

ԷկոԼուր
2010թ. փետրվարի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ալեքս եւ Մարի Մանուկյանների անվան դահլիճում (Բաղրամյան 40, Հակոբյան բնապահպանական կենտրոն, 1-ին հարկ, 106E սրահ), տեղի կունենա «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը եւ քննարկումը: Ֆիլմը նվիրված է Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Ֆիլմի շնորհանդեսն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից:
Ֆիլմը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն` Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ:
Ֆիլմում արտացոլված են ուրանի ծրագրի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչության, ՀԿ-ների, ուրանային ծրագրի ղեկավարության՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի եւ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի, անկախ փորձագետներ՝ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի եւ տեղական փորձագետ, «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի դիրքորոշումները:
Ֆիլմի քննարկմանը հրավիրված են ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Փետրվար 11, 2010
