Կորոնավիրուսը և շրջակա միջավայրը

Կորոնավիրուսը և շրջակա միջավայրը

ԷկոԼուր

Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ամբողջ աշխարհում տեղի ունեցավ տնտեսական ակտիվության կտրուկ անկում, նվազեց էլեկտրաէներգիայի սպառումը, փոխվեց տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցին աշխատել ձեռնարկությունները։ Ի՞նչ կատարվեց մոլորակի էկոլոգիայի հետ։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, յուրաքանչյուր 10 մարդուց 9-ն այսօր շնչում են աղտոտող նյութերի բարձր կոնցենտրացիաներ պարունակող օդ, ինչը տարեկան կտրվածքով  մոտ 7 միլիոն մարդկանց մահվան պատճառ է դառնում։ 

ԱՄՆ։ Նյու Յորքը համարվում է ԱՄՆ-ի ամենաաղտոտված քաղաքներից մեկը։ Կոլումբիական համալսարանի տվյալների համաձայն՝ 2020 թ․ մարտին  տրանսպորտային աղտոտվածությունը Նյու Յորքում 2019 թ․ նույն ժամանակատվածի համեմատությամբ կրճատվել է 35%-ով։ Գրանցվել էր ածխաթթու գազի արտանետումների քանակի նվազում շուրջ 50%-ով։ Ավելացել է հեծանիվների վարձույթից օգտվողների թիվը։

Լուսանկարը՝ www.bbc.com

Չինաստան։ ՆԱՍԱ-ի կողմից արված լուսանկարները ցույց են տալիս Չինաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցումը։ 2020 թ․ փետրվարին Չինաստանում 25%-ով կրճատվել են ածխաթթու գազի արտանետումները  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Դա տեղի է ունեցել ավիափոխադրումների կրճատման և արտադրության անկման հետևանքով։ Եթե այս ցուցանիշները պահպանվեն մեկ տարի, ապա օդի աղտոտվածության հետևանքով մահացությունները կկրճատվեն 50-100 հազարով։ Այս մասին հայտնում են Cicero-ի՝ Օսլոյի կլիմայի միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտնականները։ 

Լուսանկարը՝ ՆԱՍԱ

Իտալիա։ Իտալիայի, ինչպես մի շարք եվրոպական երկրների սահմանները փակ են զբոսաշրջիկների համար։ Վենետիկի ջրանցքներն այս օրերին իրենց ոչ բնորոշ պարզությունն ունեն այն դեպքում, երբ դրանք սովորական ժամանակներում գրեթե ճահիճներ էին հիշեցնում։  Այս օրերին ջրանցքները մաքրվել են։  

Լուսանկարը՝ www.ria.ru

Հնդկաստան։ Հնդկական Ջալանդհարա քաղաքի բնակիչներն էլ այս օրերին հնարավորություն ունեն հիանալու Հիմալայների գեղեցկությամբ, որն, ի դեպ առաջին անգամ են տեսնում։ Երկրում երթևեկության և արտադրական ձեռնարկությունների աշխատանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը դրական է անդրադարձել շրջակա միջավայրի վրա։

Լուսանկարը՝ www.pikabu.ru

Հայաստան։ Արտակարգ դրության սահմանումը դրական է ազդել Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակության ցուցանիշների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրապարակված տվյալները։ Մարտի 22-ից Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սկսել է նվազել։ Մարտի 22-31-ն ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, իսկ փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով: Սա այն դեպքում, երբ մարտի 1-21-ին  փոշու պարունակությունը մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 

Մասնավորապես, մայրաքաղաքի Ագաթանգեղոս-Լուսավորիչ խաչմերուկում՝ թիվ 18 դիտակետում մարտի վերջին տասնօրյակում գրանցվել է ավելի քան երկու անգամ քիչ աղտոտում, քան մարտի 1-21-ին։ Կարանտինային տասնօրյակում, պաշտոնական տվյալներով, այստեղ փոշու քանակը 0,21 մգ/խմ-ից կտրուկ նվազել է 0,10մգ/խմ-ի։ Փոշու քանակը 0,21 մգ/խմ է կազմել նաև 2020 թ․ փետրվարին։ Սա Երևանի ամենաաղտոտված հատվածներից է, որտեղ այս օրերին ավտոմեքենաների հոսքի նվազում է եղել։ 

Փետրվարին և մարտի առաջին երեք շաբաթներին փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումներ էին դիտվել նաև Արաբկիրում և Նոր-Նորքում տեղակայված դիտակետերում։ Այս վարչական շրջաններում մարտի վերջին գրանցվել է փոշու՝ նորմային համապատասխանող կոնցենտրացիա։  

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Հետք

Սակայն, ակնառու է նաև բացասական երևույթ: Համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնք ներկայացնում են Երևանի տարբեր այգիների, բակերի, խոտածածկ տարածքների աղտոտվածությունը ձեռնոցներով ու դիմակներով։

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Գլխավոր լուսանկարը՝ www.flacon-magazine.com



12:44 Ապրիլ 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news