ՍՈՏՔԻ ՈՍԿՈՒ ԿՈՂՔԻՆ

ՍՈՏՔԻ ՈՍԿՈՒ ԿՈՂՔԻՆ

«ԷկոԼուր»

Սոտքը գյուղը Հայաստանի` հարուստ ընդերք ունեցող համայնքներից է: Համայնքի վարչական տարածքի 950 հեկտարը վարձակալության է տրված «GeoProMining» ընկերությանը` ի դեմս «GPM Gold» դուստր ձեռնարկության, որին պատկանում է Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման կոնցեսիան: Ընկերությունը  կոնցեսիան, ինչպես նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան գնել է 2007թ. «Vedanta Recourses» հնդկական ընկերությունից:

Վարձակալության  համար, Սոտքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանի խոսքերով, տարեկան համայնքի բյուջե է մտնում ընդամենը 180 հազար դրամ (մոտ 500 դոլլար) հողահարկ:

Գյուղում  ապրում է 936 բնակիչ: Ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Համայնքից հանքավայրում աշխատում է ընդամենը 8-10 հոգի: «Մեր հանքն է, բայց ուրիշն է ղեկավարում, բնականաբար աշխատատեղերն էլ ուրիշն է զբաղեցնում»,- ասում է Սոտք համայնքի դպրոցի ուսմասվար Սվետա Մխեյանը:

Սոտք գետը, որտեղ բազմանում են հիմնականում կողակն ու կարասը, սկիզբ է առնում հանքավայրի միջից: «Հենց հանքը աշխատում է, գետում ձուկ չկա, հանքը չի աշխատում, գետում ձուկ կա»,- ասում է Շահսուվարյանը: Աղտոտված գետի ջրերով ոռոգվում են Սոտք համայնքի դաշտերն ու այգիները: «Մենք հիմնականում ոռոգում ենք ոչ մաքուր ջրով մեր ցանքսերը, եթե էս ջուրը մաքրվի, ոչ միայն Սևանա լճի համար է լավ: Հենց կոնկրետ բնակիչների համար շատ դրական է»,- ասում է Սոտքի համայնքապետը: Իդեպ, Սոտքի  գյուղմթերքը`հիմնականում կարտոֆիլը, իրացվում է Երևանում:

Ծովի  մակարդակից 2100 մետր բարձրության վրա գտնվող համայնքում առկա է թթվածնի պակաս: Իրավիճակն ավելի է խորանում, երբ հանքավայրից քամին ոսկով, արծաթով, մկնդեղով անտիմոնով, սելենով ու պղնձով հարուստ փոշին քշում, հասցնում է համայնք, ճանապարհին նստում արոտավայրերի, դաշտավայրերի, գետի վրա վրա, մարդկանց օրգանիզմում, առաջացնում է վերին շնչառական ուղիների հիվանդություններ, ազդում է դիմադրողականության վրա: Հայտնի է, որ ծանր եւ տոքսիկ մետաղները ժամանակի ընթացքում չեն քայքայվում, այլ կուտակվում են շրջակա միջավայրում և օրգանիզմում:

Ոչ  ոք չի ուսումնասիրել, թե որքան ծանր մետաղներ են կուտակվել գյուղի տարածքում և բնակիչների օրգանիզմում: Ոչ ոք չի հաշվարկել, թե ինչ վնաս է  հասցնում հանքավայրը շրջակա միջավայրին և հատկապես Սոտք գյուղին: Եթե վնասը հաշվարկված չէ, ապա փոխհատուցում էլ ոչ մեկ չի վճարի: Գյուղացիները զրկված են իրենց համար օգտակար որևէ տեղեկատվությունից: Օրինակ` ինչպիսին է իրենց հողի, ջրի ու օդի աղտոտվածության մակարդակը: Իսկ աղտոտվածությունն օրեցօր աճում է, քանի որ ընկերությունը հանքանյութը արդյունահանում է միայն բաց եղանակով և ընդլայնում է արդյունահանման տարածքները: (Տե՛ս ֆոտոռեպորտաժը):

Պարզելու, թե արդյոք «GPM Gold» ընկերությունը պատասխանատվություն կրում է իր գործունեություն արդյունքում ստեղծված Էկոլոգասոցիալական վիճակի համար, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն պաշտոնապես դիմել է «GPM Gold» ընկերության գլխավոր տնօրեն Դիմիտրի Կալանդադձեին հետևյալ հարցերով`

* ընկերության կողմից ի՞նչ բնապահպանական միջոցառումներ են նախատեսված       իրականացնել, եւ ի՞նչ միջոցառումներ են արդեն իսկ իրականացվել
* իր գործունեության ընթացքում «GPM Gold» ընկերության կողմից պետբյուջե որքա՞ն գումար վճարվել
* որտե՞ղ են թափվում Սոտքի ոսկու հանքավայրի դատարկ ապարները, եւ       ինչպիսի՞ ապագա է նրանց սպասվում հանքի շահագործումից հետո
* քանի՞ տոննա հանքանյութ է արդյունահանվում Սոտքի ոսկու հանքավայրից,       եւ ապագայում որքանո՞վ է նախատեսվում ավելացնել հանքանյութի       արդյունահանման ծավալները
* ներկայումս որքա՞ն աշխատատեղ է ապահովում «GPM Gold» ընկերությունը և       որքա՞ն է միջին աշխատավարձը
* Սոտքի ոսկու հանքավայրում եւ Արարատի ոսկու կորզման գործարանում       կատարվե՞լ է արտադրության մոդեռնիզացում:

 Դիմիտրի Կալանդադձեն ընկերության հասարակայնության հետ կապերի  պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանի միջոցով հրաժարվեց պատասխանել   վերոնշյալ հարցերին` ասելով, որ ընկերությունը մտադիր է հասարակության հետ շփվել միայն «GPM Gold»-ի կողմից տարածված մամլո հաղորդագրությունների միջոցով:

Սեպտեմբեր 18, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր