

ԷկոԼուր
«SOS` Ձորագետը սատկացնում են»: «ԷկոԼուր»-ը նման ահազանգ ստացավ միանգամից երկու աղբյուրներից` Ստեփանավանի Օրհուս կենտրոնից եւ Կանաչների կուսակցությունից: Ստացված տեղեկատվության համաձայն` գետի աղտոտման պատճառը թափոններն են, որոնք առաջանում են Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործումից: Ոսկին արդյունահանում է «Սագամար» ընկերությունը: Հանքավայրը, ինչպես նաեւ ֆաբրիկան տեղակայված են բնակավայրերին շատ մոտ, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիտորինգի ենթարկելու հարցը, բայց ամեն անգամ մերժում են ստանում «Սագամար» ընկերության ղեկավարության կողմից:
Այս անգամ էլ է ընկերությունը հերքում Ձորագետի վրա հանքավայրի շահագործման բացասական ազդեցությունը, բայց եւ տեղի « Լոռե էկո ակումբ» հասարակական կազմակերպությանը թույլ չի տալիս մտնել ձեռնարկության տարածք` ստուգելու, թե ուր են լցվում թափոնները: Այս ամբողջ ժամանակահատվածում Բնապահպանության նախարարությունը չի արձագանքում ահազանգերին, չնայած որ պատասխանատվություն է կրում Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կատարման համար, ինչպես նաեւ անմիջականորեն համագործակցում է Օրհուս կենտրոնների ցանցի հետ, այդ թվում Ստեփանավանի Օրհուս կենտրոնի: «Սագամար» ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը եւ ահազանգերը բազմիցս հրապարակվել են Օրհուս կենտրոնների www.aarhus.am կայքում, որի տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարությունը:
Մենք դիմում ենք Բնապահպանության նախարարությանը`
- խնդրում ենք արձագանքել ահազանգին, որը հասարակությունը բարձրացրել է «Սագամար» ընկերության գործունեության արդյունքում Ձորագետի աղտոտման առումով եւ տեսչական ստուգումներ անցկացնել ձեռնարկությունում
- հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման առումով Բնապահպանության նախարարության պարտավորությունները` անհրաժեշտ ենք համարում տեսչական ստուգումներում ներառել հասարակության եւ տեղի բնակչության ներկայացուցիչների, որպեսզի բարձրացվի ինչպես «Սագամար» ընկերության գործունեության թափանցիկությունը, այնպես էլ բնապահպանական տեսչության գործունեության թափանցիկությունն այս հարցում
- խնդրում ենք տեսչական ստուգումների արդյունքները հրապարակել նախարարության www.mnp.am կայքում կամ Օրհուս կենտրոնների www.aarhus.am կայքում:
Լուսանկարը` Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանի
Հունվար 17, 2012 at 12:07
