

«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2 փակուղի հասցեում ձուլման տեղամասի կառուցման համար: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել նախատեսվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հայտի երկրորդ հանրային քննարկումը նշանակված է ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում:
Ընկերությունը նախատեսվում է տեղում ջարդոններից ստանալ մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Նոր հայտով արտադրական հզորությունը նախատեսված է 900 տոննա տարեկան՝ նախկին 1800 տոննայի փոխարեն, որի հայտը մերժվեց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Երևանի քաղաքապետարանը հայտը մերժել էր՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարան ուղղված Ավան վարչական շրջան ուղղված բնակիչների բողոքները, հանրային լսման ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված ընդհանուր դժգոհությունը և բացասական կարծիքները: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացասական եզրակացություն էլ հիմնավորված էր ինչպես բնակիչների բացասական կարծիքով, այնպես էլ նրանով, որ նախատեսվող ձուլման տեղամասի և բանեցված կապարե կուտակիչների պահեստի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ, ինչպես նաև չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:
Ըստ նոր հայտի՝ երկրորդական հումքի ձուլման արտադրամասերից, որոնց արտադրողականությունը չի գերազանցում տարեկան 1000 տոննան, մոտակա բնակելի տարածքը պետք է գտնվի ոչ պակաս քան 300մ հեռավորության վրա: Նախկինում ընտրված արտադրամասի տեղանքը չէր համապատասխանում այդ պահանջին: «Նոր տարածքի ընտրության և պահանջվող սանիտարապաշտպանական գոտու ապահովման համար իրականացվել է տարածքի գեոդեզական նկարահանում: Նախնական ընտրվել է երկու նոր տարածք, որոնք մոտակա բնակելի տարածքներից գտնվում են 404,7մ և 427,75մ հեռավորությունների վրա: Երկրորդ տարբերակի սանիտարապաշտպանական գոտու սահմանները ներառում են նաև բնակելի տներ, և այս տարբերակը ընդունելի չէ: Առաջին տարբերակի ընտրության դեպքում բոլոր բնակելի վայրերը գտնվում են սանիտարապաշտպանական գոտուց դուրս, արտադրամասը գտնվում է ընդհանուր արդյունաբերական սանիտարապաշտպանական գոտու սահմաններում, որը նեռարում է նաև «Քիմիա- Դեղագործական Ֆիրմա» ԲԲԸ–ն, իսկ սանիտարապաշտպանական գոտու սահմանին՝ 300մ հեռավորության վրա, գտվում է «ՖԼԵՇ» նեֆտոբազան: «Քիմիա-Դեղագործական Ֆիրմա» ԲԲԸ արտանետման խողովակն առաջին տարբերակի տարածքից գտնվում է 176.1մ հեռավորության վրա, և արտադրամասից արտանետումները հաշվարկելիս պետքը հաշվի առնեվի գումարային էֆեկտը: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ընտրվել է առաջին տարբերակը», - նշված է հայտում:
Հայտում անդրադարձ կա «ՖԼԵՇ» նավթաբազային՝ նշելով, որ նավթաբազայում տեղադրված են 8 ռեզերվուար դիզելային վառելիքով՝ յուրաքանչյուրը 190 տոննա: «Ռեզերվուարներից տեղի է ունենում ածխաջրածինների գոլորշիացում, բոլոր արտանետվող աղտոտող նյութերն արդեն իսկ 50 մետրում գտնվում են սահմանային նորմերից մի քանի անգամ ցածր մակարդակի վրա: Դա կախված է նաև նրանից, որ արտադրամասում նախատեսվում է տեղադրել ժամանակակից սարքավորումներ։ Սակայն, հաշվի առնելով, որ 284մ հեռավորության վրա գործում է հանրապետական նարկոլոգիական կենտրոն ինստիտուտը, առաջարկում ենք սանիտարապաշտպանական գոտին սահմանափակել 200 մետրով», - նշված է հայտում:
Արտանետումների տարեկան քանակը կազմելու է 0.397 տոննա:
Ըստ հայտի՝ պղնձաջարդոնի հալման համար տեղադրվելու է ինդուկցիոն էլեկտրական վառարան, որի շահագործումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել մթնոլորտ գազերի արտանետումը:
Նախագծողները նախ նշում են, որ ձուլման տեղամասի շահագործումից արտադրական կեղտաջրեր չեն առաջանում, իսկ այնուհետև վստահեցնում՝ տեղամասի աշխատանքը կկատարվի շրջանառու ջրի համակարգով, ինչը կբացառի արտադրական ջրերի ներթափանցումը գրունտային ջրեր: «Շրջանառու համակարգերի ներդրման շնորհիվ թարմ ջրի ծախսը նվազում է մինչև 588 մ3/տարի, թարմ ջրի խնայողությունը կազմում է 58.2 հազ.մ3/տարի կամ 99%», - նշված է հայտում:
Ձեռնարկության ընդհանուր տարածքը կազմելու է 3 հեկտար: Ձուլման արտադրամասի տակ հատկացվելու է 170 մ2 մակերես գոյություն ունեցող շինությունում: Նշված է, որ լրացուցիչ նոր տարածքներ չեն խախտվում և չեն օտարվում: Տարածքը, որտեղ նախատեսվում է կազմակերպել արտադրությունը, գտնվում է արդյունաբերական գոտում:
Պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասի, չտեսակավորված ալյումինի, բրոնզի և արույրի ջարդոնները պատկանում են վտանգավորության 5-րդ դասի: Ըստ հայտի՝ ջարդոնները պետք է կուտակվեն պինդ, ոչ ջրաթափանցիկ հատակ ունեցող հրապարակում: Ալյումինի ջարդոնի վերաձուլման արդյունքում ստացվում է 1,5 տոննա խարամ, որը պատկանում է վտանգավորության 4-րդ դասի:
Նշված է, որ ձուլման տեղամասից տնտեսական վնասը հասցվում է միայն մթնոլորտ արտանետումներից. «Գործարանի շահագործման հետևանքով աղտոտող նյութերի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան ≈55.1 հազար դրամ: Ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն»:
Իր գործունեության ընթացքում ընկերությունը խոստանում է 18 նոր աշխատատեղ:
Հուլիս 22, 2022 at 13:17