«ԱրմՕյլ»-ի նավթամթերքի վերամշակման գործարանը գրեթե կառուցված է, սակայն ռիսկերը դեռ գնահատված չեն

«ԱրմՕյլ»-ի նավթամթերքի վերամշակման գործարանը գրեթե կառուցված է, սակայն ռիսկերը դեռ գնահատված չեն

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «ԱրմՕյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանը գրեթե կառուցված է, սակայն ռիսկերը դեռ գնահատված չեն:

ԷկոԼուրը հարցում էր ուղարկել ՀՀ արատակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տրամադրել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող այս վտանգավոր օբյեկտի ռիսկերի ուսումնասիրության արդյունքները:

Ի պատասխան հարցմանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը տեղեկացրեց, որ փորձաքննություն գործարանի կառուցումը չի անցել:

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, արձագանքելով ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչների դիմումներին, ուսումնասիրում է «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից գործարան կառուցելու վերաբերյալ բարձրացված հարցերը:
Հայտնում եմ, որ «Արմօյլ» ընկերության տնօրինությունը դիմել է ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ գրանցվելու և համապատասխան տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնելու նպատակով:

Ձեր հարցադրումների հստակ պատասխանը կլինի համալիր փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո», - ասված է ԱԻՆ-ի պատասխան նամակում:

Նշենք, որ «Արմօյլ»-ի գործարանի կառուցումը չի անցել նաև բնապահպանական փորձաքննություն: Չնայած այս ամենին, սույն թվականի օգոստոսի 30-ին ՀՀ կառավարությունը մաքսային և հարկային արտոնություն տվեց ընկերությանը` հետաձգելով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով: Կառավարության պաշտոնական կայքի համաձայն` ընկերությունը կառուցում է ամբողջովին նոր գործարան, իսկ նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 միլիարդ ՀՀ դրամ:

Կառավարության նիստին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն ուսումնասիրում է «Արմօյլ»-ի հայտը: «Մասնագետներ կան ներգրավված, քիմիկոսներ, որոնք տվել են իրենց եզրակացությունը, որը գործի մեջ է: Տեսչական մարմինը իր որոշումը բեկանել է, սակայն փորձաքննական գործընթացի հետ դա որևիցե առնչություն չունի:

Կազմակերպությունը դեռևս չունի իր դրական եզրակացությունը` ՇՄԱԳ գործընթացի: Ենթակա է արդյոք փորձաքննության, թե` ոչ, դա փորձաքննական ՊՈԱԿ-ի որոշելինք է: Դրական եզրակացություն ստանում է, թե չի ստանում, բնապահպանական ազդեցությունների մասով Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ՊՈԱԿ-ը պետք է տա: Եթե գործունեության արդյունքում պարզվի, որ ենթադրենք, բացասական եզրակացություն է ստացվում, ապա գործունեությունն ուղղակի չի կարող իրականացվել»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարը:

Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը երկու անգամ հետ է վերադարձրել «Արմօյլ» ընկերության փաստաթղթերը ոչ լրակազմ լինելու պատճառով: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Արմօյլ» ընկերությունը երկու անգամ փաստաթղթերը հետ ստանալուց հետո նոր հայտ փորձաքննության չի ներկայացրել:

18:48 Սեպտեմբեր 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news