«Վալլեքս»-ը երկու ամսով երկարացրեց պայմանագրերը Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ

«Վալլեքս»-ը երկու ամսով երկարացրեց պայմանագրերը Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ

ԷկոԼուր

«Վալլեքս» խումբը ևս երկու ամսով երկարացրեց պայմանագրերը Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ:

«Վալլեքս»-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Տեղեկացնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։ Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար»։

13:48 Փետրվար 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news