

ԷկոԼուր
«ԱրմենիաՆաու»-ի, «Panorama.am»-ի «Նոյան Տապան»-ի, «ԱրմԻնֆո»-ի նյութերի համաձայն` հունվարի 26-ին ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ամփոփեց հանձնաժողովի մեկամյա գործունեության արդյունքները:
Գեորգ Խաչատուրյան, «ԱրմենիաՆաու»
Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում ձկնապաշարների պահպանման և Սևանա լճի էկոլոգիայի պաշտպանության նպատակով բոլոր տեսակի ձկների որսը լճում կարգելվի:
Սևանա լճի գլխավոր խնդիրը ջրի մակարդակի կտրուկ նվազումն է, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Ջրի մակարդակի իջնելը հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից:
Մամուլի ասուլիսի ժամանակ Մովսիսյանն ի մի բերեց 2009 թ. հանձնաժողովի գործունեության արդյունքները (հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ. վերջին): Հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ 2009 թ. Սևանա լճի մակարդակը բարձրացել է 38 սանտիմետրով` հասնելով 1899 մետրի: Հանձնաժողովն իր առջև խնդիր է դրել մինչև 2031 թ. Սևանի մակարդակը հասցնել 1903 մետրի, այսինքն` ամեն տարի 20 սանտիմետրով բարձրացնել ջրի մակարդակը:
Մովսիսյանի խոսքով` ջուրը վերոնշյալ մակարդակի բարձրացնելու դեպքում առափնյա 1697 շենք և շինություն կհայտնվեն ջրի տակ: Դրանցից միայն 481-ն են օրինական հիմունքներով կառուցվել, և նրանց տերերը փոխհատուցում կստանան: Մյուսներն ապօրինի են և կքանդվեն:
Բացի այդ, Մովսիսյանը նշեց, որ լճի երկայնքով ձգվող ավտոմայրուղու 15 կիլոմետրը նույնպես կհայտնվի ջրի տակ: Այլ տեղում ճանապարհ կառուցելու նպատակով կհատկացվի 4,3 մլրդ դրամ (11,4 մլն դոլար):
Հանձնաժողովի նախագահի խոսքով` 2009 թ. 600 հեկտար ափամերձ անտառածածկ տարածք է մաքրվել: Լիճ է բաց թողնվել «գեղարքունիք» (Սևանի իշխանի տեսակ) տեսակի 307 000 մանրաձուկ:
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
Սեւանա լճում ներկայումս սիգի արդյունաբերական պաշար շատ քիչ կա: Ինչպես հունվարի 26-ի ասուլիսում հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, սիգի պաշարները նվազել են մոտ 50 անգամ: Նա միաժամանակ նշեց, որ այս տարի սիգի պաշարները 20-22%-ով ավելի են, քան 3-4 տարի առաջ: Վ.Մովսիսյանը հայտնեց, որ 2009թ.-ի ընթացքում Սեւանում բաց է թողնվել 307 հազար հատ բախտակ եւ գեղարքունի տեսակի մանրաձուկ, սակայն չի հաջողվել առաջընթաց արձանագրել ձկնարտադրության բնական կարգավորման հարցում:
Նա նշեց, որ հանձնաժողովն առաջարկել է ՀՀ կառավարությանը արգելել Սեւանում ձկնորսությունը (բացի կարասից եւ խեցգետնից) 3-4 տարով` մինչեւ ձկները սեռահասուն դառնան: Առաջարկվել է նաեւ վերանայել ձկնորսների լիցենզավորման կարգը:
Panorama.am
Այսօր ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը մամլո ասուլիս էր հրավիրել` ամփոփելու իրենց հանձնաժողովի գործունեության առաջին տարին:
Անցյալ տարի հանձնաժողովը իրականացրել է 16 միջոցառում, որոնց առանցքում են եղել հիմնականում Սևանա լճի մակարդակի բարձրացման աշխատանքները:
Այսպիսով, ըստ սահմանված ժամանակացույցի, Սևանի մակարդակը 2031թ.-ին բարձրանալու է մինչև 1903.5 մետր:
«Այս մակարդակին լիճը կհասնի աստիճանաբար: Լճի մակարդակի բարձրացման գործողությունները հանգեցում են մի շարք այլ խնդիրների: Այն լուրջ ազդեցություն է ունենում տնտեսության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա»,-նկատեց Վլ. Մովսիսյանը:
«Առաջին խնդիրը վերաբերում է այն կառույցներին, որոնք ջրի տակ են մնալու` 1697 շենք և շինություն : Դրանցից 481-ն ունեն պետական, օրինական կարգավիճակ, իսկ 1216-ը` ապօրինի: Մի թեթևացնող հանգամանք կա, որ 1216 շենքերից 910-ը շարժական են»:
Նրա խոսքերով, օրինական շինություններից բնակչությունը կտարհանվի և կստանա փոխհատուցում, իսկ անօրինականների հետ կվարվեն սահմանված կարգով: Ինչ վերաբերում է անտառներին, ապա դրանց ջրասույզ լինելու ենթակա հատվածի վերջնական ճշգրտված մակերեսը կազմում է 2789 հա:
Ինչպես նշեց բանախոսը, դա մաքրելու համար 1 մլրդ 200 մլն դրամ կպահանջվի:
Բացի այդ, ըստ նրա, ջրի տակ են մնալու 15 կմ երկարությամբ մագիստրալ ավտոճանապարհներ:
«Դրանց տեղափոխման համար ծախսվելու է 4 մլրդ 300 մլն դրամ: Ինժեներական ենթակառուցվածքներից ջրի տակ են մնալու 18 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրական կայաններ, որոնց փոխհատուցումը, ըստ պայամանվորվածության, իրականացնելու է Հայկական էլեկտրացանցերը, ծախսերի ընդհանուր գումարը կազմելու է 1 մլրդ 600 մլն դրամ: Տարբեր ճնշումների և տրամաչափերի, ընդհանուր 19 կմ երկարությամբ գազատարներ են մնալու ջրի տակ, որոնց ապամոնտաժման համար 1,8 մրդ դրամ է ներդնելու «Հայռուսգազարդը», հայտնեց Վ. Մովսիսյանը:
Նրա խոսքերով, հաշվարկված է, որ խմելու 11 կմ երկարությամբ ջրագծեր և ոռոգման 4 պոմպակայաններ են մնալու ջրի տակ:
«Անցյալ տարվա լճի մակարդակի բարձրացման աշխատանքների արդյունքում Սևանի մակարդակը հասցվել է 1965թ.-ի մակարդակին, երբ այն 1899,16 մ էր, իսկ անցյալ տարի այն հասցվել էր 1899,21մ-ի: Սա վերջին 45 տարիների կտրվածքով աննախադեպ ցուցանիշ է»,-եզրափակեց Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը:
ԱրմԻնֆո
Սևանում սիգի պաշարի նվազման պատասխանատվությունը ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկի» վրա է: Այդ մասին այսօր «Դե ֆակտո» ակումբում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Սևանա լճի հիմնական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ վերջերս դեպի Սևան կատարած իր ուղևորության արդյունքները հուսադրող են: «Մենք ինքներս էլ չգիտենք թե ինչու, բայց համեմատած 2009 թվականի հետ, այս տարի սիգի պաշարներն ավելացել են 20-22 տոկոսով: Դա, իհարկե, ոչինչ չի ասում, քանի որ գոյություն ունեցող խնդրի լուծման համար պետք է վերանայվի ձկնորսության լիցենզավորման կարգը»,- նշել է Վ.Մովսիսյանը: Նրա խոսքերով, դա ենթադրում է ձկնորսների /իսկ քաղաքապետարանի տվյալներով հաշվվում է ավելի քան 1050 ձկնորս/ համախմբումը միություններում, որոնց էլ կտրվի լիցենզիան: «Ինչպես մենք առաջարկում ենք, լիցենզիայում պետք է նշվի, որ միությունը պարտավոր է զբաղվել ձկնաբուծությամբ, կատարել համապատասխան ներդրումները և իրականացնել պաշտպանության աշխատանքները»,- ասել է նա: Ձկնապաշարի նվազման գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ կատարվող քայլերից է նաև 3-4 տարով ձկնորսությունը արգելելը: Հենց այդքան ժամանակ է անհրաժեշտ տարբեր տեսակի ձկներին, որպեսզի նրանք սեռահասուն դառնան: Բացառություն կարող է արվել միայն ծածանների և խեցգետինների որսի համար, որոնց որսը կթույլատրվի միայն առափնյա գոտիներում: Ինչպես նշել է Վ.Մովսիսյանը, դա դեռևս միայն Հանձնաժողովի առաջարկներն են, որոնք պետք է դիտարկվեն ՀՀ կառավարությունում:
ԱրմԻնֆո
2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով, Սևանա լճի ջրի մակարդակը հասել է 1899 մ 23 սմ-ի, ինչը հավասար է 1965 թվականի ցուցանիշին: Այսօր «Դե ֆակտո» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: «Մենք ոչ միայն հասել ենք 45-ամյա վաղեմության ցուցանիշի, այլև այն գերազանցել ենք 5 սմ-ով», - նշել է նա: Վ.Մովսիսյանի ասելով, լճի ջրի մակարդակի բարձրացման գործում առաջնային դեր է խաղում Արփա-Սևան թունելը, որով 2009 թվականի 8 ամիսներին Սևանա լիճն է թափվել 209 մլն խմ ջուր: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, անցյալ տարի հանձնաժողովը իրականացրել է 16 միջոցառում, որոնց առանցքում են եղել հիմնականում Սևանա լճի մակարդակի բարձրացման աշխատանքները:
Այսպիսով, ըստ սահմանված ժամանակացույցի, Սևանի մակարդակը 2031թ.-ին բարձրանալու է մինչև 1903.5 մետր: «Այս մակարդակին լիճը կհասնի աստիճանաբար: Լճի մակարդակի բարձրացման գործողությունները հանգեցում են մի շարք այլ խնդիրների: Այն լուրջ ազդեցություն է ունենում տնտեսության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա», - նշել է Վ. Մովսիսյանը: Նրա ասելով, առաջին խնդիրը վերաբերում է այն կառույցներին, որոնք ջրի տակ են մնալու` 1697 շենք և շինություն : Դրանցից 481-ն ունեն պետական, օրինական կարգավիճակ, իսկ 1216-ը` ապօրինի: Նրա խոսքերով, օրինական շինություններից բնակչությունը կտարհանվի և կստանա փոխհատուցում, իսկ անօրինականների հետ կվարվեն սահմանված կարգով: Ինչ վերաբերում է անտառներին, ապա դրանց ջրասույզ լինելու ենթակա հատվածի վերջնական ճշգրտված մակերեսը կազմում է 2789 հա: Բացի այդ, ջրի տակ են մնալու 15 կմ երկարությամբ մագիստրալ ավտոճանապարհներ, որոնց տեղափոխման համար ծախսվելու է 4 մլրդ 300 մլն դրամ: Ինժեներական ենթակառուցվածքներից ջրի տակ են մնալու 18 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրական կայաններ, որոնց փոխհատուցումը, ըստ պայամանվորվածության, իրականացնելու է Հայկական էլեկտրացանցերը, ծախսերի ընդհանուր գումարը կազմելու է 1 մլրդ 600 մլն դրամ: Տարբեր ճնշումների և տրամաչափերի, ընդհանուր 19 կմ երկարությամբ գազատարներ են մնալու ջրի տակ, որոնց ապամոնտաժման համար 1,8 մրդ դրամ է ներդնելու «Հայռուսգազարդը», Վ. Մովսիսյանը: Նրա խոսքերով, հաշվարկված է, որ խմելու 11 կմ երկարությամբ ջրագծեր և ոռոգման 4 պոմպակայաններ են մնալու ջրի տակ:
Հունվար 28, 2010
