Դիմում դոնոր կազմակերպություններին՝ կապված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հետ

Դիմում դոնոր կազմակերպություններին՝ կապված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հետ

ԷկոԼուր

Բնապահպան հասարակայնության  ներկայացուցիչները Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի վերաբերյալ  հայտարարությամբ դիմել են միջազգային դոնոր կազմակերպություններին:

Հայտարարության մեջ ասված է.

 «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման հայաստանյան գրասենյակի  /UNIDO/ տնօրեն Անահիտ Սիմոնյանին,

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի  /UNDP/ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին,

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան -Միշել Հապիին,

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /EBRD/ երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեվիսին

Ինչպես հայտնի է, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարման համար ավտոմատ համակարգի ներդրման վերաբերյալ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի աղետալի վիճակը պայմանավորված է նրանով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ցուցաբերել է հանցավոր անփութություն և անպատասխանատվություն՝ տրամադրելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանի ջրօգտագործման թույլտվություններ այնպիսի ծավալով, որը գերազանցում է աղբյուրների վերականգնվող ծավալը: Ընդ որում, անտեսվել են ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ահազանգում էին Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների աղետալի վիճակի մասին: ՀՀ բնապահպանության նախարարությունը կատարում էր օլիգարխների պատվերները, ինչը բարձր կոռուպցիոն ռիսկերի նշան է:

Արդյունքում, Արարատյան դաշտի ջրային էկոհամակարգի բալանսը խախտվեց, Արարատյան դաշտի տարածքի մի մասը մնաց առանց ջուր, իսկ մյուս մասը ճահճացավ, ինչը գյուղատնտեսության մեջ հանգեցրեց կորուստների: Լինելով մեղավոր այս հանցանքներում՝ պետական մարմինների պաշտոնյաները չկանգնեցրին մեկ այլ աղետալի ծրագիր՝ Սևանա լճից ջրբացթողումների ավելացումը այնպիսի ծավալներով, որը կհանգեցնի լճի էկոհամակարգի վիճակի կտրուկ վատթարացմանը:

Զարմանալի չէ, որ կոռուպցիոն ռեժիմի առկայության պայմաններում Հայաստանի կառավարությունը չկիրառեց ոչ մի միջոց` պատասխանատվության կանչելու եւ պատժելու տվյալ ոլորտում կործանարար որոշումներ ընդունող անձանց: Ավելին, կառավարությունը ընդունում է նորանոր որոշումներ, որոնք խորացնում են աղետը, օրինակ, նոր 112 հորերի շահագործման որոշումը:

Նշենք, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներն արդեն իսկ գնահատվել են։ ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի աջակցությամբ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Մել-Հով» ՍՊԸ-ի կոնսորցիումը զեկույցն այժմ բոլոր շահագրգիռ կողմերին հասանելի է ՄԷՋԾ-ի կայքում: Հայաստանի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքում պատրաստել են զեկույց, որտեղ նշված են իրավիճակի շտկմանն ուղղված առաջակությունները, որոնք են.

«-Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը` չպահպանելով 1984թ. հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի 34.7մ3/վրկշահագործման ռեժիմը, ապա մոտակա 1-2 տարիների ընթացքում.

•կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը և ջրաքանակի նվազումը 5-ից 10 %-ով՝ ավազանի կենտրոնական մասից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտքուղղություններով;

•կշարունակվի ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը;

•կշարունակվի հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում Սևջուր-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազումը՝ ընդհուպ մինչև ջրատվության դադարեցում:

- Ստորերկրյա ջրերից ընդհանուր ջրառը սահմանափակել 34,7 մ3/ վրկ կամ տարեկան 1094,3 մլն.մ3/տարի ջրաքանակով,

- ինքնաշատրվանող գոտում ստորերկրյա ջրերից հորատանցքերով օգտագործվող միջին տարեկան ջրառը չպետք է գերազանցի 15,0 մ3/վրկ կամ 473,0 մլն.մ3/տարիջրաքանակը, այդ թվում ձկնաբուծության նպատակով` 12,0 մ3/վրկ կամ 378,4 մլն.մ3/տարի»:

Այս իրավիճակում միջազգային դոնորների համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանի վիճակի բարելավման ուղղությամբ առնվազն առաջացնում է տարակուսանք և հասարակության վրդովմունքը:

Մենք կարծում ենք, որ միջազգային դոնոր կազմակերպությունները պետք է անցկացնեն աուդիտ և բացահայտեն աղետի համար պատասխանատու անձանց, պետք է թույլ չտան այդ անձանց մասնակցությունը այս ծրագրում՝ կոռուպցիոն ռիսկերից և ոչ նպատակային ծախսերից խուսափելու համար:

Իր կողմից հասարակությունն արդեն անցկացնում է նման աուդիտ, որի արդյունքների մասին կհայտարարվի հետագայում:

Հարգանքներով`

Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Հայտարարությանը միացել են նաև`

Էկոլոգիական հասարակական դաշինքը

Լևոն Գալստյանը՝ Համահայկական բնապահպանական ճակատ

Մարի Չաքրյանը` Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու

Արթուր Գրիգորյանը՝ «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ»: 

Հուլիս 29, 2014 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր