Չնայած մաքուր օդ ունենալու «Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» նպատակին՝ Գյումրին դեռ փոշոտ է

Չնայած մաքուր օդ ունենալու «Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի»  նպատակին՝ Գյումրին դեռ փոշոտ է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2016թ-ից իրականացնում է իր կանաչ «Կանաչ քաղաք» ծրագիրը։ Այն միտված է Բանկի գործունեության բոլոր երկրների քաղաքներում նպաստելու քաղաքների՝ կանաչ տնտեսության անցմանը: 2019թ-ին Գյումրին ևս միացավ այս ծրագրին՝ ավագանու որոշմամբ ընդունելով «Կանաչ քաղաք գործողությունների ծրագիր»-ը։ Այս փաստաթղթով Գյումրու համար մինչև 2035թ․ տեսլական սահմանվեց. «Առողջացնել Գյումրի քաղաքի շրջակա միջավայրը և այն դարձնել առավել հարմար քաղաքացիների բնակության համար՝ օդի որակի, ջրային ռեսուրսների և հողօգտագործման բարելավման, էկոհամակարգերի պահպանման և կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման և հարմարողականության միջոցով»:

ՎԶԵԲ-ն իր «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում տրամադրել է քաղաքներին վարկեր՝ ուղղված քաղաքների կանաչ տնտեսությունների անցմանը, էկոլոգիական վիճակի բարելավմանը։ Գյումրիին այս ծրագրի շրջանակներում իրականացնում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում հիմնանորոգվել են մի շարք փողոցներ, արդիականացվել է փողոցների արտաքին լուսավորությունը։

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի, ինչպես նաև «Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» իրականացման, նախատեսված թիրախներին հասնելու մասին ԷկոԼուրը զրուցել է Գյումրիի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Գյումրու «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ ՎԶԵԲ-ի ֆինանսավորած ծրագրերը պետք է, իսկապես, կանաչ լինեն։ Բանկը պետք է ունենա իր վարկավորած ծրագրերի համար հանրային մոնիթորինգի ու  վերահսկողության ենթարկվելու բաղադրիչ։ «Օրինակ, ճանապարհները հիմնանորոգելիս, լուսավորությունն անցկացնելիս կանաչ տարածքները ոչնչացրին, ծառերի արմատները վնասվեցին, գազոնի վրա էլ շինաղբ լցվեց: Հիմա համայնքը տարիներով պետք է տանջվի, մաքրի, որ այդտեղ բույս աճի: Գյումրիում շինարարության ժամանակ ամեն ինչ քանդում, թողնում են: Բայց ճանապարհաշինությունը բնապահպանական տարրեր պետք է պարունակի, ներառի գազոններ, լինի ջրահեռացում, ջրցան մեքենաներ աշխատեն: Գյումրիում փոշու հիմնական աղբյուրը շինարարությունն է, որ կատարվում է առանց շինհրապարակի մեկուսացման»,- ասաց նա: 

Գյումրիի կանաչ քաղաք գործողությունների ծրագրով պլանավորվում է մթնոլորտային օդի փոշով աղտոտվածության նվազում։ Սակայն ծրագրի ընդունումից արդեն 5 տարի անց էլ Գյումրում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։   

Ըստ «Երրորդ բնություն» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Մխիթարյանի՝ Գյումրիում փոշու աղբյուր են մեծամասամբ չասֆալտապատացված փողոցները: «Մյուս աղբյուրը՝ Ջրմուղն է: Տարին մի քանի անգամ քանդում է, հետո չի ասֆալտապատում: Մյուս կողմից՝  քաղաքում կանաչապատ տարածքները քիչ են փոշեկլանման համար»,- նշեց նա:

Ըստ  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական Կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի՝ փոշու մյուս աղբյուրը ձմռանը սառցակալած փողոցներն ավազով լցնելն է: «Ձմռանը տոննաներով ավազ են լցնում, ինչը քաղաքով մեկ տարածվում է, ամբողջ տարին մաքրում են, չի մաքրվում»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ անհրաժեշտ են հստակ հաշվարկման մեխանիզմներ ինչպես օդի աղտոտվածության իրական պատկերը հասկանալու, այնպես էլ համայնքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների իրական մակերեսը հաշվելու համար։ Գյումրիում օդի որակի մշտադիտարկման միայն մեկ դիտակայան է գործում, որը, ըստ Գևորգ Պետրոսյանի, տեղակայված է քաղաքի ամենից կանաչապատ հատվածում: «Նույնիսկ այդ դիտակայանի չափումներով նորմայից 1-2 անգամ շատ է փոշին: Էլ չենք ասում, որ մի քանի դիտակայան լիներ։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ հաշվարկները կատարում են միջին կոնցենտրացիայով: Ցերեկը փոշին շատ է, գիշերը՝ չկա: Միջին հաշվարկով լավ է ստացվում, բայց կարող է ցերեկը նորմայից տասն անգամ բարձր լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով կանաչապատ տարածքների հաշվարկման խնդրին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ «Կանաչ քաղաք գործողությունների ծրագրում» նշված է Գյումրիում հաշվարկված մեկ շնչին հասնող 3,91 քմ կանաչապատ տարածք: Նոր տվյալներով՝ այդ ցուցանիշը 13 քմ-ից անցնում է: Բանն այն է, որ այժմ հաշվարկում բացի ընդհանուր կանաչապատ գոտուց ներառվում է  նաև քաղաքից դուրս հիմնված անտառպուրակը, մինչդեռ ընդհանուր կանաչապատ տարածքի և անտառպուրակի հաշվարկը պետք է առանձին արվի։   

Գևորգ Պետրոսյանը կարևորեց Գյումրիում կանաչապատ տարածքների իրական մոնիթորինգի իրականացումը և կանաչ տնկարկների ռեգիստր, ապա նաև զարգացման ռազմավարություն ունենալը, որ պետք է բխի քաղաքի գլխավոր հատակագծից ու քաղաքաշինական նպատակներից:

Գյումրեցիները կարևորեցին Գյումրիի շուրջ անտառտնկման իրականացումը, ինչը որոշակիորեն կմեղմի քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը: «Քաղաքի հյուսիս-արևմուտքում 1988թ. երկրաշարժից հետո հազարավոր հեկտարներ գյուղական տարածքներ էին վերցվել նոր քաղաքի կառուցման համար, սակայն փլուզում եղավ: 10-15%-ն էր միայն կառուցապատվել: Մնացած հողը մինչև հիմա ամայի վիճակում է: Նախորդ 30 տարիների ընթացքում այդ հատվածները կտոր-կտոր տրվել են տարբեր օբյեկտների կառուցման համար: Մինչդեռ այդտեղ կարելի է անտառաշերտ հիմնել, ինչը կպաշտպանի քաղաքը նաև քամիներից»,- ասաց Ռաֆայել Մխիթարյանը: 

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ կարելի է կանաչապատել նաև Ախուրյան գետի՝ մինչև Արփի լիճ ընկած հատվածի գետափնյա երկու հատվածները: 

Հաջորդիվ կներկայացնենք Գյումրու քաղաքապետարանի պատասխանը Գյումրու «Կանաչ քաղաք գործողությունների ծրագրով» սահմանված թիրախներին հասնելու ուղղությամբ։ 

Մայիս 31, 2024 at 18:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր