Նոր մոտեցումներ մթնոլորտային օդի պահպանության համար և խստացված վարչական ու հարկային պատասխանատվություն

Նոր մոտեցումներ մթնոլորտային օդի պահպանության համար և խստացված վարչական ու հարկային պատասխանատվություն

ՀՀ կառավարությունը փոփոխեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը՝ սահմանելով մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, խստացնելով մթնոլորտային օդի աղտոտման համար վարչական և հարկային պատասխանատվությունը:

Գործադիրը հուլիսի 21-ի նիստում հավանություն տվեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական փոփոխությունների հեղինակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է:

Ներկայում մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ 1994 թ-ի հոկտեմբերի 11-ի օրենքով: Դեռևս 2015-2016թթ-ի ընթացքում ուսումնասիրվել և բացահայտվել էին օրենքում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հին նորմերի վերանայման և նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ օրենսդրական փոփոխություններով կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայում երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: 

Նախագծի ընդունումը կամրագրի մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ 

ա. մթնոլորտային օդի որակի գնահատման մասով.

«կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաև դրա որոշման մեթոդները, կիրառումն, աղտոտվածության մոնիթորինգի և վերահսկողության լիազորությունների սահմանումը,

բ. անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.

«տեխնիկական նորմատիվների» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը,

գ. շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.

 արգելքի պահանջները և դրանք կիրառելու իրավասությունները:

դ. արտանետումների հաշվառման մասով.

վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցանկի, ջերմոցային գազերի գույքագրման դրույթը:

Փոփոխություններով նախատեսված կարգերը կսահմանվեն օրենքի ընդունումից հետո մեկից երեք տարվա ընթացքում: Մինչև աղտոտման աղբյուրների արտանետման տեխնիկական նորմատիվների սահմանելը՝ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակներ են համարվում սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա որոշված արտանետման չափաքանակները:

Ըստ օրենքի նախագծի՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ մթնոլորտային օդի վիճակի, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտման աբյուրների մասին, մասնակցել մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորել դրանք, մասնակցել մթնոլորտային օդի որակի վրա վնասակար ազդեցություն ունեցող նախատեսվող տնտեսական կամ այլ գործունեության վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումներին, քննարկել մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնել դրանց բարելավման համար:

Հասարակական կազմակերպությունները ՀՀ օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան իրավունք ունեն մասնակցելու  մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:

Մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր և ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, մասնավորապես, պարտավոր են ապահովել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվառումը, ինչպես նաև սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակումը, լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար, հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները՝ ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ, իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումն, ինչպես նաև այդ արտանետումների կրճատմանը կամ բացառմանն ուղղված միջոցառումներ, ապահովել տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներից մթնոլորտային օդն աղտոտող թափոնների ժամանակին և անվտանգ հեռացումը՝ դրանց պահեստավորման կամ թաղման համար նախատեսված կամ որպես հումք օգտագործման համար  համապատասխան վայրեր:

Միևնույն փաթեթով ներկայացվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնավորման մեջ նշված է. «Օրենսգրքի գործող կարգավորումը վարչական պատասխանատվություն է նախատեսում միայն արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում կամ այլ սարքերում այրելը, մինչդեռ մթնոլորտային օդի վրա ավելի վտանգավոր ազդեցություն է ունենում դրանց այրումը թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։ Ի կատարումն Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների՝ Կոնվենցիայի կողմ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն բաց այրումը կանխարգելելու նպատակով»: 

Ըստ օրենքի նախագծի՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումն առանց արտանետման թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումն առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ կաթսայատներում կամ վառարաններում այրելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ միմյանց կհամապատասխանեցվեն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի դրույթներով սահմանված կարգավորումները, կբացառվեն իրավական հակասություններն ու թյուրըմբռնումները։ Անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ արտանետող իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց մինչև օդի պահանջվող օգտագործումը տարեկան կտրվածքով կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, չեն համարվի զրոյական և բնապահպանական հարկը չի հաշվարկվի օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի տասնապատիկի կամ քսանհինգապատիկի չափով։

«Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում և վարում, որն անհրաժեշտ է, մասնավորապես, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման, մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների համար վճարի հաշվարկի և այլ կարիքների համար, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատում է շրջակա միջավայրի նախարարությունը` համաձայնեցնելով  առողջապահության նախարարության հետ:

Այսպիսով, նախատեսվող կարգավորումներով ստացվում է, որ եթե իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց օդի պահանջվող օգտագործումը տարեկան կտրվածքով կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, ապա վերջիններիս արտանետման թույլտվություն չի տրամադրվում և վերջիններիս համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ են հանդիսանում դրանց գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները։ Վերոնշյալի արդյունքում ստացվում է, որ նշված դեպքում բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության նպատակով հարկման բազայի չափաքանակները կհամարվեն զրոյական և բնապահպանական հարկը կհաշվարկվի օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի տասնապատիկի կամ քսանհինգապատիկի չափով։ Բացի այդ, կարգավորման ենթակա է նաև չափաքանակներից ավել (եթե չափաքանակներ են հանդիսանում գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները, որոնք պետք է արտացոլվեն բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում) բնապահպանական հարկի բազմապատիկ դրույքաչափերի կիրառման հարցը», - նշված է օրինագծի հիմնավորման մեջ:

Հուլիս 26, 2022 at 11:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր