

ԷոԼուր
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարության շուրջ բողոքները շարունակվում են: Գործարանին հարակից գտնվող այգիների սեփականատեր, «Ռիվալ» ՍՊԸ-ի հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը դիմում է Հայաստանի կառավարությանը և պահանջում դադարեցնել գործարանի ապօրինի շինարարությունը, անցկացնել տեխնիկական անվտանգության, բնապահպանական փորձաքննություններ և տալ երաշխիք, որ շահագործման դեպքում գործարանը վնասներ չի հասցնի շրջակա միջավայրին, իր տնտեսությանը, մարդկանց կյանքին և առողջությանը:
Ռաֆիկ Վիրաբյանը ներկայացրեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից 2018 թ-ի օգոստոսի 24-ին ստացված նամակը, որի համաձայն «Արմօյլ» ՓԲԸ-ն չունի շինարարական աշխատանքների թույլտվություն: Խնդրի կարգավորման համար Քաղաքաշինության կոմիտեն դիմել է Կոտայքի մարզպետին:
Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն էլ Ռաֆիկ Վիրաբյանին 2018թ-ի հուլիսի 24-ին ուղարկված նամակով տեղեկացրել է, որ «Արմօյլ»-ը ինքնակամ շինություններ է կառուցել և 4 անգամ տուգանվել՝ ընդհանուր 800.000 դրամի չափով:
«Համայնքապետի դեմ Վարչական դատարան հայց եմ ներկայացրել: Արդեն վարույթ են ընդունել: Մեր փաստաբանը գրել է՝ դուք օրենքի պահանջները թերանում եք կատարել, 3 անգամ տուգանելուց հետո պարտավոր եք դիմել իրավապահ մարմիններին, ինչո՞ւ չեք դիմում: Մենք ենք իր փոխարեն դիմում», - նշեց Ռաֆիկ Վիրաբյանը:
Գործարանի շինարարությունը փորձել է կանգնեցնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, քանի որ ընկերությունը չի իրականացրել օրենքով նախատեսված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ Սակայն ընկերությունը շարունակել է շինարարությունը:
Այս տարվա օգոստոսին տեսչական մարմնում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Արմօյլ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պնդեցին, որ փորձաքննության կարիք չկա, գործարանում նավթավերամշակում չի իրականացվելու: Այնուամենայնիվ, Բնապահպանության նախարարություն ընկերությունը երկու անգամ փաստաթղթեր է ներկայացրել փորձաքննության, սակայն ոչ լրակազմ լինելու պատճառով դրանք հետ են վերադարձվել:
Գործարանի շինարարությունը չի անցել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունից պատասխան ենք ստացել, որ գործարանի տարածքում փորձաքննություն չի անցկացվել, ընկերությունը փաստաթղթեր չի ներկայացրել: Իսկ այնտեղ կան բոյլերներ: Սա նշանակում է, որ եռացման գործընթաց է լինելու: Ինչպե՞ս պետք է այդ գործընթացն իրականացվի, եթե ԱԻՆ-ից չկա համապատասխան թույլտվություն», - ասաց Ռաֆիկ Վիրաբյանը:
Գործարանի կառուցման առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, այն հիմքով, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարներում երևում է, թե ինչ մեծամաշտաբ շինարարություն է իրականացվել ամռան ընթացքում:
2018-ի հունիս
2018-ի օգոստոս
Վիրաբյանի այգիների տարածքը 5 հեկտար է՝ 6000 մշակովի ծառերով: Նա նշում է, որ մոտ 300 հազար դոլար գումար է ծախսել այդ տնտեսությունը ստեղծելու համար:
«Ալֆրեդ Աբեդին հեռուստատեսությամբ ինձ զրպարտում է, իբր թե իմ այգիները ստվերային են: Ինչպես կարող են ստվերային լինել, եթե ես պայմանագիր ունեմ ՋՕԸ-ի հետ, ջրի վարձ եմ վճարում, հողի հարկ եմ վճարում: Ես վարելահողը սարքել եմ այգի՝ հող եմ բերել, գոմաղբ եմ բերել, մելիորատիվ աշխատանքներ են կատարվել, կաթիլային ոռոգման համակարգ անցկացրել, հսկայական գումարներ ծախսել: Ես ունեմ տասնյակ պայմանագրեր, մեր արտադրանքն արտահանում ենք Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Կանադա, Դոմինիկյան Հանրապետություն: Որ իմացան մեր կողքը նավթամթերք են վերամշակում, մեր չիրը չեն վերցնելու: Մենք էկոարտադրանք ենք տալիս՝ առանց շաքարի, առանց թույների: Մեր միրգը մինչև վերամշակվելը տարբեր տեսակի փորձաքննություններ է անցնում:
Եղվարդում բացի իմ ընկերությունից 6-7 ձեռնարկություն կա, 600-ից ավելի մարդ է աշխատում՝ կաթի գործարանը, կերերի գործարանը, կոնյակի գործարանը և այլն: Այդ թաղամասում բնակիչներ կան: Սա անտեսում են: Տեղական ձեռնարկության նկատմամբ անտարբեր մոտեցում է: Ես խոշոր հարկատու եմ, 106-րդ տեղում եմ, տարեկան 1 միլիարդ 200 միլիոն դրամ հարկ եմ վճարում, սպիտակով աշխատում եմ», - ասաց Ռաֆիկ Վիրաբյանը:
Վերջինիս պատվերով ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտն անցկացրել է ուսումնասիրություն՝ հենվելով հասանելի տվյալների վրա, քանի որ գործարանի կառուցման նախագիծ հրապարակված չկա: Ինստիտուտի եզրակացության համաձայն՝ արդի պայմաններում պետք է խստիվ արգելվի նավթամթերքի վերամշակումը ՀՀ-ում, մինչև մանրակրկիտ և լուրջ ուսումնասիրություն կատարելը:
Գործարանի հարևանությամբ է գտնվում նաև շինանյութերի արտադրությամբ զբաղվող «Սեմուր ընդ Կո» ընկերությունը: Իսկ «Սեմուր ընդ Կո»-ի Հանրային կապերի մասնագետ Ելիզավետա Ասատրյանի խոսքով՝ իրենք տվել են համաձայնություն պահեստի կառուցման համար, ոչ թե գործարանի:
«2014 թ-ից հետո մենք իմացանք, որ կառուցում են նավթավերամշակման գործարան: Նման գործարանի համար թույլտվություն մենք չենք տվել, իսկ իրենք անհարկի ամեն տեղ շահարկում են մեր անունը: Հիմա էլ ասում են, որ մենք գործարանում ներկում ենք անում: Դա թյուր ինֆորմացիա է: Մենք մեր գործարանում ոչ մի բան չենք ներկում, ընդամենը երկաթ ենք կտրտում, ներկված թիթեղը գալիս է արտասահմանից:
Ընկերությունը տեսչական մարմնում ժողովից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շինարարությունն ավարտված է: Բայց մենք ամեն օր նկարում ենք՝ ինչպես է շարունակվում շինարարությունը. նոր ամբար կառուցեցին, նոր պատ կառուցեցին, նոր մասնաշենք կառուցեցին, և այդ ամենն արվում է շատ արագ: Բացի այդ, 2 մեծ ծխատար են կառուցել: Սա այն դեպքում, երբ ասում էին, որ արտանետում, թափոն չի լինելու: Ինչի՞ համար են այդ ծխատարերը, եթե արտանետում չի լինելու: Հասկանալի է, որ լինելու են արտանետումներ», - ասաց Ելիզավետա Ասատրյանը:
«Մենք անձնական ոչինչ չունենք ընկերության դեմ: Մենք պետությունից պահանջում ենք երաշխիք, որ մեր չրի արտադրությանը, ծառերին, բնությանը, մեր առողջությանը վնաս չի հասցվելու: Ինչո՞ւ չեն տալիս: 1.5 տարի է՝ բողոքում ենք, ոչ ոք մեզ դրական պատասխան չի տալիս: Դա Եղվարդում կառուցելու բան չէ: Դա որ պայթեց, քաղաքի կեսը տանելու է հետը: Ես մինչև վերջ գնալու եմ, մինչև Եվրոդատարան», - հավելեց «Ռիվալ» ՍՊԸ-ի հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը:
Նշենք, որ գործարանի շինարարության դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները https://www.ecolur.org/hy/news/air/---/10276/: Գործարանը գտնվում է բնակելի տներին շատ մոտ և, ինչպես նշում են բնակիչները, սպառնալիք է առողջության և կյանքի համար:
Գործարանի կառուցումն իրականացվում է նաև ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներդրումներով:
Նոյեմբեր 05, 2018 at 00:28