Բնապահպանության նախարարություն. «Մաքուր Երկաթ» ԲԲԸ-ի և «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ի արտանետումները նորմայի սահմաններում են

Բնապահպանության նախարարություն. «Մաքուր Երկաթ» ԲԲԸ-ի և «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ի արտանետումները նորմայի սահմաններում են

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ ստացավ Երևանի բնակչից, որ «Մաքուր Երկաթ»  և «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ընկերությունների արտանետումներից կից բնակավայրերում երեկոյան 21.00 -01.00-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր չէ շնչել: «Այդ ժամերին մոտակա բնակավայրերում տարածվում է խիստ ծանր հոտ, որն ուղեկցվում է շնչառական ուղիների գրգռմամբ և սրտխառնոցով, ինչպես նաև, երբեմն, գլխացավերով: Խնդրում եմ օգնել բացահայտել արտանետումների իրական ծավալը և թույլ չտալ ի շահ իրենց թունավորել շրջակա բնակիչներին և միջավայրը»,- մասնավորապես ասված էր ԷկոԼուրին ուղղված ահազանգում:

ԷկոԼուրն ահազանգը փոխանցեց ՀՀ բնապահպանության նախարարությանը, նաև հարցրեց. «1. Անցկացվու՞մ է այս գործարանների մոտակայքում մթնոլորտային օդի արտանետումների վերաբերյալ մոնիտորինգ, եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել այդ մոնիտորինգի արդյունքները: 2. Վերջին անգամ երբ է այս ընկերություններում բնապահպանական տեսչությունը ստուգումներ անցկացրել և որ ժամերին, արդյո՞ք հայտնաբերվել են չարաշահումներ: 3. Ընկերությունների ծխնելույզները կահավորվա՞ծ են ֆիլտրերով»:

 ԷկոԼուրի հարցադրումներին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը տեղեկացրեց. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական  տեսչության Երևանի բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նշված ձեռնարկությունները գտնվում են արդյունաբերական տարածքում, որտեղ գործում են մեկ տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց աշխատանքի արդյունքում մթնոլորտ են արտանետվում տարբեր տեսակի և քանակի նյութեր (գազեր): Բոլոր ձեռնարկություններն ունեն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվություններ և աշխատում են նորմայի սահմաններում, ինչը հաստատվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքում www.armmonitoring.am տեղադրված տվյալներով»:

Հուլիս 20, 2016 at 19:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր