ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԲՈՒՌՆ ԿՐՔԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԲՈՒՌՆ ԿՐՔԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

Aysor.am

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին միջոցառմանը հրավիրված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի և անկախ փորձագետներ՝ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, տեղական փորձագետ, «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի ու միջոցառմանը ներկա բնապահպանական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Ֆիլմը նվիրված է Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ֆիլմը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն` Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության» ծրագրի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ:

Ըստ ֆիլմի, համարվում է, որ մինչև 2015 թ-ն աշխարհում զգալի կավելանա ատոմային էլեկտրակայանների քանակը, իսկ Ռուսաստանը կսպառի ԽՍՀՄ տարիներից պահեստավորված ուրանի պաշարները: Հենց այդ ժամանակ էլ նախատեսվում է ավարտել ուրանի պաշարների հետազոտումը Հայաստանում և, ըստ Ա. Գալստյանի, հաշվի առնելով այդ ժամանակ ուրանի միջազգային գները, կկատարվեն տնտեսական հաշվարկները:

Բնապահպաններն ու Սյունիքի մարզի բնակչությունն իրենց անհանգստություն են արտահայտում ոչ թե ուրանի հետախուզման, այլ հետագայում հանքի արդյունահանման կապակցությամբ: Մասնավորապես, Լեռնաձոր համայնքում, որը գտնվում է անմիջապես ԽՍՀՄ տարիներին հանքի բացվածքի մոտակայքում (հետագայում այն բետոնապատվել է), կատարվում է ստորագրահավաք` ընդդեմ ուրանային ծրագրի:

Միջոցառման ընթացքում «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Ա. Գալստյանին և Ս. Գրիգորյանին փոխանցեց Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավունքների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի հայտարարությունը, որում խիստ անհանգստություն է արտահայտվում ուրանի հանքավայրերի ուսումնասիրման ծրագրի վերաբերյալ:

«Տնտեսապես զարգացած երկիրն` առանց մարդկային ներուժի, դատապարտված է»,- ասվում է հայտարարությունում:

Փետրվար 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր