ԻՆՉՈՎ ՀԱՄԸՆԿԱՆ ԵՎ ԻՆՉՈՎ ՉՀԱՄԸՆԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

ԻՆՉՈՎ ՀԱՄԸՆԿԱՆ ԵՎ ԻՆՉՈՎ ՉՀԱՄԸՆԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

ԷկոԼուր

Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ 2010թ. հունվարի 1-ից դադարեցված են Սեւանի շրջակայքում տարածքների վարձակալման պայմանագրերի երկարացման, փաստաթղթերի վերագրանցման գործողությունները եւ այլն: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է վերոնշյալ խնդիրների վերաբերյալ վերջնական որոշում ընդունել:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հանդիպում տեղի ունեցավ «Խազեր» էկոլոգամշակութային եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների ներկայացուցիչների եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի միջեւ: հանդիպման ընթացքում քննարկվեցին Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, ինչպես նաեւ իխտիաֆաունայի վերականգնման մի շարք հարցեր:

Ձկնաբան Հայկազ Ռուբենյանը նշեց Սեւանում ձկան արդյունաբերական որսը կարգավորող մեխանիզմների անպիտանիությունը` անսահմանափակ արտոնագրերի տրամադրումը: «Եթե նայենք արտոնագրերի քանակին եւ ձկների այն պաշարին, որը հաստատված է եղել այդ արտոնագրերի տրամադրման տարվա համար, ապա կստացվի, որ արտոնագրի յուրաքանչուր սեփականատեր կարող է սեզոնին որսալ ընդամենը 200 գրամ ձուկ»,- նշեց Հ. Ռուբենյանը:

Վլադիմիր Մովսիսյանը համաձայնեց այն հարցում, որ մեխանիզմները պետք է փոխվեն: Նրա համոզմամբ` ձկների արդյունաբերական  որսը 3-4 տարի ժամկետով պետք է ամբողջությամբ արգելվի բացի կարասի եւ խեցգետնի առափնյա որսից: Ձկնորսության արտոնագրերը պետք է տրվեն ոչ թե առանձին անձանց, այլ արտելների` 10-15 տարի ժամկետով: Պայմանագրային պարտավորությունների մեջ պետք է նշված լինի ոչ միայն որսի ծավալը, այլ նաեւ պարտավորություններ, ինչպես օրինակ` սեփական միջոցներով ձկների վերարտադրության ապահովում: Կրկին պետք է սահմանվեն վերահսկման մեխանիզմները: 

Մյուս հարցը վերաբերում էր Սեւանի մակարդակի բարձրացման վրա դրված սահմանափակմանը` 1903,5մ մինչեւ 2030թ.: «Խազեր» եւ «ԷկոԼուր» ՀԿ-ների ներկայացուցիչների միակամ կարծիքով` այդ սահմանափակումը թույլ չի տա միջոցառումներ ձեռնարկել` լճի մակարդակը բարձրացնելու երկարաժամկետ հեռանկարով, ինչն անհրաժեշտ է խորը ինքնամաքրման եւ էկոհամակարգի հիմնավոր վերականգնման համար: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ ներկայումս լճի մակարդակի բարձրացման հիմնական խոչընդոտը Սեւանի ափին կառուցված ավելի քան  մեկ ու կես հազար ապօրինի շինություններն են, որոնք կհայտնվեն ջրի տակ: Եթե այդ խնդրի լուծումը գտնվի, ապա սահմանափակում մտցնելուց հետո գլխավոր խոչընդոտը կարող են դառնալ արդեն կապիտալ շինությունների` վերը նշված նիշի  օրինական թույլտվությունները: Այն որ 1903,5 նիշը  պետք է դառնա սկզբնական կետը մակարդակի հետագա բարձրացման հաշվարկի եւ Սեւանի յուրահատուկ ջրային էկոհամակարգի պահպանման համար, հաստատվում է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի եւ Ռուսական լճաբանության ինստիտուտի հետազոտություններով, նշեցին մասնակիցները:

Ի պատասխան Վլադիմիր Մովսիսյանը հայտնեց, որ համոզված է մի բանում, որ մինչեւ 2030 թվականը լճի մակարդակը անպայման կհասնի 1903,5 նիշին: Նրա խոսքերով` երկարատեւ ժամկետները պայմանավորված են նրանով, որ մակարդակի բարձրացումն իր հետ բերում է ծախսատար միջոցառումների մի ողջ համալիր, ինչպես օրինակ` Սեւանի ավտոմայրուղու, գազատարների, էլեկտրագծերի, կայանների, շինությունների տեղափոխումը եւ այլն: Դրա հետ մեկտեղ Մովսիսյանը նշեց. «Անցյալ տարի ես վստահ չէի, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը կլուծվի»:

Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրեց նաեւ հաձնաժողովի 2010թ. աշխատանքների ծրագիրը եւ հասարակայնությանն առաջարկեց մասնակցել աախատանքային խմբերում, ներկայացնել մասնագետների եւ անկախ փորձագետների անուններ:

Փետրվար 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր