Ի՞նչ կփոխվի գործարանի ծխնելույզի տեղափոխմամբ

Ի՞նչ կփոխվի գործարանի ծխնելույզի տեղափոխմամբ

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Ալավերդու բնապահպանական ծանր վիճակը մեղմելու նպատակով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի ծխնելույզը մոտակա Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելու աշխատանքները սկսվել է 2010թ.-ի մայիսի 15-ից:  

Կոշաբերդ սարի գագաթին արդեն տեղադրված է 20 մ բարձրությամբ, 3 մ տրամագծով  նոր ծխատար խողովակը:

«Քանի որ սարը շատ բարձր է, դրա համար խողովակի բարձրությունը մեծ չէ: Խողովակի նշակետը համընկնում է Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածի բարձրադիր վայրում գտնվող քոլեջի     ճանապարհի վերջին շրջադարձի հետ»,- ասում է ծխատարի տեղափոխման շինտեղամասի աշղեկ Սամվել Բեժանյանը: 

Ակնհայտ է, սակայն, որ ցածր խողովակն առաջին հերթին լուրջ սպառնալիք է դառնալու Կոշաբերդի հարևան լեռների փեշերին սփռված անտառների համար: Ըստ նախագծի հեղինակների՝ ծխնելույզի տեղափոխմամբ 10 անգամ նվազելու է գործարանի արտանետումներն Ալավերդու մթնոլորտ:  

Հիշեցնենք, որ տարեկան 12 հազար տոննա անզուտ պղինձ արտադրող ընկերության գործարանի արտանետումների 99.4 %-ը կազմում է ծծմբի երկօքսիդ: Ծխատարից տարեկան արտանետվում են նաև 8,7 տոննա մկդեղ, ցինկ, կապար, պղինձ, մագնեզիում և այլ քաղցկեղածին նյութեր:

Ծխատարի տեղափոխման շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Հունիսի 21-ին Կոշաբերդի լանջերին էքստրեմալ պայմաններում, գահավիժման պատրաստ ժայռերի  վտանգի տակ աշխատում էին 30 աշխատողներ ` չհաշված սպասարկման անձնակազմը: 

Շինարարական աշխատանքները կատարելու համար նախագծողները վտանգավոր տեղամասում շինարների համար ճանապարհ և աշխատանքնային անվտանգ պայմաններ չեն նախատեսել: Աշղեկը և բանվորները Կոշաբերդի լանջի շինտեղամասից Կոշաբերդի գագաթի տեղամաս ուղղակի մագլցում են: Իսկ ժայռերը «սպառնում» են  ոչ միայն շինարարների կյանքին, այլեւ ծխանցքի վրա կատարված աշխատանքերին:  

«Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանն ասում է, որ 10 օրվա ընթացքում շինտեղամասը կվնասազերծվի վտանգավոր քարերից: Բանվորները կատարում են ծխատարի  բետոնապատման և ծածկի աշխատանքներ.

«Ծխատարի 450 մետրը մենք արդեն ծածկել ենք»,- ասում է աշղեկ Սամվել Բեժանյանը:  

Ծուխը Կոշաբերդ սարի գագաթի ծխնելույզում հայտնվելու է բետոնապատ ծխատարների միջոցով: Բետոնից ծխատարի ընդհանուր երկարությունը 923 մետր է, որից 53 մետրը դեռեւս բետոնապատված չէ:

«500 մետր բետոնյա ծխատարի ծածկը դեռևս չենք կատարել: Բետոնային աշխատանքները կավարտենք հուլիսի 3-ին: Ամենաուշը երկու ամիս հետո  Կոշաբերդ սարի գլխին տեղադրված ծխնելույզը կգործի»,- ասում է աշղեկը: 

Ծխանցքի շինարարական աշխատանքները կատարող բանվորները շինարարական տեղամասեր տեղափոխվում են «Գազ 66» բեռնատար ավտոմեքենայով: Աշղեկ Սամվել Բեժանյանը դժգոհում է, որ ծխատարի կառուցման աշխատանքները շատ դժվար են ընթանում, քանի որ նախագծի հեղինակ լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից իրենց հանձնվել է ոչ ճիշտ նախագիծ:

Մենք գտնում ենք, որ նախագծման աշխատանքները կատարված է ընդամենը 50 տոկոսով: Նախահաշիվը չի համապատասխանում ծխատարի կառուցման  նախագծերին: Կան պատվիրատուի հետ կապված հարցեր, որոնք նախահաշվի հետ չեն համապատասխանում»,- ասում է աշղեկը: 

Այս հարցերը շտկելու համար, ըստ նրա, առայժմ ոչ մի բան չեն ձեռնարկել. «Էդ ձևի էլ գնում ենք: Հիմի թե վերջում վնասո՞վ կփակվենք, թե՞ օգուտով կփակվենք, դժվարանում ենք ասել»:

Ս. Բեժանայանը նաեւ գտնում է, որ նախագծում  նախատեսված չեն կազմակերպչական աշխատանքները. « Տեղամասն անհրաժեշտ մեխանիզմով ապահովված չէ, որը մտնում է կազմակերպչական աշխատանքների մեջ: Մենք աշխատում ենք պատահական միջոցներով»:

Ստեղծված իրավիճակում շինարարները կիրառել են իրենց մոտեցումները: Որպեսզի կարողանանա աշխատել, նրանք ծխատարն իրենց նախաձեռնությամբ ուրիշ ճանապարհով են տարել. «Պատվիրատուի հետ դա համաձայնացրել ենք»,- ասում է աշղեկը: 

Վերջինս բանվորները հետ դժգոհում է, որ նախագծման ժամանակ ընտրվել է աշխատանքի ամենաէժան միջոցները, ինչն «անհանդուրժելի է նման օբյեկտի դեպքում»:

«Այսօր համարյա 380 մետր ժոլոբով բետոն ենք իջեցնում: Սա առաջին դեպքն է Հայաստանում, որ 60 աստիճան թեքության տակ ժոլոբով բետոն է տեղափոխվում, դու բետոն ես որակազրկում: Ստիպված ցեմենտի գերածախս եմ տալիս: Ցեմենտի 320 կգ նորմայի դեպքում, ես բետոնի մեջ լցնում եմ 400-450 կգ ցեմենտ, որ կարողանանք նորմալ բետոն ստանալ»,- ասում է աշղեկը:

Շինարաները դեռ չգիտեն, թե վտանգավոր տեղանքում ծխատարի ծածկի աշխատանքներն ինչպես են կատարելու: Ծխանցքի վրա աշխատող բանվորները և աշղեկը բողքում են նաև իրենց աշխատավարձից. «Այսօր մարդկանց աշխատավարձը վճարվում է ամենաչնչին չափերով: Աշխատավարձը կազմում է 70-80 հազար դրամ, մարդ կա 90 հազար դրամ, մարդ էլ կա 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում»:

Սամվել Բեժանյանի կարծիքով՝ ծխատարը լավագույն դեպքում կշահագործվի օգոստոսի վերջերին: Տեղամասի բանվոր Ռուբիկ Էվոյանի կարծիքով էլ՝ «ծխնելույզը տեղափոխելով` թունավոր արտանետումներից Ալավերդին չի փրկվելու»: Վերջինս  գտնում է, որ Ալավերդին դրանից կփրկվի այն ժամանակ, երբ վերակառուցվի  ձուլարանի վառարանը:

«Էսօր, եթե մեր քաղաքում գազը խեղդում է մարդկանց, դա կոնվենտրի գազն ա: Նախ՝ ընկերությունը պետք է կոնվենտրի ռեկոնստրուկցիան կատարեր, հետո՝ մտածեր  ծխատարի համար»,- ասում է Էվոյանը, ով երկար տարիներ աշխատել է գործարանում:  

Սամվել Բեժանյանը նույնպես չի հավատում իր ղեկավարած տեղամասի աշխատանքի արդյունավետությանը. «Ծխնելույզի տեղափոխումով մենք ընդամենը 2,5 կմ մեծացնելու ենք թունավոր արտանետումների շառավիղը»: 

Կոշաբերդի գագաթի շինտեղամաս «Հետքը» այցելեց նաեւ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ  Սանասար Տիտանյանի հետ: Վերջինս նույնպես ծխնելույզի տեղափոխման օբյեկտը որակեց «շատ բարդ օբյեկտ»: Ըստ նրա՝ օբյեկտի նախահաշվային արժեքը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:  

Սանասար Տիտանյանն ասում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝  ծխատարը գործարկվելու է հուլիսի 15-ին` մետալուրգի օրը: Ինչ վերաբերում է ծխատարը ծածկելու դեռևս չլուծված խնդրին, Տիտանյանն ասում է. «Մենք ունենք ճանապարհի պրոբլեմ, որը պետք է մոտենա ծխատարին: Ես այդ հարցը բարձրացրել եմ ընկերության գործադիր տնօրեն Արզումանյանի առաջ: Երկու օրվա ընթացքում խնդիրը լուծվելու է:  Ծխանցքի վրա աշխատանքներ են կատարվելու նաև ճախարակի միջոցով»:

ՍՊԸ-ի նախագահը հավաստիացնում է, որ նախագծային պրոբլեմները լուծել են լեռնամետալուրգիայի ինստիտուտի հետ: Իսկ աշխատավարձի մասին «Հետքի» հարցին ի պատասխան՝ Տիտանյանը նշեց, որր դա «ֆիրմային գաղտնիք է»: Սակայն, այնումանեյանիվ, վերջինս փաստեց. «Վատ պայմաններում ենք աշխատում, չեմ ժխտում»:

15:42 Հունիս 27, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news