

ԷկոԼուր
Ծիծեռնակաբերդի մասին հնչած ահազանգի առաջին պատասխանը (տես «Կոտրած լապտերներ և կտրած ծառեր Ծիծեռնակաբերդում» նյութը, 2010.02.11) Էկոլուրը ստացավ հենց աղբյուրից` «National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանից: Նա գրում է. «Սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ հայտնել, որ նախորդ իմ տեղեկատվության մեջ տեղ էր գտել ցավալի թյուրիմացություն: Ծիծեռնակաբերդի զբոսայգում հատումների և խարույկների վերաբերյալ իմ կողմից տարածած հաղորդագրությունը, որը հրատարակվել էր նաև «Հայոց աշխարհ» օրաթերթում և տարածվել էր էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, իմ անտեղյակության պատճառով սխալ տեղեկատվության պատճառ էր հանդիսացել:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ տեղի ունեցած զրույցի ու տեղում իրավիճակին ու այգու բարեկարգման ու խնամքի ընթացող աշխատանքների հետ ծանոթանալուց հետո հաջողվեց պարզել, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում այգու տարածքի խնամքի ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու և անտառազանգվածի վերականգնման ուղղությամբ: Փաստորեն, իմ կողմից լուսանկարված հատված ծառաբները, հատված չորացած ու վթարային ծառերի բներ էին, ինչում համոզվեցի կրկնակի զննումից հետո:
Տեղում ականատես եղա թանգարան-ինստիտուտի բանվորական անձնակազմի կողմից, նախորդ տարի իրականացված սանիտարական ու խնամքի հատումներից հետո մնացած չոր ճյուղերի այրման ու տարածքի մաքրման աշխատանքների հետ: Ըստ որում պարզեցի նաև, որ այդ աշխատանքների իրականացման մասին նախօրոք տեղեկացվել է քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը: Թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ, հատված չոր փայտը արդեն երրորդ տարին է, ինչ տրամադրվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի զոհված ազատամարտիկների անապահով ընտանիքներին: Տեղեկացա նաև, որ ՀՀ կառավարության աջակցությամբ հաջորդ տարի ևս շարունակվելու են տարածքի ջրագծերի վերականգման ու ծառատունկի աշխատանքներ:
Կրկին անգամ հայցում եմ իմ ներողամտությունը թանգարանի տնօրինությանը, իմ կողմից ոչ միտումնավոր կերպով տարածված չստուգված տեղեկատվության համար»:
Փետրվար 15, 2010
