ԷկոԼուր
Երեւանի ճանապարհաշինության համար 2014թ. կհատվի 3797 ծառ, որոնցից 3,568-ը մրգատու, 61-ը փայտանյութ տվող և 168-ը դեկորատիվ ծառեր են: Արտաշատի համայնքը կկորցնի ողջ մրգատու ծառերի 81%-ը: Այս մասին նշված է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման թիվ 1 ծրագրում (ՀՕՏԾ-1):
Աղբյուրի համաձայն` Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը բաժանված է երկու ենթածրագրերի: Մի ենթածրագրով նախատեսվում է Արգավանդի մայրուղի – Շիրակի փողոցի արևմտյան հատված հանգույցի կառուցում` մոտավորապես 1.3 կմ երկարությամբ: Ճանապարհն անցնում է Կարմիր բլուր կոչվող հնագիտական վայրով: Մյուս ենթածրագրում 3.7 կմ ճանապարհն ընդգրկում է Արշակունյաց պողոտայի լայնացումը, Արտաշատի խճուղու – Շիրակի փողոց նոր հանգույցը և Արտաշատի խճուղի - Նորագավիթի 1-ին փողոց հատվածի լայնացումը: Ծրագիրը նաև ներառում է` Արգավանդի մայրուղու փոխհատման բարելավում, Հրազդան գետի վրայով կամրջի կառուցում, Արշակունյաց պողոտայի և Նոր Շիրակի փողոցի միջև տարբեր մակարդակների վրա գտնվող փոխհատման կառուցում, Շիրակի փողոց և Արտաշատի խճուղու հատման կետում նույն մակարդակի վրա գտնվող օղակաձև հանգույցի կառուցում և դեպի տեղական ճանապարհներ մուտքերի և հանգույցների կառուցում:
Այս ճանապարհաշինության համար իրականացվելու են հողի օտարման և տարաբնակեցման 3 ծրագրեր (ՀՕՏԾ): Թիվ 1 ծրագիրը կընդգրկի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու հատվածը, թիվ 2-ը՝ Արգավանդի խճուղու և թիվ 3-ը՝ Նորագավիթի հատվածները:
Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման թիվ 1 ծրագիրը (ՀՕՏԾ-1) եւ բացառիկ գերակա շահ ճանաչեց Երեւանի եւ Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ:
ՀՕՏԾ-1-ի համաձայն` կօտարվի 114 հողամաս` ընդգրկելով 35,257.53 մ² ընդհանուր մակերեսով տարածք: 114 հողամասերից 90-ն օգտագործվում են որպես փոքր այգիներ` բանջարեղեն, մրգատու և փայտանյութ/դեկորատիվ ծառեր աճեցնելու նպատակով: Այս հողամասերը հիմնականում տեղակայված են մարդկանց բնակարանների դիմաց: Ճանապարհաշինության արդյունքում տարբեր տեսակի բանջարեղենի տարեկան կորուստը ընդհանուր կկազմի 1,159.29 կգ:
Հատման ենթակա 3,568 մրգատու ծառերի մեծ մասը բալի, մոշի, խնձորի, խաղողի և սալորի, ծիրանի, դեղձի, սերկևիլի, թթի, ընկույզի, թուզի և նռանը բերքատու ծառեր են: Մրգատու ծառերը կհատվեն 91 հողամասերից:
Կքանդվեն 38 շենքեր և շինություններ (2005.94 մ2), որոնցից 30-ը ոչ բնակելի են (1545 մ2), իսկ 8-ը` բնակելի (460.94 մ2):
Ազդեցության կենթարկվի տասնմեկ ձեռնարկատիրական գործունեություն, որից 5-ը` մշտապես, իսկ 6-ը` ժամանակավոր:
Ծրագրի ազդեցությանը կենթարկվի 115 ընտանիք 597 անդամներով` ներառյալ սեփականատերեր, վարձակալներ և հողամասերի/շինությունների օգտագործողներ, ձեռնարկատերեր: Դրանցից 85 ընտանիք կկորցնի գյուղատնտեսական եկամտի 10%-ը կամ ավելին: Կտարաբնակեցվի ավելի քան 200 մարդ:
ՀՕՏԾ 1-ի իրականացումը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի վերջը: Շինհրապարկի հանձնումը կապալառուին նախատեսվում է 2014 թվականի հունվարին: ՀՕՏԾ 1-ի իրականացման ընդհանուր բյուջեն, ներառյալ` փոխհատուցումը, վերականգնման նպաստը, ինչպես նաև ՀՕՏԾ-1-ի իրականացման վարչական ծախսերը և չնախատեսված ծախսերը կազմում է 780,142.063.25 ՀՀ դրամ, որը համարժեք է 1,902,785.52 ԱՄՆ դոլարին:
Պաշտոնական աղբյուրի համաձայն` ՀՕՏԾ 1-ի հանրային լսումների առաջին շրջանը կազմակերպվել է 2010 և 2012 թվականներին: Հետագա հանրային լսումները տեղի են ունեցել 2013 թվականի մարտին: Հանրային լսումների ընթացքում ներկայացվել են` իրավունքների սխեման, բողոքների լուծման մեխանիզմը, գնահատման մեթոդաբանությունը, չափագրման հետազոտությունը, ծրագրի քարտեզը` իրական չափագրումով և ազդեցության ենթակա անձանց անուններով, ինչպես նաև ազդեցության ենթակա անձանց հետ առանձին դեպքերի քննարկումներ: 76 տնային տնտեսություններ ներկայացնող ազդեցության ենթակա անձիք մասնակցել են հանրային լսումներին: Նշենք, որ այս հանրային լսումները ոչ մի կապ չունեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հասարակական լսումների հետ, որի ընթացքում ներկայցվում է գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այս պարագայում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման թիվ 1 ծրագրում ոչինչ նշված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, թե որքանով այս ճանապարհաշինությունը կազդի բնության վրա, որքան փոշի եւ այլ վնասակար նյութեր կարտանետվեն մթնոլորտ, ինչ բնապահպանական միջոցառումներ են նախատեսվում բնությանը եւ շրջակա միջավայրին պատճառվելիք վնասը մեղմացնելու համար:
Նշենք, որ ՀՕՏԾ 1-ը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի Բազմափուլային ֆինանսական գործիքի (ԲՖԳ) միջոցով: Այն իրականացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը գործադիր մարմինն է, և Երևանի քաղաքապետարանը, որը իրականացնող մարմինն է:
Նոյեմբեր 28, 2013 at 11:52