Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 20-25 տոկոսով ավելի մեծ է, քան աշխարհում

Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 20-25 տոկոսով ավելի մեծ է, քան աշխարհում

ԷկոԼուր

Հայաստանում գլոբալ տաքացումն արտահայտվում է ամենավատ սցենարով: Առաջին եւ ամենածանր հարվածը հասցվեց ջրային ռեսուրսներին: Փաստերն ու մեկնաբանությունները «ԷկոԼուր» մամուլի ակումբում ներկայացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզիյանը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի ելույթը:

«Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 20-25 տոկոս ավելի բարձր է, քան աշխարհում: Ամբողջ երկրագնդի միջին ջերմաստիճանը գլոբալ բարձրացել է 0.8 տասնորդական աստիճան: Հայաստանում բարձրացել է ավելի քան 1 աստիճան: Հայաստանը, ունենալով խոցելի լեռնային էկոհամակարգեր, ավելի զգայուն է այդ փոփոխությունների նկատմամբ: Այդ ջերմաստիճանի բարձրացումը բերում է կլիմայի այնպիսի շեղումների, որոնք կարող են դրսևորվել էքստրեմալ պայմաններով»,- ասաց Արամ Գաբրիելյանը:

Անդրադառնալով ջրային ռեսուրսների խոցելիության խնդրին` Արամ Գաբրիելյանն ասաց. «Ջերմաստիճանի բարձրացումը բերում է մի կողմից տեղումների նվազման և գոլորշացման բարձրացման: Այսինքն, ձևավորված բնական գետային հոսքը երկու կողմից էլ տուժում է: Ռեսուրսները մենք այսօր գնահատում ենք խոցելիության մոտ 30 տոկոս: Դա նշանակում է, որ եթե այսօր մենք Հայաստանում ունենք օգտագործելի ջուր 3 միլիարդ խ/մ, ապա մենք մոտ 1 միլիարդ խ/մ կորցնելու ենք»:

Ըստ նրա` անընդհատ բարձր ջերմաստիճան և պակասեցված տեղումներ ֆիքսվում են վերջին 14 տարիներին: «2010 թ-ին մենք երկրորդ ազգային հաղորդագրությունը ներկայացրեցինք, որտեղ ցույց տվեցինք, որ արդեն, իսկապես, տեմպն ավելի բարձր է, քան կանխատեսվում էր», - ասաց Արամ Գաբրիելյանը` նշելով, որ այս ամենի արդյունքում տեղի են ունենում եղանակային շեղումներ, և ջերմային ալիքների ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է զուտ մահացության դինամիկայով:



Սեպտեմբեր 24, 2014 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր