարվելիք եւ կատրված աշխատանքների մասին` նա ասել է, որ գալիք տարիներին Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման հարցերը, եւ որ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի ենթակառուցվածքների, համայնքներում խմելու ջրի ցանցի վերականգնման ուղղությամբ:
Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է 2000թ. «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ: Խորհրդարանի կազմում ընդգրկված Եվրոպայի 25 երկիր ներկայացնող երիտասարդներ ջրային հիմնախնդիրներին նվիրված ուսումնասիրություններ են կատարում եւ իրենց եզրակացությունները ներկայացնում ազգային խորհրդարաններին, կառավարություններին եւ պատկան մարմիններին: Հայաստանը նույնպես անդամ երկիր է: Այս տարի Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանն իր աշխատանքները Հայաստանում անցկացրեց մայիսի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները:
Լուսանկարը` www.parliament.am կայքի
Մայիս 21, 2013 at 16:01
