Բնապահպանական փորձաքննություն չանցած «ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցված չէ

Բնապահպանական փորձաքննություն չանցած «ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցված չէ

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բնապահպանական փորձաքննություն չանցած «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցված չէ:
Ինչպես ԷկոԼուրին փոխանցեց ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը, դրա համար չկան գրավոր հիմքեր:

«Մենք հիմա սպասում ենք ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի գրավոր պատասխանին` անցել է արդյոք փորձաքննություն նման նախագիծ, թե` ոչ, ինչ եզրակացություն է ստացել, և, ըստ այդմ, մենք մեր գործառույթները կիրականացնենք», - ասաց Վրույր Պեպանյանը:

Նշենք, որ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին հայտնել էին, որ «ԱրմՕյլ»-ը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել, և չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:

Եղվարդի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանի խոսքով` «Արմօյլ» ընկերությունն ունի քաղաքաշինական փորձաքննություն անցած նախագիծ, որի հիման վրա էլ Կոտայքի մարզպետարանը նրան տրամադրել է շինարարության թույլտվություն:

«Մենք ընդամենը տրամադրել ենք շինթույլտվություն, գործունեություն իրականացնելու մասին խոսք չկա, մենք դա չենք էլ տալիս, ոչ էլ մեր լիազորությունների շրջանակում է: Համապատասխան մարմինը պետք է անցկացնի փորձաքննություն, և եթե տեսնի, որ այդ գործունեությունը վնաս չէ էկոլոգիական, անվտանգության տեսանկյունից, պայթյունավտանգ չէ, թույլ տա, մենք էլ կողջունենք, որովհետև մեր համայնքին նոր աշխատատեղեր են պետք: Մենք սկզբունքորեն դեմ չենք, եթե ամեն ինչ արվի օրենքի համաձայն», - նշեց Կարեն Հարությունյանը:

Շինարարական աշխատանքները շարունակվում են, Կարեն Հարությունյանի խոսքով` ներկայում ընկերությունը գործարանի տարածքում պարիսպ է կառուցում:

«Արմօյլ» ընկերությունը «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Նշենք, որ այս ընկերությունը Հայաստանում ունի նավթի և գազի պաշարների երկրաբանական ուսումնասիրության համար ընդերքօգտագործման իրավունք:

Լուսանկարը վերցված է «Արմօյլ»ընկերության կայքէջից:

16:15 Հոկտեմբեր 18, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news