ՓՈՇԻՆ ԾԱԾԿԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1186 ՈՐՈՇՈՒՄԸ

ՓՈՇԻՆ ԾԱԾԿԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1186 ՈՐՈՇՈՒՄԸ

ԷկոԼուր

Դեռ 2008թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց 1186-Ն որոշումը, որն ուղղակիորեն վերաբերվում է ապրիլի 20-ի խուճապին, որն առաջացավ մի անգամից Հայաստանի մի քանի շրջաններում եւ Երեւանում` փոշու ամպի ի հայտ գալով: Որոշումը կոչվում է «Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության եւ օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերեվութաբանական երեւույթների կանխատեսման, ազդարարման եւ արձագանքման կարգը հաստատելու մասին»:
 
Որոշումը սահմանում է պետական կառույցների գործողությունները մթնոլորտի արտակարգ աղտոտման դեպքերում: Այսինքն` որոշման մեջ ուղղակիորեն ասված է, թե որ ծառայությունը պետք է կանխատեսի, որը որոշի աղտոտման աստիճանը, որ ծառայությունը ազդարարի հասարակությանը, որը հոգ տանի  կանխարգելման միջոցառումների մասին եւ պահպանի քաղաքացիների առողջությունը: Փոշու ամպը, որը ծածկեց Երեւանը, Հրազդանը, Արմավիրը եւ եւս մի քանի բնակավայրեր, ցույց տվեց, որ կառավարության որոշումը մնաց թղթի վրա, եւ մեր պաշտոնական գերատեսչությունները պատրաստ չեն արձագանքել թեպետ ժամանակավոր, բայց, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակին: Նշենք, որ առավոտվանից անհանգստացած բնակիչները մասսայականորեն խմբագրություններ էին գալիս` հարցնելով, թե ինչ է եղել:

Սոցիալական ցանցերում տարածվեցին տարբեր ենթադրություններ, որ դա Ճապոնիայից եկող ռադիոակտիվ փոշի է, ատոմակայանի պայթյունից առաջացած փոշի, ցեմենտի գորածարանի փոշին է, ինչպես նաեւ ոսկու հանքերի փոշին: Իսկ իրականությունն այն է, որ մինչեւ հիմա, մենք` բնակիչներս, որեւէ տեղեկատվություն չունենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փոշին: Չէ որ չի կարելի տեղեկատվություն համարել բնապահպանության նախարարության կարճ հաղորդագրությունը, որ փոշու աղտոտվածությունը Երեւանում գերազանցել է նորման ընդամենը 2-2,3 անգամ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ փոշու պարունակությունը նվազում է եւ կազմում է 1,7-1,8 անգամ նորմայից բարձր:

Մեզ համար մտահոգիչ է նաեւ Բնապահպանության նախարարության հայտարարությունը, որ փոշին անվտանգ է, ինչպես նաեւ անվտանգության հիմնավորումը, որ դա ՀԱԷԿ-ից արտահոսք չէր, եւ ոչ էլ ճապոնական Ֆուկուսիմայի պայթյունից առաջացած փոշի, այլ ընդամենը արաբական անապատների փոշին էր:

Առաջին, ո՞վ ասաց, որ արաբական անապատների փոշին միշտ անվտանգ է: Երկրորդ, որտե՞ղ են այդ փոշու բաղադրության եւ նրանում առկա տոքսիկ նյութերի վերլուծության արդյունքները: Հայտնի է, որ փոշին հրաշալի կլանիչ եւ տոքսիկ միացությունների աբսորբենտ, որոնք առկա են տրանսպորտի, կամ որոշ ձեռնարկությունների արտանետումներում: Որոշել` արդյոք փոշին վնասակար է, թե անվնաս, կարելի է որոշել միայն հատուկ ուսումնասիրությունների արդյունքում: Օդում ծծմբային անհիդրիդի կամ ազոտի օքսիդների պարունակության որոշելը ոչ մի ընդհանուր բան չունի փոշու վերլուծության հետ: Նախարարությունն այդ ուսումնասիրությունները կամ չի անցկացրել, կամ չի հրապարակել արդյունքները:

Փոշին գնաց, իսկ հարցումները մնացին, ըստ երեւույթին մինչեւ նոր արտակարգ իրավիճակներ:

Ապրիլ 21, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news