ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ՍԵՎԱՆԱ ԼՃԻ, ՋՐԲԱՑԹՈՂՄԱՆ, ՄԱՆՐԱՁԿՆԵՐԻ … ՄԱՍԻՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ՍԵՎԱՆԱ ԼՃԻ, ՋՐԲԱՑԹՈՂՄԱՆ, ՄԱՆՐԱՁԿՆԵՐԻ … ՄԱՍԻՆ

Panorama.am

Դեկտեմբերի 24-ին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, ամփոփելով 2009 բնապահպանական տարին, նշեց, որ ընթացիկ տարվա օգոստոսի մեկից նախարարությունն անցել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության` միանալով կառավարության էլեկտրոնային համակարգին:

Նոր համակարգը, նախարարի խոսքերով, նպաստել է նախարարության որակի կտրուկ բարձրացմանը: Անդրադարռնալով Սևանա լճի հիմնախնդիրներին` Ա. Հարությունյանը նշեց, որ այս տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1899.24 մ, այս ցուցանիշը 40 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ 2008-ի դեկտեմբերի 24-ին լճի մակարդակը կազմել է 1898.84 մ:

Այս տարի ոռոգման նպատակով լճից ջրի բացթողումը սկսվել է հունիսի 11-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 17-ը, սակայն նախարարը նշեց, որ ևս երկու օր` հոկտեմբերի 30-ին ու 31-ին, ջրբացթողում է իրականացվել:

Ընդհանուր բացթողումը կազմել է 303 մլն խորանարդ մետր: Տարեսկզբից մինչև դեկտեմբերի 23-ը Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է լցվել 199.356 մլն խորանարդ մետր ջուր:

«Լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված` ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով կատարվել են ջրածածկ մաքրման աշխատանքներ 575 հեկտար տարածքի վրա:

Բացի այդ, ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն տարեվերջին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 253.3 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Ա. Հարությունյանը նշեց, որ լիճ տարվա ընթացքում բաց է թողնվել գեղարքունի ձկնատեսակի 5-15 գրամ քաշով 147 հազար մանրաձուկ, ամառային իշխանի` 5-50 գրամ քաշով 140 հազար մանրաձուկ: Ընդհանոր առմամբ, լիճ տարվա ընթացքում բաց է թողնվել 287 հազար մանրաձուկ, որի համար հատկացվել է 71 մլն 502.9 հազար դրամ:

Նախարարը Սևանա լճի հետ կապված տարվա լավագույն ձեռքբերում համարեց այն, որ այս տարի, վերջապես, «Սևան» ազգային պարկը ստացավ կադաստրային վկայական:

«Այսօր մենք արձանագրում ենք, որ պարկն ունի վկայական, ճշգրտված սահմաններ, չկան սահմանային վեճեր, ինչը մենք կարևորագույն ձեռքբերում ենք համարում»,-ասաց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ տարվա ձեռքբերումներից նախարարը նաև համարեց «Դիլիջան» ազգային պարկի պետական գրանցման կադաստրային վկայականի ձեռք բերումն ու երկու նոր պահպանվող տարածքների` «Արփի լճի» ու «Արևիկ» ազգային պարկերի ստեղծումը:

Ներկայումս հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 374 հազար հա, որը հանրապետության տարածքի շուրջ 12%-ն է:

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԴԵՌ ԿԱՆ ՍԻԳԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
Tert.am


Սիգի արդյունաբերական պաշարները ոչնչացված չեն: Այդ մասին լրագրողներին հայտնեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա` սիգի պաշարները քանակական առումով չեն փոխվել:

Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի Սևանա լճում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մանրաձկներ: Նա նաև հավելեց, որ հաջորդ տարի կանցկացվի այդ մանրաձկների հստակ հաշվարկ:

Հարությունյանը նաև անդրադարձավ ձկների և ձկնկիթի անօրինական վաճառքին: Ըստ նրա` այդ ուղղությամբ նախարարության կողմից տարվում է խիստ վերահսկողություն: Օրինակ, որոշ առևտրային կետերում վաճառվում է իշխան ձկան ձկնկիթ: Արամ Հարությունյանի խոսքով`այդ ձկները Սևանից չեն, այլ աճեցվել են արհեստական ջրավազաններում:

Բնապահպանության նախարարը նաև ներկայացրեց Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ վերջին տվյալները: Այսպիսով, 2009թ. ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել էր 6 սմ:

Դեկտեմբեր 26, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր