ԷկոԼուրը պահանջում է անցկացնել «Կոշ» ՓՀԷԿ-ի նոր հասարակական լսումներ

ԷկոԼուրը պահանջում է անցկացնել  «Կոշ» ՓՀԷԿ-ի նոր հասարակական լսումներ

ԷկոԼուր

ԷկոԼուրը «Կոշ» փոքր ՀԷԿ-ի հարցով նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` պահանջելով կազմակերպել նոր հասարակական լսումներ: Պատճառը` նախագիծը ազդում է երեք համայնքների վրա, իսկ նախագծում նշված է միայն մեկ ազդակիր համայնք: ՀՀ ԲՆ նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ ԲՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանին ուղղված նամակում նշված է.

«ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ» ՍՊ ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Կոշ»  փոքր ՀԷԿ-ի նախագիծը:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում  տեղի ունեցան «Կոշ» ՓՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ հասարակական լսումները: ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Արզնի-Շամիրամ ջրանցքի Կոշ ճյուղի արագահոսի վրա:

Ընկերության կողմից կազմակերպված հասարակական լսումները եղել են թերի: Ջրանցքից ոռոգման ջուր են ստանում երեք համայնք՝ Կոշը, Արագածոտնը եւ Նոր Եդեսիան: Սակայն միայն Կոշ համայնքն է ճանարված ազդակիր համայնք:

Համայքները ազդակիր ճանաչելու լիազորությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախարարությանը, սակայն Նախարարության փորձագետ Հերքինազ Մկրտչյանը նշեց, որ տեղյակ չի եղել,  որ,  բացի Կոշից, եւս երկու համայնք  օգտվում է այդ ջրատարից, քանի որ այդ մասին նշված չի եղել նախագծում: Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքների ղեկավարները ԷկոԼուրի հետ զրույցի ժամանակ հայտնեցին իրենց անհանգստությունը:

Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյան.

-Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել: Իմ համայնքի բնակիչների համար կարևոր է, որպեսզի մենք չունենանք ջրի տատանումներ…:  

Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյան. 

-Ո՞վ ասաց մեզ՝ մենք էլ չեկանք (հասարակական լսումներին) … Այս  տարի մեզ ջուր են տվել ապրիլի վերջին, իսկ հոկտեմբերի 28-ին արդեն կտրել են: Մարդիկ աշնանացան էին արել, բայց այդպես էլ մնաց առանց ջրի: Հուսանք, որ այդ մարդկանց ազդեցությամբ, նախագծից հետո, գոնե մի ամիս ավել ջուր կստանանք:

«Կոշ» ՓՀԷԿ-ի «Բնապահպանական հիմնավորում» փաստաթղթից հետեւում է, որ արագահոսից ոռոգման համար թողնում են առավելագույնը 0.37մ3/վրկ ջուր: Մինչդեռ ոռոգման համակարգերի ջրապահանջարկի բավարարման նպատակներով ապրիլ-նոյեմբեր ամիսներին ջրանցքի Կոշ ճյուղի արագահոսով տրվում է առավելագույնը  2.32մ3/վրկ ոռոգման    ջուր: ՓՀԷԿ-ի էներգետիկ օգտագործվող հոսքը կազմելու է  24.78մլն.մ3:

Հաշվի առնելով վերոնշյալը` ԷկոԼուրի  աշխատանքային  խումբը կարծում է,  որ ՓՀԷԿ-ի նախագիծը պետք է փոփոխվի և լրացվի հետևյալ կետերով. 

  • Արագածոտն և Նոր Եդեսիա համայնքները պետք է ճանաչվեն «Կոշ» ՓՀԷԿ-ի նախագծի ազդակիր համայնքներ,
  • Երեք համայնքների մասնակացությամբ պետք է կազմակերպվեն «Կոշ» ՓՀԷԿ-ի նոր հասարական լսումներ,
  • «Կոշ» ՓՀԷԿ-ի  նախագծում պետք է ներկայացված լինի ՓՀԷԿ-ի շահագործումից հետո երեք համայնքների համար սահմանված ոռոգման ջրի հստակ քանակությունը, այլ ոչ թե միայն նշված լինի բնապահպանական թողքը: Քանի որ չի բացառվում, որ հիմանական ջուրը կգնա նոր կառուցված խողովակով եւ համայնքների համար  ոռոգման ջուր չի մնա:
  • Նոր նախագիծը պետք է տեղադրվի ՀՀ բնապահպանության նախարարության կայքում ոչ ուշ քան  լսումներից մեկ շաբաթ առաջ»:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։ 

Դեկտեմբեր 18, 2013 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր