«Ո՞վ է ում ձեռքը կրակն ընկել՝ մենք կառավարությա՞ն, կառավարությունը Սևանի՞, թե՞ Սևանը մեր» (Լուսանկարներ)

«Ո՞վ է ում ձեռքը կրակն ընկել՝ մենք կառավարությա՞ն, կառավարությունը Սևանի՞, թե՞ Սևանը մեր» (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Քաղաքացի Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հաղորդագրություն և նկարներ՝ կապված Սևանա լճից մեծ քանակությամբ բաց թողնված ջրով գյուղացիների տների ողողման և գյուղմթերքի ոչնչացման հետ:

«Վաղուց հայտնի է, որ անկախ քաղաքական ռեժիմից գրեթե բոլոր երկրներում, մեծ առումով, հասարակ քաղաքացին ընդամենը հարկատու է իշխանությունների համար: 
Տխրահռչակ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որը գյուղատնտեսության զարգացման համար ընտրել էր «Դեմքով դեպի գյուղացին» ռազմավարական գիծը, առաջին հայացքից մեծացրեց նրա քաղաքական հեղինակությունը: Բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում՝ գյուղացուն ավելի շուտ ծնկի բերելու քայլ էր, որը քողարկված էր «զարգացում» գեղեցիկ ու խոստումնալից բառի տակ՝ դեմքով դեպի փոքր ու միջին բիզնես, դեմքով դեպի կրթություն, դեմքով դեպի բնապահպանություն, հետո նաև՝ գյուղատնտեսություն: Դժբախտությունը սակայն դա չէ, այլ այն, որ դեմքով դեպի գյուղացին է դիրքավորված նաև Հովիկ Աբրահամյանի «որակապես նոր» կառավարությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մանրամասնեմ. արմատներով հրազդանցի եմ, և այն, ինչ հայրենի կառավարությունը որոշեց ու կատարեց կիրակի օրը Հրազդանում, դուրս է մարդկային երևակայությունից: Նախ, շաբաթ օրը՝ ժամը 18.30-ի կողմերը, ՋԻՊԵՐՈՎ ՏՂԵՔԸ եկել են և ի լուր բոլորի հայտարարել, որ Սևանից փոքր քանակությամբ ջուր են բաց թողնում՝ իբր Արարատյան դաշտ տանելու և շոգից պապանձված հողերին ջուր հասցնելու նպատակով: Իրոք, հումանիստական մեծ քայլ, որը նաև զարմանք էր առաջացրել: Սակայն դրան հաջորդած իրադարձությունները հոլիվուդյան ֆիլմ էին հիշեցնում...Սևանից բաց թողնված հսկայական քանակությամբ ջուրը ողեղել է և նույն թափով շարունակում է հեղեղել պատմական Հրազդան գետի հունի մոտ գտնվող տները, անասնագոմերը, հողերը, ամբարները, հորերը՝ վայրկյանների ընթացքում սրբելով, քանդելով և զրոյացնելով գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը, եկամուտը, հույսը... 
911 զանգերը, ԱԻՆ-ի աշխատակիցների ներկայությունը, էլի ինչ-ինչ լուրջ մարդիկ այդպես էլ չկարողացան կապ հաստատել համապատասխան մարմնի աշխատակցի հետ, որ գոնե փոքր ինչ նվազեցնեն ջրի քանակը....ի վերջո, նույն խորանարդ մետր ջուրը կարելի է տեղ հասցնել 3 օրում՝ առանց վնասելու շատ համայքներ: Բայց ոչ, սա Հայաստանն է, այստեղ մենք տանն ենք, դա պիտի կատարվեր 1 օրում՝ ավերելով և բառի բուն իմաստով քանդելով մարդկանց տները: ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի այնքան է քաղաքականապես հասունացել, որ հստակ պատկերացնում է, թե ում էր պետք ջուրը, ում ձկնաբուծարանները պիտի լցվեին, ինչու հենց կիրակի օրով....Նախ, ոչ մի հասարակական, իրավական և նույնիսկ բարոյական նորմ չի կարող արդարացնել մի համայնքի ողջ տարվա բերքի ոչնչացման գնով ջուր հասցնել մյուս համայնքին: Երկրորդը՝ բոլորիս քաջ հայտնի է, թե ում և ինչի համար է պետք այդ քանակությամբ ջուր բաց թողնել սեփական բիզնեսը ընդարձակելու, անգամ Սևանը ցամաքեցնելու հաշվին: Երրորդ՝ մինչ բոլորը լուրջ դեմքերով քննարկում են նախագահի՝ գրողի ծոցը գնալու գործընթացի մասնակիցների մանրամասները, այստեղ տնավարի Լիսկան մարզպետ է դառնում, Սևանը ցամաքեցվում, համայքները ողողվում են ջրով...այսինքն՝ մենք ենք մանրից գնում գրողի ծոցը: 
Հայ ժողովուրդը որքան աստվածահաճո օրհնանքներ ունի, այնքան էլ սահմռկեցուցիչ անեծքներ, որոնք միայն կարդալիս արյունդ սառչում է երակներումդ: Այս դեպքում, սակայն, իսկապես ցանկալի է, որ որոշ անեծքներ գտնեն հասցեատերերին:
Հարց, որն ինձ ամենաշատն է տանջում՝ ով է ում ձեռքը կրակն ընկել՝ մենք կառավարության, կառավարությունը Սևանի, թե Սևանը մեր:
Խոսքերիս հավաստիությունը փաստելու համար տեղադրում եմ նկարներ, որոնք կատարել եմ երեկվա ու այսօրվա ընթացքում: Ի դեպ, փոքր գեղեցիկ ջրամբարներ հիշեցնող վայրերը իրականում գյուղացիների հողատարածքներն են՝ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, ճակնդեղի ցանքերը: 
Փողոցների հեղեղման պատճառով չեմ կարողացեկ ֆիքսել շատ պատկերներ», - գրում է Լիլիթ Ստեփանյանը:

Նշենք, որ ԷկոԼուրը դեպքի կապակցությամբ հարցում է ուղղել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանին http://ecolur.org/hy/news/sevan/who-bears-responsibility-for-flooding-villages-with-water-from-lake-sevan/6637/:

Լուսանկարները՝ Լիլիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան Էջից:

Հոկտեմբեր 02, 2014 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր