Նորակառույց ծխատարը չի լուծում Ալավերդու էկոլոգիական խնդիրները

Նորակառույց ծխատարը չի լուծում Ալավերդու էկոլոգիական խնդիրները

Մարիաննա Պեպանյան, www.azatutyun.am

Ալավերդու պղնձաձուլական գործարանի վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով գործարանի հին ծխնելույզը փոխարինվել է նորով, ինչը, սակայն, բնապահպանների համոզմամբ, չի լուծում էկոլոգիական խնդիրները:

Նոր ծխատարը նախկինից 300 մետրով բարձր է: Ակնկալվում է, որ դա մոտ 10 անգամ կնվազեցնի վնասակար արտանետումները մթնոլորտ:

Ալավերդու էկոլոգիական խնդիրների լուծման մի քանի տարբերակներից APC ընկերության ընտրել է ժամանակավոր նոր ձխնելույզի կառուցումը:

«Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը սեպտեմբերի 22-ին հայտարարեց, որ մի քանի տարուց սկսելու են ծծմբաթթվի արտադրամասի շինարարությունը, ինչը կտրուկ կնվազեցնի վնասակար արտանետումները, քանի որ դրանցից որսված խիստ վտանգավոր ծծմբային անհիդրիդից կարտադրվի ծծմբական թթու:

«Ծծմբաթթվի արտադրամասն էլ լինելու ժամանակավոր, որովհետեւ, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում կառուցել ժամանակակից արտադրություն, պետք է լուծենք մի քանի հարց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեջլումյանը` շարունակելով. - «Առաջին հերթին ծնել եւ զարգացնել է պետք շուկան: Ուղղություններից մեկն է` այդ ծծմբաթթուն օգտագործել նույն լեռնահանքային ասպարեզում` վերամշակելով օքսիդացած հանքաքարը»:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ նոր ծխատարի կառուցումը թեեւ կնվազեցնի վնասակար արտանետումների քանակը Ալավերդի քաղաքում, սակայն կվնասի հարակից բնակավայրերն ու անտառները. - «Պետք է հաշվի առնենք, որ այդ տոքսիկ նյութերը հենց այնպես չեն կորչում: Դրանք, խողովակի բարձրության դեպքում, կարող են հասնել մոտակա բնակավայրերը»:

Սանասարյանը «ծանր ու անհանգստացնող» որակեց մարզի էկոլոգիական ընդհանուր վիճակը` դրանում մեղադրելով պետական պաշտոնյաներին:

«Ալավերդի քաղաքում տիրող էկոլոգիական աղետի գլխավոր պատասխանատուները ոչ թե արդյունահանողներն են, այլ այն մարդիկ, ովքեր տալիս են թույլտվություն, եւ նրանք, ովքեր սահմանադրորեն երաշխավոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի ապահովության», - հայտարարեց նա:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի գրեթե 100 տոկոսը քաղցկեղածին ծծմբի երկօքսիդն է, որի տարեկան արտանետումները մոտ 11 անգամ գերազանցում են սահմանային թույլատրելի նորման:

Սեպտեմբեր 26, 2011 at 02:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր