Հասարակական կազմակերպությունը պահանջում է հետ կանչել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նոր պայմանագրերը

Հասարակական կազմակերպությունը պահանջում է հետ կանչել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նոր պայմանագրերը

ԷկոԼուր

Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «2012 թվականի մարտի 27-ից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ջրամատակարարման և ջրահեռացման նոր պայմանագրեր է առաջարկել կնքել Կապանի ազգաբնակչության հետ: Բայց երբ մեր կազմակերպության մասնագետները ուսումնասիրեցին նոր պայմանագիրը, պարզվեց, որ նոր պայմանագիրը հնից տարբերվում է միայն մի բառով: Նոր պայմանագրերից հանված է «մաքրում» բառը, այսինքն`  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այդ նոր պայմանագրերով պարտավորություն չի վերցնում իր վրա կոյուղաջրերի մաքրման համար: Կան բնակիչներ, ովքեր ստորագրել են այդ պայմանագրերի տակ առանց կարդալու, իսկ  բնակիչների մի մասը կարդացել, չեն ստորագրել և դիմել են մեզ, որպեսզի պարզաբանվի իրավիճակը: Պարզեցինք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, արհամարհելով ՀՀ կառավարության 22 հունվարի 2004 թվականի N 130-N որոշման և ՀՀ ջրային օրենսդրության մի շարք կետեր, ինքնագլուխ, իր կողմից ստեղծած անօրինական պայմանագրով խախտում է ՀՀ կառավարության N 130-Ն որոշման 44 կետի ե ենթակետը, որտեղ ամրագրված է` ջրամատակարարը պարտավոր է կատարել բաժանորդի կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին (բաղադրությանը) համապատասխան. և դա խախտելով` խախտվում են բաժանորդների և բնակչության իրավունքները:

 Պարոն Սարգսյան, խնդրում ենք Ձեզ պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` հետ կանչել անօրինական պայմանագրերը, չխախտել և ուղղորդվել միայն  ՀՀ կառավարության որոշումներով ու ՀՀ ջրային օրենսդրությամբ»:

Նամակի կրկնօրինակներն ուղարկվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենին, «SAUR» խմբի գործադիր նախագահին:

Ապրիլ 24, 2012 at 02:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր