

ԷկոԼուր
60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Հոկտեմբերի 1-ին ընձառյուծի մոնիտորինգի անցկացման ընթացքում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF) փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը եւ Նռնաձոր գյուղի բնակիչ Մկրտիչ Բոյաջյանը հայտնաբերել են այգու ցանկապատի փշալարերի մեջ սատկած գազանի մարմին, որը Ալեքսանդր Մալխասյանը նույնացրել է զոլավոր բորենու հետ:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Մալխասյանը հայտնեց, Հայաստանի նոր Կարմիր Գրքում այդ հազվադեպ հանդիպող տեսակի ընդգրկումը հարցականի տակ էր, քանի որ երկար տարիների ընթացքում ապացույցներ չկային, որ այդ տեսակը պահպանվել է Հայաստանում: «Այնուամենայնիվ, որոշում ընդունվեց զոլավոր բորենուն ընդգրկել ՀՀ Կարմիր Գրքում` հաշվի առնելով որոշ հանգամանքներ, եւ, ինչպես տեսնում եք, որոշումը ճիշտ էր»,- ասաց Ալեքսանդր Մալխասյանը:
Տեղում մնացել էին գլուխը, թիակոսկրր, ոտքերը և շագանակագույն ու սպիտակ մորթու բզկտված կտորները: Դրանք Ա. Մալխասյանի կողմից վերցվել են հետագա հետազոտության համար և այժմ գտնվում են WWF-i ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի տրամադրության ներքո:
Հայաստանում բորենու հայտնաբերման փաստը առաջին հավաստի տեղեկությունն է 1940թ.-ից ի վեր, երբ որոշ տվյալների համաձայն մի առանձնյակ էր գրանցվել Երևանի արևմտյան մերձավոր տարածքում: Հայաստանում բորենու մասին տպագրված գիտական հավաստի տվյալները խիստ սակավ են: Ըստ որոշ գիտական աղբյուրների` 20‐րդ դարի սկզմից ի վեր բորենին երբեմն գրանցվում էր Արաքս գետի ավազանում` երկրի արևմտյան (Էջմիածնի շրջան) և հարավային (Մեղրիի շրջան) հատվածներում, ինչպես նաև հյուսիս-արևելքում (Շամշադինի և Իջևանի շրջաններ): Գիտական գրականության մեջ բորենու մասին վերջին տեղեկությունը գրանցվել է 1925թ.-ին, երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում: Այս կենդանատեսակի ապրելավայրերի կորուստը Հայաստանում նրա անհետացման հիմնական պատճառն է: Համապատասխան բիոտոպերը (հարթ կիսաանապատեր և չոր նախալեռներ) ի սկզբանե սահմանափակվում են Արարատյան դաշտավայրով և Մեղրիի շրջանում` Արաքսի հովտով, որոնք գրեթե ամբողջությամբ մշակվում են որպես դաշտավայրեր, պտղատու և խաղողի այգիներ:
Զոլավոր բորենին միջին չափի գիշատիչ կաթնասուն է, որն արտաքինից նման է շանը: Մեջքն ունի կորություն դեպի պոչը, իսկ կողքերն աչքի են ընկնում սև կամ դարչնագույն ուղղահայաց զոլերով: Մարմնի գույնը բաց մոխրագույն կամ բաց շագանակագույն է: Կոկորդի վրա կա սև բիծ, իսկ ոտքերը զոլավոր են: Գլուխը կլորավուն է, ունի սուր երախ և երկար ականջներ: Չնայած բորենին սնվում է լեշով, մեծ և փոքր կենդանիներով, միջատներով, պտուղներով և հատապտուղներով, այն ունի շատ ուժեղ ծնոտներ, որոնք կարող են նույնիսկ ոսկոր կոտրել: Այս տեսակի ապրելավայրերը ներառում են կիսանապատներ, չոր բլրային տարածքներ և գետամերձ խիտ բուսականություն` մինչև 2100 մ ծովի մակարդակից բարձության վրա:
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) ջանում է ավելի զարգացնել կենսաբազմազանության մոնիտորինգի գործընթացը, հատկապես` «Արևիկ» ազգային պարկում, որի շրջակայքում էլ գտնվել էր այս կենդանին, ու որտեղ, հավանական է, որ մի քանի առանձնյակներ դեռևս կարող են գոյատևել: WWF-ի հայաստանյան մասնաճյուղը որակավորում է սույն հայտնաբերումը որպես կարևոր նախապայման տվյալ կենդանատեսակի հետագա ուսումնասիրությունների համար և նախանշում է իր գործողություններն ուղղված տարածաշրջանում այս տեսակի վերականգնմանը:
Հոկտեմբեր 08, 2010
