ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ 6-8 ՏՈԿՈՍՈՎ

ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ 6-8 ՏՈԿՈՍՈՎ

Tert.am

«Գլոբալ տաքացումը մի խնդիր է, որի դեմ պետք է պայքարեն բոլորը: Կարևոր չէ` պետությունը մեծ է, թե փոքր: Հիմնական ջերմոցային գազերի արտանետումները տալիս են զարգացած պետութունները` ԱՄՆ, Չինաստան: Բայց խնդիրը բոլորիս ուսերին է ծանրացած»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանը, լինելով կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ և Կիոտոյի արձանագրությունը վավերացրած երկիր, իրականացնում է ռազմավարություն` ավելի բարելավված շրջակա միջավայր ապահովելու համար: Այդ ռազմավարության մեջ մտնում է անտառային տարածքների պահպանումը, ծառատունկը, ջրային ռեսուրսների պահպանումը: Վերջինս, հատկապես, կարևոր է, քանի որ գլոբալ տաքացման հետևանքով մինչև 2030 թվականը սպասվում է ջրային ռեսուրսների կրճատում 6-8 տոկոսով:

Այժմ Հայաստանի առաջնային բնապահպանական խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է: Ինչպես նշեց Պապյանը, Սևանը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության նշանակություն: «2010-ին լճի մակարդակը 30սմ-ից ավելի բարձրացել է: Այժմ փորձում ենք լուծել ջրի որակի խնդիրները, կառուցում ենք մաքրման կայաններ: Հիշենք 90-ականների սկզբները, երբ Սևանը մեզ տվեց և՛ էլեկտրաէներգիա, և՛ ոռոգման ջուր, և՛ սննդամթերք»,- ասաց բանախոսը:

Պապյանը նշեց, որ գլոբալ տաքացման դեմ պայքարում համատեղ ջանքեր են անհրաժեշտ, մինչդեռ համաշխարհային հանրության շրջանում արդյունավետ համագործակցություն չկա` յուրաքանչյուր երկիր իր շահերն է պաշտպանում:

Հունվար 21, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր