ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՉՀԱՏՎՈՂ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՉՀԱՏՎՈՂ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՈՒՄ

ԷկոԼուր

Փետրվարի 12-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան կենտրոնում տեղի ունեցավ «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որին հետեւեց նաեւ քննարկում: Ֆիլմի թեման էր Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողների  շահերի բախումը տեղի բնակչության եւ հասարակական շրջանակների շահերի հետ:

Ուրանային ծրագիրն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն (ՀՌԼԿ), որի բաժնետոմսերի փաթեթը բաժանված է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ռուսական հսկայի` «Ատոմռեդմետզոլոտո»-ի միջեւ, որն իր հերթին  մտնում է ավելի խոշոր կազմակերպության` «Ռոսգոսատոմ»-ի կազմի մեջ: Ուրանային ծրագրի ղեկավարների թվում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, հայտնի գեոքիմիկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը:

Գրեթե երկու ժամ տեւած քննարկումը, որին մասնակցում էր ավելի քան 70 մարդ, ցույց տվեց, որ Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման նպատակահարմարության հարցում պաշտոնական անձանց եւ հասարակայնության միջեւ շփման քիչ կետեր կան: Քննարկման ընթացքում հասարակայնության կողմից առաջադրած հարցերը, որոնք առնչվում էին Սյունիքի բնակիչներին, ովքեր կանգնած են ծանր ընտրության առաջ` թողնել ամեն ինչ եւ հեռանալ, թե մնալ եւ սպասել անհայտ երաշխիքների, պետական այրերի կողմից մնացին անպատասխան:

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ Սյունիքում մարդիկ գուցե ցանկանում են ավելի թանկ գնով վաճառել իրենց տները: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները բավարարվեցին միայն խոստանալով հաշվի առնել հասարակայնության կարծիքը եւ անկախ փորձագետների գնահատականները: Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն ընդհանրապես հրաժարվեց քննարկմանն ուղարկել իր ներկայացուցչին:

Հասարակայնության հիմնական ընդդիմախոսը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն էր: Սակայն հիշեցնենք, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մինչեւ 2008թ. ապրիլը բնական պաշարները գտնվում էին հենց այդ նախարարության ենթակայության ներքո, իսկ հետո հանձնվեցին էներգետիկայի նախարարության կառավարմանը:

Ֆիլմում ներկայացված են ՀՌԼԿ-ի ստեղծման պայմանագրի ստորագրման կադրերը, որտեղ Արամ Հարությունյանը հայտարարում է, որ ամեն ինչ կիրականացվի բնապահպանական օրենսդրությանը համապատասխան: Ֆիլմի շնորհանդեսի ընթացքում նշվեց, որ առաջին խախտումն արվել է հենց բնապահպանության նախարարի կողմից, որը չի անցկացրել այդ պայմանագրի հասարակական լսումներ, ինչն անհրաժեշտ է Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի դրույթներով:

«Խուստուփ» ՀԿ-ի նախագահ (Սյունիքի մարզ) Վլադիկ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ Կապանի հասարակայնության եւ Լեռնաձոր համայնքի անունից, որի տարածքում իրականացվում են ուրանի պաշարների հետազոտությունները:

«Հանդիպումներ եմ ունեցել տեղի բնակչության հետ, որոնք խիստ մտահոգություն են հայտնում իրենց, իրենց երեխաների, թոռների, այսինքն` ապագա սերունդների կյանքի համար: Ի՞նչ է սպասվում այդ մարդկանց: Դարեր շարունակ մարդիկ ապրել են այդ հողի վրա, արարել, ստեղծել: Ֆիլմում ներկայացված մարդը, որը խոսում է 60 միլիոնանոց շենքի մասին, նախապատմությունը հետեւյալն է, որ 1968թ. երկրաշարժի ժամանակ ահագին տներ ավերվեցին, եւ պետությունը այնտեղ տեղադրեց ֆիննական տնակներ` փայտե դոմիկներ: Տեսեք, թե քանի տարի է անցել, եւ դրանք միանգամայն անպիտանի են դարձել բնակության համար: Շնորհակալություն կառավարությանը, պետությանը. վարկեր են անտոկոս հատկացրել, սատար են կանգնել, եւ մարդիկ սկսել են դրանք քանդել եւ կառուցել հարմարավետ, շատ լավ տներ: Այսօր ստացվել է այնպես, որ 4-5 տարի որոնողական աշխատանքները պետք է գնա: Էդ մարդիկ չեն իմանում, անորոշության մեջ են, սարքեն, չսարքեն, ինչ անեն, ոնց անեն: Եթե հանկարծ այդ հանքը շահագործվելու է, ի՞նչ է լինելու իրենց հետ: Ոչ ոք էդտեղ չի ապրի, բնական է դա: Տվյալ տեղանքը խիստ լեռնային, կտրտված ռելիեֆ ունի: Հանքամարմինը գտնվում է մոտ 28 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Եթե հանկարծ շահագործվեց, ապա անհնարին է, որպեսզի ստորգետնյա եւ գրունտային ջրերի մակարդակը, որը լինի հորատանցքերի հորատումով թե շտոլնիաների անցումով, այդպիսի ջրերի մակարդակները չհատվի լեռնային փլվածքների դեպքում:  Ջրերը պարտադիր դուրս են գալու երկրի մակերես կամ ներծծվելու են ավելի խորը շերտեր եւ այդ գոգավորություններում մտնելու են Ողջի գետի ավազան: Եվ Ողջի գետի ավազանից, որից օգտվում են ե'ւ վայրի կենդանիները, ե'ւ ընտանի, ե'ւ  մեր բանջարանոցները, այգիները ջրվում են դրանով, մինչեւ Արաքս հասնելը ապականվելու է: Եվ այդ ձորը` Ողջի գետի հովիտը, դառնալու է ոչ բնակելի տեղ. ոչ մեկը չի կարող վտանգել իր կյանքը` այդ հովտում բնակվելու համար: Սրա մասին է խոսքը: Այո, էներգետիկ անվտանգությունը պետք է ապահովենք, էլեկտրաէներգիա պետք է ունենանք: Բայց եկեք ուրիշ միջոցներ փնտրենք: Հենց Ողջի գետի ավազանում ուղորդված քամիներ կան: Չի՞ կարելի արդյոք էդտեղ հողմային էլեկտրակայանների հարց լուծել: Մեղք է էդ ժողովուրդը: Ի՞նչ պիտի անի, եթե հանկարծ սկսեց հանքը շահագործվել: Լավ, ստորգետնյա ձեւով մշակեցինք, ասում ենք կարիեր չի, չենք պայթեցնում եւ այլն, ի՞նչ է լինելու այդ դատարկ ապարների հետ: Վերջապես թափուկավայրեր պե՞տք է ստեղծվի, հո դատարկ ապարներ չե՞ք տանելու Ռուսաստան, հարստացնեք: Մտաք շտոլնիան, փորեցիք, հանաքարը հանեցիք, դատարկ ապարը պետք է անպայման դուրս գա, որը պարտադիր ռադիոակտիվացված է լինելու: Այդ շրջանում, իրոք, մարդկանց կյանքը վտանգված է: Մենք դիմելու ենք ե'ւ նախագահին, ե'ւ վարչապետին, ե'ւ ձեզ` պետական այրերին, ուրիշ ինչ-որ միջոցներ փնտրեք, ուրանը չպետք է շահագործվի, մենք խիստ դեմ ենք դրան»,- հայտարարեց Վլադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ուրանային ծրագիրը կապեց Հայաստանում ատոմային էներգիայի հետ: Նա կանգ առավ 1988թ. հայկական ԱԷԿ-ի փակման մասին որոշման անթույլատրելիության վրա, նշեց 1992-1995թթ. էներգետիկ ճգնաժամի ծանր հետեւանքները:  «Մեր էներգետիկայի զարգացման հետ կապված ունենք հետեւյալ նկատառումները` մեր ընդհանուր բալանսի մեջ մաքսիմում ունենանք վերականգնվող ռեսուրսներ եւ ատոմային էներգետիկա, եւ թողելով շատ փոքր մասնաբաժին ջերմային էներգետիկայի համար, որի ազդեցությունը արտաքին միջավայրի վրա ամենամեծն է»,- հայտնեց նա: Ֆիլմում նշված ուրանի պաշարների գնահատման հակասութունը շոշափելով` նա նշեց, որ հնչում են տարբեր թվեր` 30 հազարից մինչեւ 60 հազար տոննա պաշար: Խոսքը գնում է տեսական մի թվի մասին, որն ընդհանուր առմամբ Հայաստանում հնարավոր է, որ մենք ունենանք: Այդ տվյալները ստացվել են 50-ական, 70-ական թվականներին: Բայց որեւէ մեկը առ այսօր չի կարող ասել հստակ` Հայաստանի պաշարներն ինչպիսին են, ինչ քանակությունների մասին կարող է խոսք լինել: Դրա համար են հիմա կատարվում ուսումնասիրությունները: Ուսումնասիրման ծրագիրը նախատեսված է 3-ից 5 տարվա համար, որի ընթացքում պարզ կդառնա` ընդհանրապես Հայաստանն ունի ուրան, թե ոչ, եւ ինչ քանակությունների մասին է խոսքը: Միայն այդ պաշարները հասկանալուց հետո հնարավոր կլինի տնտեսագիտական վերլուծություն անել եւ, հաշվի առնելով միջազգային գների փոփոխությունները, ասել` շահագործում լինելու է, թե` ոչ:

Արեգ Գալստյանն ընդգծեց. «Ես այս երկրի քաղաքացի եմ: Եւ չգիտեմ` դա լավ է, թե վատ է, ինձ նշանակել են այդ ընկերության («Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ) տնօրենների խորհրդի նախագահ, եւ ես ինչքան որ կաշխատեմ այդ պաշտոնում, ես` ինքս, առաջին հերթին շահագրգռված եմ, որ էկոլոգիայի տեսանկյունից նախագիծը, եթե մենք հայտնաբերենք, իհարկե, ուրան, լինի անխոցելի: Պատրաստ եմ աշխատել բոլորի հետ»:

Նա նաեւ նշեց, որ փորձագետների թվում են նաեւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները եւ հավելեց, որ պատրաստ է ընդունել հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված անկախ փորձագիտական գնահատականներ: «Եթե որեւէ վտանգավոր բաներ եք տեսնում նախագծի մեջ, ապա ոչ մի դեպքում նման նախագիծ չպետք է իրականացվի,- հայտարարեց Արեգ Գալստյանը,- ես առաջինը կլինեմ, ով պատրաստ է հրաժարական տալ, եթե իրական վտանգ կա, որ ես իմ երկրին վնաս եմ հասցրել»:

Նախագծի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դերգեյ Գրիգորյանի կարծիքով` ուրանի պաշարների ուսումնասիրման նախագիծը որեւէ ռիսկ չի պարունակում, քանի որ հորատում չի կատարվում, փորձանմուշները վերցվում են 15-20սմ խորությունից: Դրա հետ մեկտեղ Սերգեյ Գրիգորյանը հայտնեց իր կարծիքն այն մասին, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անվտանգ դարձնել ուրանի հենց հանքահանումը: Ակադեմիկոս Գրիգորյանի հիմնական փաստարկներն արտացոլված են ֆիլմում:

«Խնդիրը ուրանի պաշարների ուսումնասիրման մեջ չէ: հավանաբար, յուրաքանչյուրին հետաքրքիր է իմանալ, թե ինչ կա երկրում, եւ ինչ նա ունի: Ողջ հարցը հետեւյալն է` ինչի՞ համար են արվում այդ հետազոտությունները»,- իր ելույթում ընդգծեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի մարդկանց որոշակի խումբ հրաշալիորեն տեղեկացված է, թե ինչ կա Հայաստանում: «Ռուսաստանի նպատակն է, որպեսզի իրեն ապահովի ուրանի պաշարներով այն ժամանակի համար, երբ խորհրդային ժամանակներից կուտակված ուրանի պաշարները կսպառվեն»,- կարծում է Սանասարյանը:

Ուրանի հանքահանման ժամանակակից մեթոդների անվտանգ լինելու մասին  Գրիգորյանի հավաստիացումներին Սանասարյանը քննադատորեն վերաբերվեց, քանի որ նրա փաստերի համաձայն` ծծմբաթթվի կիրառմամբ ստորգետնյա տարալվացման մեթոդները ռիսկեր են պարունակում գրունտային եւ ստորգետնյա ջրերի համար` ախտահարելով նորանոր տարածքներ արդեն հանքի փակումից հետո: Նա բերեց Չեխիայի եւ Գերմանիայի օրինակը, որտեղ ուրանային հանքերը շահագործվում էին նախկին ԽՍՀՄ-ի կողմից, եւ որտեղ ռադիոակտիվ ախտահարումը ստորգետնյա ջրերի միջոցով տարածվել է տասնյակ կիլոմետրեր: Մասնավորապես Չեխիայում ուրանի հանքավայրի տարածքը սկզբում կազմում էր 5,6 քառակուսի կիլոմետր, իսկ փակումից հետո ախտահարման դաշտը ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններով կազմեց մոտ 28 քառակուսի կիլոմետր:

Սանասարյանը նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, ՀՌԼԿ-ի ներկայացրած հետազոտման նախագծում նշված է, որ Սյունիքի մարզի Փուխրուտի հանքավայրում ուրանի մոտավոր պաշարները կազմում են 1-3 հազար տոննա: «Ապա Հայաստանի ո՞ր մարզերում է հանքահանվելու մնացած ուրանը, եթե Կիրենկոն եւ մյուս ղեկավարները խոսում են Հայաստանում 30 կամ նույնիսկ 60 հազար տոննա ուրանի մասին,- հարցրեց Սանասարյանը,- ստացվում է, որ դա միայն սկիզբն է»: Նա նաեւ ասաց, որ հանքահանման անվտանգության մասին բոլոր բացատրությունները կարող են հիմնավորված լինել միայն այն ժամանակ, երբ կա լուրջ գիտական հետազոտություն եւ ստույգ նախագիծ: «Ինչպես երեւում է, նախագիծ չկա»,- ընդգծեց Սանասարյանը:

Ուրանի ծարգրի նկատմամբ իրենց մտահոգությունը հայտնեցին նաեւ այլ հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչները: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանն ասաց. «Ոչ ոք մեզ տվյալներ չներկայացրեց այն մասին, թե որքանով է այդ ծրագիրն անհրաժեշտ Հայաստանին: Մենք էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք եւ պատրաստ ենք այն վաճառել:  Նուբարաշենի աղբավայրում հենց այնպես վառվում է մեթանը, որը կարող է օգտագործվել էլեկտրաէներգիայի արտադրության համար: Հիմա էլ ուրանը: Ինչ-որ մեկը մտադիր է հարստանալ, իսկ ի՞նչ է լինելու մարդկանց հետ»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ Հայաստանում բնական պաշարների օգտագործման մոտեցումը պետք է փոխել: «Ամբողջ երկիրը ծածկված է խոցերով, պոչամբարներով, բաց հանքերով: Ինչպե՞ս կարելի է խոսել տուրիզմի զարգացման մասին, եւ, ընդհանապես, կայուն զարգացման մասին, երբ վերցված հիմնական ուղղությունը չվերականգնվող ռեսուրսների օգտագործումն է»,- հատնեց նա:

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչ Գագիկ Սուխուդյանը ուշադրություն հրավիրեց առկա արտաքին ռիսկերի վրա, օրինակ` երկրաշարժ, ռազմական կոնֆլիկտներ եւ այլն: Ի՞նչ երաշխիքներ է տալիս ծրագիրը` հարցրեց նա:

Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանի ելույթը նվիրված էր Սյունիքում առաջացած էկոլոգիական աղետին: Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ մարդկանց անվտանգության համար շատ բաներ են նախապատրաստվում, սակայն ներկա դրությամբ ոչինչ չի արվում, երբ մարդկանց առողջությունը հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության արդյունքում արդեն իսկ վտանգված է: «Ապա ի՞նչ կլինի, եթե դուք սկսեք շահագործել ուրանի հանքերը»,- հացրեց Ս.Ադամյանը:

««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն սկսել է Սյունիքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության ծրագիրը: Լեռնաձոր համայնքի 9 բնակավայրերից 4-ը հետազոտությունների գոտում են գտնվում: «Ուրան» անունն արդեն տագնապի, անհանգստության առիթ է տալիս: Մարզի բնակչությունն արդեն մի քանի ամիս է, լսում է «ուրան» անունն ու անտեղյակ է, թե ինչ է կատարվում մեր կողքին: Մենք դեմ չենք մեր երկրի տնտեսական զարգացմանը, այլ երկրների հետ համագործակցության ծավալների ընդլայնմանը, երկրագնդի վրա ավելի հաստատուն տեղ գրավելուն: Մենք ուզում ենք տեղեկանալ, թե այդ ամենը ինչ է արժենալու մեզ համար:

Վտանգվում է մեր ապագան: Մենք պարտավոր ենք ապահովագրել մեր վաղվա օրերը: Տնտեսապես զարգացած երկիրն առանց մարդկային ներուժի դատապարտված է»: Սյունիքի մարզի «Ազատամարտ» Կապանի տարածաշրջանի զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավունքների պաշտպանության կոմիտեի այս  հայտարարությունը պաշտոնապես հանձնվեց ՀՀ բնապահպանության եւ էներգետիակայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին:

Փետրվար 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր