«Օդի աղտոտվածությունն էկոլոգիական և առողջապահական լուրջ սպառնալիք է». «Փաստ»

«Օդի աղտոտվածությունն էկոլոգիական և առողջապահական լուրջ սպառնալիք է». «Փաստ»

www.past.am

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատ է խոսվում օդի աղտոտվածության մասին, անգամ համապատասխան գերատեսչությունները նշել էին, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման: Քաղաքացիները ևս վերջին շրջանում դժգոհում են փոշուց, այս հարցում վիճակի վատթարացումը յուրաքանչյուրի դեպքում նկատելի է հենց իր տան օրինակով: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի հետ քննարկել ենք օդի աղտոտվածությանն առնչվող հարցեր, արդյո՞ք մեծ ծավալի հասնող շինարարությունը և կանաչ տարածքների նվազումը նպաստում է փոշու ավելացմանը:

«Երևանում օդի աղտոտվածության աղբյուր են ավտոմեքենաները, գործարանները, արտադրությունները, շինհրապարակները, ոչ մետաղական բաց հանքերը: Փոշիով մայրաքաղաքի մթնոլորտային օդն աղտոտվում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամի է լինում: Շինաշխատանքների համար պահանջը՝ պարբերաբար ջրցանում իրականացնել, երեկոյան ժամերին ընդհանրապես չի իրականացվում, քանի որ այդ ժամերին մարդիկ չեն աշխատում: Օդի աղտոտվածությունը հատկապես զգալի է նաև այն պատճառով, որ Երևանը կորցրել է իր թոքերը. Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան:

Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր: Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 քմ: Այս ցուցանիշը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 քմ է: Ներկայում տնկվող ծառերը դեռ փոքր են և չեն կարող բավականաչափ կլանել փոշին, գազերը և ապահովել մեզ անհրաժեշտ թթվածնով: Թեպետ պատկան մարմինները պարբերաբար միջոցառումներ են իրականացնում, օրինակ՝ տնտեսվարողների հետ իրազեկման միջոցառումներ, տուգանումներ, սակայն իրականացվող քայլերը բավարար չեն խնդրի կարգավորման համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ-ի փոխնախագահը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ եթե քննարկելու լինենք մայրաքաղաքում և մարզերում առկա իրավիճակը, այս առումով որտե՞ղ են խնդիրներն ավելի շատ: «Այս ամռանը դատախազությունը հանդես եկավ հաղորդմամբ՝ նշելով, որ Երևանում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարվա ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Պետք է նշեմ, որ, բացի այս քաղաքներից, մթնոլորտային օդն աղտոտված է հատկապես այն վայրերում, որտեղ խոշոր բաց հանքեր կան կամ քարի մշակման արտադրամասեր: Օրինակ՝ Քաջարան քաղաքը շնչում է մոլիբդենի փոշին: Գուգարքից ահազանգ ունենք, որ քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը»,- նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ իրականության մեջ կազմակերպվում են ծառատունկեր, այլ միջոցառումներ են իրականացվում: Բայց շատերիս համար է պարզ, որ այս խնդրի լուծման համար ավելի համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ: Այդ դեպքում ի՞նչ անել: «Պետք է գործարաններն ունենան ֆիլտրեր կամ փոշեկլանիչ սարքեր ծխնելույզների վրա, հանքերի տարածքները, շինհրապարակները պետք է պարբերաբար ջրվեն, կանաչ տարածքները պետք է ավելացվեն, ծառերի խորը էտին պետք է վերջ տրվի, վերահսկողությունը պետք է ուժեղացվի, տուգանքները խստացվեն, իրազեկման աշխատանքներ է պետք տանել, որպեսզի մարդիկ չոր տերևները, խոտերը չայրեն: Մթնոլորտային օդի աղտոտվածությունը վնասում է մեր առողջությանը, բուսական և կենդանական աշխարհին, չենք կարող այս խնդրին մատների արանքով նայել, սա լուրջ էկոլոգիական և առողջապահական սպառնալիք է, անհրաժեշտ են համակարգված, համալիր միջոցառումներ խնդրի կարգավորման համար», - եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոկտեմբեր 13, 2022 at 13:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր