Պանդեմիայի ժամանակ շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների թուլացումը հղի է լուրջ հետևանքներով. ՄԱԿ-ի փորձագետ

Պանդեմիայի ժամանակ շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների թուլացումը հղի է լուրջ հետևանքներով. ՄԱԿ-ի փորձագետ

ԷկոԼուր

Պետությունները չպետք է օգտագործեն COVID-19 պանդեմիան որպես արդարացում շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները թուլացնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով անկախ փորձագետը, հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը՝ չնշելով երկրների անունները:

«Հաշվի առնելով գլոբալ բնապահպանական ճգնաժամը, որը նախորդել է COVID-19- ին, այդ գործողություններն անպատասխանատու են և հղի են լուրջ հետևանքներով բնակչության խոցելի խմբերի համար», - նշել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցող Դեվիդ Բոյդը:

Փորձագետը մտահոգություն է հայտնել, որ նման քաղաքական որոշումները կարող են հանգեցնել շրջակա միջավայրի վիճակի վատթարացմանը և մարդու իրավունքների լայն շրջանակի խախտումների՝ ներառյալ կյանքի, առողջության, ջրի, մշակույթի, սննդի իրավունքի, ինչպես նաև առողջ միջավայրում ապրելու իրավունքի:

Գիտնականները եկել են հստակ եզրակացության, որ «օդի աղտոտվածության ավելի բարձր մակարդակ ունեցող տարածքներում բնակվող մարդիկ առավել վտանգված են վաղաժամ մահանալու COVID-19-ից»: Բացի այդ, մարդկանց վարակը և վիրուսի տարածումը կանխելու համար շատ կարևոր է մաքուր ջրի հասանելիությունը:

Մարդու իրավունքների հարցերով անկախ փորձագետը հավելել է, որ առաջացող վարակիչ հիվանդությունների մոտ երեք քառորդը կարող են կենդանիներից փոխանցվել մարդկանց, ինչպես օրինակ Էբոլան, SARS-ը, MERS-ը և այժմ էլ COVID-19-ը:

«Գիտնականները նախազգուշացնում են, որ անտառահատումը, արդյունաբերական գյուղատնտեսությունը, վայրի կենդանիների ապօրինի առևտուրը և այլ գործողություններ, որոնք հանգեցնում են շրջակա միջավայրի դեգրադացմանը և կլիմայի փոփոխությանը, մեծացնում են ապագա պանդեմիաների ռիսկը, ինչպես նաև մեծացնում են մարդու իրավունքների լուրջ խախտումների հավանականությունը», - ասել է Դեվիդ Բոյդը:

Ապրիլ 17, 2020 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր