Շենգավիթի թաղապետը ջրի խնդրի լուծման պատասխանատվությունը վերցրել է իր վրա

Շենգավիթի թաղապետը ջրի խնդրի լուծման պատասխանատվությունը վերցրել է իր վրա

ԷկոԼուր

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ընդունել է Վերին Շենգավիթի 11 փողոցի բնակիչներին, ովքեր արդեն 23 օր մնացել են առանց ջրի: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց վերոնշյալ փողոցի բնակչուհի Անահիտ Խրոյանը:

Վերջինիս խոսքով՝ Արմեն Սարգսյանը բնակիչներին հայտնել է, որ ինքը զրույց է ունեցել «Երևան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինության հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն սեպտեմբերի 5-ի առավոտյան սկսել Վերին Շենգավիթի 11 փողոցով նոր ջրագծի անցկացման աշխատանքները: Իսկ թե երբ կավարտվեն այդ աշխատանքները, պարզ չէ:

Թաղապետը նաև նշել է, որ բնակիչները հոգալու են միայն խողովակների ծախսը (յուրաքանչյուր բնակիչ 20 000 դրամ), իսկ մնացած ծախսերը հոգալու է «Երևան Ջուր» ՓԲԸ-ն Շենգավիթի թաղապետարանի աջակցությամբ: Անահիտ Խրոյանը նշեց, որ 50 ընտանիք արդեն վճարել է խողովակների համար և հավաքվել է 1 միլիոն 100 հազար դրամ: 5 ընտանիք ևս պատրաստվում է վճարել:

Հանդիպման ավարտին բնակիչներից Լյուդվիգ Ասլանյանը նշել է, որ եթե հարցը կրկին լուծում չստանա՝ իրենք դիմելու են դատարան: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ դատարան դիմելու կարիք չկա, և ինքը խնդրի լուծման պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Նշենք, որ Վերին Շենգավիթի 11 փողոցում ջրի բացակայության արդյունքում ստեղծվել է հակահիգիենիկ վիճակ, որին բնակիչները այևս ի վիճակի չեն դիմանալ:

Սեպտեմբեր 03, 2014 at 17:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր