ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Panorama.am

Մարտի 17-ին Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը կազմակերպել էր «Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում:

Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Հեղինե Հախվերդյանը նշեց, որ կազմակերպված հանրային քննարկումից հետո քննարկման ժամանակ հնչած առաջարկությունները, կենտրոնի առաջարկությունների հետ համատեղ կներկայացվեն ԱԺ «Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերամշակումն իրականացնելու համար:

Հեղինե Հախվերդյանի խոսքով, վերոնշյալ նախագիծը լրամշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և ներկայացվել է ԱԺ քննարկման:

Նրա խոսքով, ներկայացված վերոնշյալ նախագծում, առաջին հերթին, համալրվում է օրենքի հասկացությունների համակարգը: «Մինչ այս մենք չունեինք մթնոլորտային օդի հասկացությունը, այն գործող օրենքում թերի էր սահմանված: Իսկ այս նախագծում հստակ սահմանվել է մթնոլորտային օդ հասկացությունը»,- ասաց նա:

Հ. Հախվերդյանի խոսքով, այս նախագծում կարևոր և առանցքային կետը` պետական մարմնի և տնտեսվարողի հարաբերությունների հստակեցումն է, մասնավորապես, մթնոլորտային օդ կատարվող արտանետումների թույլտվություն ստանալու կարգի առումով:

Բանախոսի խոսքով, լրամշակված նախագծում հաջորդ դրական քայլն այն է, որ կարգավորվելու է մթնոլորտային օդ կատարվող արտանետումների թույլտվությունների տրամադրման կարգը: «Մեր կենտրոնը առաջարկելու է, որ արտանետումների թույլտվությունների տրամադրման կարգը լինի թափանցիկ, թույլտվությունների տրամադրման ընթացքից հասարակության անդամները նույնպես տեղյակ լինեն»,- ասաց նա:

Ըստ նրա, «Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում շատ դրական կետեր կան, ընդհանուր առմամբ, նախագիծը առաջադիմական է:

Նշենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ում արդեն անցել է առաջին ընթերցմամբ, իսկ առաջիկայում նախագծում լրամշակումներ անելուց հետո այն ներկայացվելու է ԱԺ երկրորդ ընթերցման:

ՆՈՐՄԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՂՏՈՏՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՇՆՉԵԼ 20 ՐՈՊԵ
Aysor.am


«Արտանետման թույլտվությունը տալու համար գոյություն ունի կարգ, որը սահմանվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ Սահմանադրությամբ կառավարության որոշումը հիմք չի կարող լինել կարգը սահմանափակելու համար: Իսկ իրավունքներն ու պարտականությունները պետք է օրենքի մակարդակով լինեն»,- այս մասին մարտի 17-ին նշեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների համահեղինակ, «Խազեր» հասարակական կազմակերպության անդամ Արամ Գաբրիելյանը:

Նրա խոսքով` կարգը սահմանում է, որ շնչառական մակարդակում արտանետումները պետք է լինեն սահմանափակ, որ մարդու առողջության նորմը չգերազանցեն:

«Յուրաքանչյուր վնասակար նյութի համար, որի թիվը հիմա Հայաստանում 300-ից ավել է, կա թույլատրելի կոնցենտրացիաների ցանկ», - ասաց Ա.Գաբրիելյանը:

«Յուրաքանչյուր նյութի համար չափորոշիչը 2 տեսակ է `առավելագույն թույլատրելի կարճաժամկետ և միջին օրական: Առաջինի դեպքում առողջ մարդ, աղտոտված միջավայրում շնչելիս, եթե նորմը չի գերազանցում, 20 րոպե կարող է շնչել, իսկ միջին օրեկանի դեպքում մեկ օր կարող է շնչել: Օրինակ` Co-ի համար, առավելագույն կարճաժամկետ չափը 5 միլիգրամն է սահմանված, իսկ միջին օրականը` 3 միլիգրամ»,- պարզաբանեց Ա.Գաբրիելյանը` նշելով, որ Co-ն երբեմն գերազանցում է միայն Երևանում:

Օրենքի համահեղինակը նշեց նաև, որ առաջին անգամ օրենքը սահմանումներ է մտցրել, օրինակ` մթնոլորտային օդ (մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ, որը գտնվում է շենքերից ու սենքերից դուրս), մթնոլորտ (երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսին և տարածվում մինչև մերձերկրային տիեզերական տարածություն), աղտոտող նյութ, վնասակար ներգործություն և այլն:

«Այս նախագիծը առաջարկում է նոր հոդվածներ, որոնք կհստակեցնեն լիազորված ու տարածքային մարմնի իրավասությունները, կնպաստեն Եվրամիությունում կիրառվող նոր տեխնոլոգիաների լավագույնս ներդրմանն ու կիրառմանը»,- ասաց Ա.Գաբրիելյանը:

Նշենք, որ Ազգային ժողովում օրենքի այս նախագիծն արդեն հաստատվել է առաջին ընթերցմամբ:

Մարտ 18, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news