Կառավարությունը պետք է միջամտի Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների վարկային վճարների հարցում. Օլեգ Դուլգարյան

Կառավարությունը պետք է միջամտի Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների վարկային վճարների հարցում. Օլեգ Դուլգարյան

ԷկոԼուր

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 15-ին հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և նրանից տեղեկացան, որ բանակցություններ են ընթանում ռուսական «ՎՏԲ» բանկի և «Էյ Սի Փի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ:

Մինչ այդ, փետրվարի 12-ին, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը նամակով դիմել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որտեղ ասված էր, թե «ԷյՍիՓի» ընկերության արտադրական գործունեության վերսկսման հնարավորությունը կախված է ՎՏԲ բանկի պլաններից և որ իրենց համար հստակ չէ, թե ինչ է պատրաստվում անել ՎՏԲ բանկը:

«Կարևորելով ընկերության մասով ՎՏԲ բանկի որոշումների և գործողությունների պարզաբանման անհրաժեշտությունը` ընկերությունը մտադիր է համապատասխան հարցում ուղարկել ՎՏԲ բանկին՝ հույս ունենալով ստանալ հստակ պատասխան: Համայնքում սոցիալական ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի նստել վերոնշյալ իրականության հետ և դիտարկել նաև այլընտրանքային տարբերակներ», - գրված է նամակում:

Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանի խոսքով, այս պահին գործարանի աշխատակիցները սպասողական վիճակում են: Մեկ շաբաթ ժամանակ են տվել, որից հետո աշխատակիցներին կտեղեկացնեն, թե ինչ փուլում են գտնվում բանակցությունները:

«Սպասում են ՎՏԲ բանկի պատասխանին: Այս ընթացքում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը կհանդիպի աշխատակիցներին և թարմ տեղեկատվություն կտրամադրի՝ տեղեկատվական վակուումից խուսափելու համար, որովհետև գործարանի աշխատակիցներն իրականում չգիտեն, թե ինչ է կատարվում», - նշեց Դուլգարյանը:

Գործարանի տնօրինության ներկայացմամբ՝ գործարանի փակվելու առաջնային խնդիրը էկոլոգիական խնդիրներն էին, որից հետո կառավարությունը արտանետումների համար տուգանք էր սահմանել: Այնինչ, ըստ Դուլգարյանի, խնդիրը ՎՏԲ բանկի հետ էր կապված: Բայց բանկն էլ դեռևս իրավաբանորեն իրավունքներ չունի Ալավերդու պղնձաձուլարանի նկատմամբ:

«Կառավարության ներկայացուցիչները նշում են՝ եթե գործարանը չփակեին, այն մինչ հիմա էլ կաշխատեր: Ոչ ոք չի ստիպել գործարանը փակել: Տուգանքը սահմանվել էր, բայց կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այս պահին տուգանքը չեն ուզում, միայն թե ժամանակավորապես գործարանը աշխատի: Այս դեպքում գործարանը փակվել է գործարանատերերի ցանկությամբ: Բազմաթիվ մասնագետներ ասում են, որ գործարանի այս պահին աշխատելը գրեթե անհավանական է, որովհետև այն կանգ է առել և տեխնիկական պայմանները թուլացել են: Եթե հիմա փորձեն վերսկսել աշխատանքները, ապա բավական ժամանակ  ու ծախսեր կպահանջվեն:

Ոչինչ պարզ չէ, իսկ աշխատակցիներն այդ պարզությունն են ուզում: Նրանց հիմնական պահանջը իրենց սոցիլական խնդրին արձագանքելն է: Իրենց համար միևնույն է, թե ով կաշխատեցնի գործարանը կամ ինչ աշխատանք կլինի, իրենք ուղղակի ուզում են աշխատանք ունենալ: Մարդիկ ֆինանսներ չունեն, հայտնվել են խուճապային իրավիճակում: Մեծ վարկեր ունեին վերցրած, հիմա այդ վարկերի տոկոսադրույքները չվճարելու խնդրի առաջ են կանգնած: Եվ այստեղ պետք է կառավարության միջամտությունը: Պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն, որպեսզի բանկային վճարումները այս պահին կամ կասեցվեն, կամ երկարացվեն, կամ փոխվեն տոկոսադրույքների չափերը», - նշեց նա:

Դուլգրայանը նաև տեղեկացրեց, որ նախաձեռնել է Ալավերդիում փորձագիտական ֆորում անցկացնել, որի վերջնանպատակը Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումն է:

«Ի դեմս մեր կազմակերպության, առաջիկա մեկ-երկու ամիսներին հայաստանյան լավագույն փորձագետներին հավաքելու ենք Ալավերդիում, երկու օր կարիքների գնահատում կիրականացվի, որից հետո կմշակվեն սոցիալական բիզնեսի նախագծեր Ալավերդիում այլընտրանքային զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ», - նշեց Դուլգարյանը:

 

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:46 Փետրվար 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news