ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի անդամներն առաջարկում են արգելել քլորֆտորածխածիններ պարունակող սառնարանների և օդորակման սարքերի ներմուծումը Հայաստան, քանի որ դրանք վնասում են օզոնային շերտին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, այս հարցը արծարծվել է կոլեգիայի նիստում, երբ քննարկվում էր մթնոլորտային օդի քաղաքականության վերաբերյալ մի շարք խնդիրների որոշման նախագծեր ՀՀ կառավարություն ներկայացնելու հարցը: Զեկուցող բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի խոսքով` 2010թ արգելվել է բուն նյութերի ներկրումը Հայաստան, իսկ որոշման ընդունումից հետո արգելվելու է նաև քլորֆտորածխածիններ պարունակող սարքերի ներկրումը: Սա բխում է Մոնրեալի արձանագրության դրույթներից: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտնել է, որ կոլեգիան տալիս է իր համաձայնությունը մշակել կառավարության որոշման նախագիծ: «Այս որոշումը անհրաժեշտ է մեր երկրի համար, քանի որ օզոնաքայքայիչ նյութերը կարող են վնասել օզոնային շերտին»,-նշել է նախարար Հարությունյանը:
Ապրիլ 05, 2013 at 18:25