ՖԻԼՏՐԵՐԸ ՉԵ՞Ն ՕԳՆԻ

ՖԻԼՏՐԵՐԸ ՉԵ՞Ն ՕԳՆԻ

www.a1plus.am

Ալավերու պղնձաձուլարանի ծխնելույզից բարձրացող ծուխը երեւում է դեռ քաղաք չմտած:
«Վալլեքս» խմբի «Հայկական պղնձի ծրագիր» ACP ընկերությունը մոտ 3 տարի առաջ խոստացել էր 100 մետրանոց ծխնելույզի վրա տեղադրել բավականին թանկարժեք ֆիլտրեր տարիներ առաջ կոմբինատի փակման ժամանակ հանվածների փոխարեն:  

Այսօր այդ ֆիլտրերը տեղադրված չեն ու հայտնի չէ` կտեղադրվե՞ն, թե ոչ: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ ֆիլտրերը կամ զտիչները մոնտաժված են, պատրաստ են գործարկման, բայց չեն տեղադրվել: Դրանց տեղադրմամբ, ըստ նրա` բնապահպանական էական խնդիր լուծել ինքնին հնարավոր չէ. արտանետվող գազերում առկա ծծմբային անհիդրիդը, որն էլ հենց բնապահպանական խնդիրներ հարուցող ազդանյութն է, ֆիլտրել հնարավոր չէ:

«Ֆիլտրերն իմաստ կունենան այն ժամանակ, երբ պղնձաձուլարանը կսկսեր ծծմբական թթվի արտադրություն, եւ դրա համար անհրաժեշտ կլինի մաքրված ծծմբական անհիդրիդ պարունակող գազ: Այս դեպքում ֆիլտրերն այն կմաքրեին, կմատակարարեին արտադրամասին: Մինչդեռ հիմա արտանետումների մեջ առկա փոշու այն քանակությունը, որը հնարավոր է որսալ ֆիլտրով, բնապահպանական լուրջ մտահոգությունների խնդիր չէ»,-  ասում է Վահրամ Ավագյանը:

Պարոն Ավագյանի խոսքերից պարզ դարձավ, որ այսօր նման արտադրամասի կառուցումը թե տնտեսապես, թե տեխնիկապես նպատակահարմար չէ: Դրա համար նա բերեց մի շարք ծանրակշիռ փաստարկներ: Նախ նա նշեց, որ արտադրամասի կառուցման համար անհրաժեշտ է ծծմբային գազերի կայուն մատակարարում, պղնձի հումքի արտադրության որոշակի ծավալներ, որոնք Հայաստանում այս պահին հնարավոր չեն: Բացի այդ, հայաստանյան փոքրածավալ շուկայում եզակի բնույթ ունեցող ծծմբային արտադրանքն իրացնել այս պահին հնարավոր չէ: Ինչ վերաբերում է համաշխարհային շուկային, այստեղ դրա իրացումն ունի ինքնարժեքից էապես ցածր գին, եւ գործարաններն այն իրացնում են` շատ հաճախ ուղղակի դրանից ձերբազատվելու նպատակով: «Դրա համար ծծմբային արտադրանքը հնարավոր չէ կայուն արտահանել եւ իրացնել,  փնտրել տարածաշրջանի այլ շուկաներ»,- ընդգծեց Վահրամ Ավագյանը: Ի դեպ, ծծմբային անհիդրիդի արտանետումներն Ալավերդիում ավելի են, քան թույլատրելի առավելագույն չափաքանակները: 

Նշելով բոլոր այս խոչընդոտները` նա վստահեցրեց, որ իրենց ընկերությունը չի հրաժարվել խնդրի լուծման ուղիներ փնտրելուց: Դրանցից առաջնայինը նա համարեց Ալավերդու բնապահպանական բեռնաթափումը: Դրա լուծման ուղիներից մեկը եւ գործնականում միակ հնարավորը գործարանի ծխնելույզի ավելի բարձրադիր վայր տեղափոխելն է: «Սա, իհարկե, չի կարելի համարել խնդրի արմատական լուծում, քանի որ արտանետումներն իրենց ծավալով չեն փոխվի, բայց կապահովվի արտանետված գազերի առավել արդյունավետ ցրում, եւ Ալավերդիում բնապահպանական վիճակն արմատապես կփոխվի»,- վստահեցրեց Ավագյանն` ավելացնելով, որ այս պահին ծխնելույզի տեղափոխման ծրագիրը տեխնիկական-տեսական փորձաքննության, մոդելավորման փուլում է:

Հուլիս 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր