Այս նմուշառիչներն ամեն օր լիցքավորվում են ու տեղափոխվում դիտակայաններ, այսպես ամենօրյա ռեժիմով ուսումնասիրվում է օդում ազոտի և ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի ու փոշու քանակությունը:
Թագուհի Երանոսյան (մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի լաբորատորիայի առաջատար մասնագետ) - Ըստ գունավորման՝ ինչքան մուգ է, այնքան աղտոտված է, հակառակ պարագայում նման գունավորում չէինք ստանա:
Հայաստանում օդի աղտոտվածությունը շարունակում է խնդիր մնալ: Սակայն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մասնագետները վստահեցնում են՝ այս կամ այն աղտոտիչների քանակի ժամանակ առ ժամանակ գերազանցումը վտանգավորության գծին չի հասնում:
Արփինե Գաբրիելյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ) - Հիմնականում մեր քաղաքն աղտոտված է փոշով, որը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, նաև ազոտի երկօքսիդն է գերազանցում, բայց էլի՝ ոչ հաճախակի:
Օդում ազոտի երկօքսիդի ավելացման հիմնական պատճառը մեքենաներից վառելիքի արտանետումներն են: Պատահական չէ, որ դրա տեսանելի նվազում եղել է միայն 2020 թվականին՝ կորոնավիրուսային լոքդաունի ժամանակ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրություն է իրականացնում հանրապետության 11 խոշոր քաղաքներում: Ամենաաղտոտված օդը մայրաքաղաքում է, հատկապես Կոմիտասի ու Խանջյանի շրջակայքը:
Արփինե Գաբրիելյան - Քաղաքներն էլ հիմնականում աղտոտված են փոշով, որովհետև ազոտի ու ծծմբի երկօքսիդները հաճախակի չեն գերազանցում, Հրազդան, Արարատ, Գյումրի քաղաքներում դիտվում են ավելի սահմանային կոնցենտրացիաների գերազանցումներ:
Բնապահպան Ինգա Զարաֆյանին օդի աղտոտվածությունը չի զարմացնում: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի կանաչ թոքերը կորցրել ենք, որոնցից էին նաև Նորքի անտառն ու Դալմայի այգիները: Օդի աղտոտման հիմնական պատճառներից է համարում նաև շինարարությունը կանաչապատ տարածքների հաշվին: Նա հիշեցրեց, որ Երևանի կանաչ տարածքների մեջ հաշվառվում են նաև գերեզմանոցները:
Ինգա Զարաֆյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ) - Ցույց տալու համար մենք ուրիշ բան չունենք, հասարակական նշանակության տարածքներ արդեն չունենք, բակերն էլ զավթված են:
Կորցրել ենք ոչ միայն կանաչ, այլև կապույտ թոքերը՝ ջրային տարածքները՝ շեշտում է բնապահպանը:
Մյուս կարևոր օղակը բակերն են, որոնք նախկինում կանաչապատ էին: Ինգա Զարաֆյանը վտանգավոր է համարում նաև հանքերը, որոնք միայն Երևանի տարածքում ու շրջակայքում 2 տասնյակից ավելի են: Որպես ապացույց հորդորում է անձրևի հետքերին նայել. դրանք ցեխոտ են, ինչն օդում շատ փոշու առկայության մասին է վկայում:
Ինգա Զարաֆյան - էլ չեմ ասում, որ մենք ունենք շատ ծանր ձեռնարկություն, որն Ալավերդի գործարանի, այսինքն՝ շատ ծանր արտանետում ունեցող գործարանը, որ հիմա փակ է Ալավերդիում, մոտավորապես նման տեխնոլոգիա ունենք մեր մոտ Շենգավիթում, որը ֆեռոմոլիբդեն է արտադրում:
Բնապահպանի խոսքով՝ հանքերի՝ օդ արտանետումները պետական մակարդակով չեն ուսումնասիրվում, սակայն օդի աղտոտվածությունը մարդու համար վտանգավոր է՝ քաղցկեղածին է, շնչառական և այլ առողջական խնդիրների աղբյուր է:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից չեն հերքում՝ հիմնականում օդում ուսումնասիրվում է շինարարական փոշին, բայց մարդու առողջության համար վտանգավոր են pm 2.5 տաս կոչված փոշու մանր հատիկները, բայց նախատեսվում է ձեռք բերել սարքավորում, որը նաև կուսումնասիրի օդում փոշու մանր հատիկների առկայությունը:
Հեղինակ՝ Անի Օհանյան
Մայիս 16, 2022 at 14:25